Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում Գերմանիայից ժամանած բժիշկները կատարում են անվճար հետազոտություններ:
Ֆուադ Զայդան ասել է, որ ինքը շատ է սիրում ճամփորդել: Որպես բժիշկ՝ իրեն հետաքրքրում է, թե տարբեր երկրներում բժիշկներն ի՞նչ ստանդարտերով են իրականացնում իրենց բուժումը:
«Գալով Արցախ՝ ես ցանկացա տեսնել՝ ինչ պայմաններում են աշխատում բժիշկները և հատկապես աչքի խնդիր ունեցողների մոտ ի՞նչ բարդույթներ կան,- նշել է Ֆուադ Զայդան և ավելացրել,- Հանրապետական հիվանդանոցում կան նորագույն ու ժամանակակից սարքավորումներ, որոնք հեշտացնում են բժշկի աշխատանքը»:
Պաղեստինում ծնված բժիշկն ընդգծել է, որ արդեն երկու օր է, ինչ ինքը հետազոտում է ամենատարբեր խնդիրներ ունեցող հիվանդների:
Իսկ բժշկական գիտությունների դոկտոր, գինեկոլոգ և հոգեթերապևտ Աննեմարի Բրաուն էլ ասել է, որ ինքը հիացած է կլինիկայի ժամանակակից հնարավորություններով ու բժիշկների պատրաստակամությամբ: Նա ցանկություն է հայտնել Արցախում ունենալու այլընտրանքային բժշկություն, որի ժամանակ բուժումը չի իրականացվի քիմիական մեթոդներով:
Բժիշկ Բրաունը արդեն հինգ անգամ եղել է Արցախում. ամեն անգամ այստեղ գալով՝ նա նոր փոփոխություններ է տեսնում:
Նշենք նաև, որ բժիշկներն Արցախ էին այցելել գերմանաբնակ դոկտորանտ Մանուշակ Մարկոսյանի հետ: Մեզ հետ զրույցում վերջինս ասել է. «Ես տարիներ ի վեր ապրում և աշխատում եմ Գերմանիայում ու կատարում գիտահետազոտական աշխատանքներ: Ամեն անգամ, երբ բժիշկների հետ հանդիպումներ եմ ունենում, միշտ նրանց պատմում եմ Արցախի մասին: Ես հրավիրեցի նրանց այցելել Արցախ, և նրանք սիրով համաձայնեցին գալ ու իրենց ներդրումը բերել Արցախի առողջապահության գործին»: