«Փաստորեն ես երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից դժգոհ տարեց եմ ու բանջարեղենի տոպրակներով ծանրաբեռնված փարթամ կին, նոր նշանված աղջիկ, ում փեսացուն մեքենա ունի, բայց խառն է գործերով և առաջվա պես ամեն օր չէ, որ հասցնում է տուն ճանապարհել, նաև մաթեմատիկա և անգլերեն պարապող պզուկոտ տարիքի դիմորդ եմ կամ առավել ազատամիտ աչիկո, որ ռոք եմ լսում, Ֆեյսբուքում ըքաունթ ունեմ կամ նույնիսկ բլոգ, ուր գրում եմ տարբեր քաղաքացիական թեմաների, ասենք՝ Մաշտոցի այգու, Թեղուտի անտառների կամ մարշուտկայի վարորդի անպատկառ վարքուբարքի մասին:
Ես բանկային աշխատող եմ, միջին օղակի մենեջերներ ու քաղծառայող, որ տարբերվում եմ իմ գործնական հագուկապով, խնամված տեսքով, ձեռքիս ունեմ թղթապանակներ և դեմքի լուրջ արտահայտություն: Ես հռչակավոր «քարից հաց քամող» աշխատավոր հայ ժողովրդն եմ` քնակոլոլ առևտրական, բանվոր, ուսուցիչ, խանութպան, թղթաբանությամբ խառնված հաշվապահ, աղմկոտ ոգևորությամբ համակված ուսանող ու մեկ-մեկ էլ ես»…
Բայց ամենից շատ ես մարդ եմ, ով հետաքրքրվում է երթուղային թրաֆիքինգով: Ու լավ է, որ կա ևս մեկը, ով բացի հետաքրքրվելուց նաև սեփական տեսանկյունից ուսումնասիրել է երևույթը: Ու հաշվի առնելով այն փաստը, որ տվյալ թեմայով վերլուծության կամ դրա նման ինչ-որ բանի կարողացա հանդիպել միայն մեկի բլոգում, ով ժամանակակից գրող է կամ պարզապես երթուղայինի ուղևոր, ով գուցե կախված այն բանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները հերթափոխով` նույնպես ստանձնում է բոլոր վերը նշված անձանց հատկանիշներն ու պարտականություններն, ինչպես ես, որոշեցի անդրադառնալ այդ մեկին, երթուղայինին, բոլորին: Ու մի խոսքով`այո, Կարեն Անտաշյան եմ կարդացել:
Ասեմ, որ ամեն օր օգտվում եմ երթուղայինից ու պիտի խոստովանեմ, որ մարդկանց ուսումնասիրելու յուրօրինակ միջավայր է: Չգիտեմ ինչու, ընդհանուր հատկանիշներով նմանեցնում եմ համացանցին (գուցե համացանցային թրաֆիքինգն էլ մանրադիտակի հետ մոտիկից ծանոթանա, բայց դա թող մնա հետո). նստելով երթուղային «բացվում» է ըքաունթը, ուր արդեն դրսևորվում են համացանցային շփման բնորոշ կողմերը՝ հանդիպում ես ընկերներիդ, ընկերներիդ ընկերներին, ընկերներիդ ընկերների ընկերներին...ու լիքը անծանոթ մարդկանց, որոնցից շատերը գուցե թաքուն ցանկություն ունեն համալրել ընկերներիդ ցանկը, ոմանք էլ պարզապես «չեզոք գոտիներ» են: Ինչ վերաբերում է առաջիններին, ինչ խոսք երբեմն չափից դուրս անձնազոհությունների են գնում՝ քո փոխարեն տալով 100 դրամ ավել (չեմ սիրում էդ պահերը) կամ էլ փոխում իրենց մշտական կանգառը քոնի հետ ու բազմակետ...
Վարորդ: Մարդկային բնավորությունների ամբողջական համախմբվածք: Ով պատրաստ է մոռանալ իր վարորդ լինելու փաստը ու դառնալ ճանապարհիդ ընկերը: Այս դեպքում ամեն ինչ որոշվում է այն պահին, երբ վարորդը արդեն սկսում է ճանաչել քեզ (շահավետ կլինի, եթե տպավորվեք որպես ճշտապահ, կանգառից դուրս կանգառ չպահանջող ու բարեհամբույր անձ):
Լավ, հանգիստ թողնեմ վարորդներին ու երթուղայիններին, դրանք մանրամասն նկարագրին կարող եք ծանոթանալ Անտաշյանի «Երթուղային թրաֆիքինգ»-ում, իսկ ես կառաջարկեմ, որ «Մարշրուտկա» սոցիալական բարդ համակարգը այսուհետ դիտարկենք որպես դրական երևույթ, որը օգնում է մեզ մի փոքր կշռադատված գործելու դեպքում ճիշտ ժամանակին հասնել ցանկացած վայր` ուղևորությունը զուգորդելով մի շարք էքստրեմալ իրավիճակների հետ, որոնց իմ կարծիքով արդեն ծանոթ եք, ու կարիք չկա անդրադառնալու:
Ընդհանուր թեմայի շուրջ հետաքրքրությունը ստիպեց ընթերցել Անտաշյանի մի քանի այլ գործ ևս՝ «Սերը ծիրանի ժամանակ», «Երևանի ժամանակով», «Հեքիաթ կանաչ ոգիների մասին» ու ...պոեզիա:
Կարծում եմ՝ լավ է, երբ մարդ փորձում է ստեղծել հնարավորություններ իր անձը ներկայացնելու համար ու ավելի լավ է, երբ փորձը հաջողվում կամ գրեթե հաջողվում է:
Կարեն Անտաշյան վերջի համար միայն կասեմ, որ այսուհետ երթուղայիով երթևեկելու եմ միայն կանգնած, քանի որ ես երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից դժգոհ տարեց չեմ ու ոչ էլ բանջարեղենի տոպրակներով ծանրաբեռնված փարթամ կին, նոր նշանված էլ չեմ ու բանվոր, ուսուցիչ, խանութպան...: Մեղավոր եք:
Թամարա Ստեփանյան