[1] Տարբեր առիթներով գրել եմ, որ Հայաստան տեղանունը ոչ թե ուշ ծագում ունի, այլ հին է ու վկայված է հենց ոսկեդարյան փուլից։ Այդուհանդերձ, այս հարցին ավելի հանգամանալից անդրադառնալու կարիքը կա, քանի որ.
ա) մեր այս տեղանվան ծագման հարցը չի դադարում ուշադրության կենտրոն լինելուց. 
բ) պրն Բագրատյանն իր աղմկահարույց գրառումից հետո «Ուրվագիծ» նախագծի հարցազրույցում էլ պնդեց, թե «Հայաստան»-ը բոլորովին վերջերս է հայտնվել. 
գ) Բագրատյանը միակը չէ. նման կարծիք արտահայտել է նաև, օրինակ, Ռոբերտ Սահակյանցը`տարիներ առաջ։

Նրանք, ովքեր ժամանակ կամ հավես չունեն ողջ գրառումս կարդալու, կարող են կարդալ վերջը՝ ԱՄՓՈՓՈՒՄ-ը։

[2] Բայց մինչև բուն նյութին անցնելը երկու կարևոր հանգամանք ընդգծեմ.
1) Ես ինքս խիստ անհամաձայն եմ պրն Բագրատյանի՝ լեզվական հարցերին առնչվող տեսակետների մեծ մասին։ Այդուհանդերձ՝ ծայրահեղ դատապարտելի եմ համարում նրա հասցեին անընդհատ հնչող անձնական վիրավորանքներն ու հայհոյանքները։ Դա խուժանություն է։ Մարդը տեսակետներ է հայտնում ու ոչ մեկին անձնական վիրավորանք չի հասցնում. ասելիք ունեք՝ քննարկեք։
2) Ինչ վերաբերում է պրն Բագրատյանի՝ «Հայաստան»-ն «Արմենիա» վերանվանելու առաջարկին, ապա ես սա համարում եմ նրա տեսակետներից ամենավատն ու ամենաանընդունելին։ Ու այստեղ սկզբունքորեն կապ չունի՝ «Հայաստան»-ը ոսկեդարյան փուլից է գալիս, թե համեմատաբար նոր ձև է։ Փաստն այն է, որ այն վաղուց անդառնալիորեն ամրագրվել է որպես մեր երկրի մեր անվանումը և փոփոխման ենթակա չէ։

[3] Հասկանալի է, որ մենք մեր երկիրը հնուց գոյականաբար կոչել ենք «Հայք»։ Բայց դրա կողքին հենց 5-րդ դարից էլ վկայված է նաև «Հայաստան»-ը։ Ճիշտ է, նախապես այն հիմնականում ածականական իմաստ է ունեցել՝ «Հայաստան աշխարհ» ևն։ Բայց դա կապ չունի. վկայված է։ Ու 5-րդ դարում կողք-կողքի կան «Հայոց աշխարհ» և «Հայաստան աշխարհ»։ Համ էլ հենց գոյականաբար՝ հավաքական իմաստով, էլի 5-րդ դարից ունենք ՀԱՅԱՍՏԱՆ-Ի-Ք և ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅ-Ք (ու նույնիսկ, կարծես, ՀԱՅԱՍՏԱՆ-Ք). այդ մասին՝ քիչ անց։

[4] «ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ»-ը վկայված է հետևյալ աղբյուրներում. 
● Ագաթանգեղոս §§ 13 (ի Հայաստան աշխարհէս), 16 (Հայաստան աշխարհիս 2x, ի Հայաստան աշխարհիս), 35 (Հայաստան աշխարհին), 160 (Հայաստան աշխարհիս), 249 (Հայաստան աշխարհիս), 715 (Հայաստան աշխարհիս), 776 (Հայաստան աշխարհին), 784 (Հայաստան աշխարհին), 796 (ի մէջ Հայաստան աշխարհի), 808 (հասանէին ի Հայաստան աշխարհն)։ Տես քննական բնագիր1909=1980. այլև հնագույն` կրկնագիր (պալիմփսեստ) ձեռագրի տեքստում, տես Գալէմքերեան // «Հուշարձան», Վիեննա, էջ 86 և այլն:
● Փաւստոս Բուզանդ 1883=1984, էջ 1 (Հայաստան աշխարհին). տես և ստորև։
● Ղազար Փարպեցի 1904=1985, էջ 2 (Հայաստան աշխարհիս), 110 (կանայս ի Հայաստան աշխարհիս):
● Կորիւն 1994, էջ 83 (Հայաստան աշխարհի), 93 (Հայաստան աշխարհին), 103 (ի Հայաստան աշխարհին), 120 (ի Հայաստան աշխարհէս)։

[5] «ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐ»-ը վկայված է հետևյալ աղբյուրներում. 
● Ագաթանգեղոս § 885 (ի Հայաստան երկրին):
● Փաւստոս Բուզանդ 1883=1984, 4.բ, էջ 56 (Հայաստան երկրին)։
● Սեբէոս պատմիչը (տես Աբգարյան 1979) ունի ոչ միայն Հայաստան աշխարհ կամ երկիր, այլև Հայաստանեայք (տես ստորև):

[6] Երբեմն միավորվում են «երկիր»-ն ու «աշխարհ»-ը. Ագաթանգեղոս § 209 (հասին յերկիր Հայաստան աշխարհիս), Փաւստոս Բուզանդ 3.զ, էջ 13 (աշխարհին Հայաստան երկրին)։ 
Հետաքրքիր է նաև, որ Ագաթանգեղոսի § 161-ում «ի մէջ աշխարհին Հայոց»-ի փոխարեն որոշ ձեռագրեր ունեն «ի Հա[յ]աստան երկրին»։

[7] «ՀԱՅԱՍՏԱՆ ԱԶԳ».
● Կորիւն 1994, էջ 93 (Հայաստան ազգին)։

[8] Ասացի, որ սրանք ածականական ձևեր են։ Մաքուր գոյականական «Հայաստան» ձևը հնուց չունենք։ Բայց փոխարենը ունենք *Հայաստանի-ք ձևը, հմմտ. սեռ.-տր. Հայաստանե-ա-ց. 
● Փաւստոս Բուզանդ 3.ժդ, էջ 32 (ի մայր եկեղեցեացն ամենայն Հայաստանեաց). 
● Կորիւն 1994, էջ 124 (վասն Հայաստանեաց)։
◊ Ունենք նաև գործ. հոլով Հայաստանեաւք, օրինակ՝ Սեբէոս ը (տես Աբգարյան 1979, էջ 67):

[9] Կա նաև հավաքական ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅ-Ք (սեռ. հոլ. -Ց) ձևը. 
● Մովսէս Խորենացի 1.ա (զՀայաստանեայցս նախարարութիւնս), 1.գ (առ հինսն Հայաստանեայցս), 1.ժբ (նախնի Հայաստանեայց), 3.ժ (հանդերձ ամենայն Հայաստանեայցս զօրու), 3.կը (եկեղեցի Հայաստանեայց), տես 1913=1991, էջ 7, 11, 42, 268, 358։
● Սեբէոս ը, ժը (սեռ. Հայաստանեայց, բացառ. ի Հայաստանեայց), տես Աբգարյան 1979, էջ 66, 90:

[10] Եվ վերջապես, կարծես ունենք նաև ՀԱՅԱՍՏԱՆ-Ք (!), հմմտ. գործ. հոլ.՝ ամենայն Հայաստանօք (Մովսէս Խորենացի 2.ձե, էջ 230):

[11] ► Այս և մյուս վկայությունները կարող եք տեսնել ոչ միայն արդեն նշածս աղբյուրներում, այլև՝ ՆՀԲ 1, 30; Hübschmann 1904, 443  Հիւբշման 1907, 367); Martirosyan 2010, 382:

[12] Հիմա -(Ա)ՍՏԱՆ ածանցի մասին։ Այն հանդիպում է մի շարք կազմություններում, որոնք կարող են ամբողջությամբ փոխառված լինել իրանականից, օրինակ՝ ապաստան, բուրաստան (նաև բրբռ. բոստան) դատաստան, շահ(ա)ստան, սակստան։

[13] Բայց այն հանդիպում է նաև բնիկ հայկական ծագման արմատների հետ, օրինակ՝ այգեստան, անդաստան։ Անկախ արմատների ծագումից, կարող են հայակազմ լինել և սրանք՝ արմաւաստան, գերդաստան, կուսաստան, մուրտաստան։ Տեղանուններից հիշենք՝ Ասորեստան, Հրէաստան և այլն։ Մանրամասն տես Olsen 1999, 332-334: Այս ածանցը բեղուն կյանք ունի նաև միջին հայերենում ու բարբառներում՝ որպես հոգնակի կամ հավաքական կերտող մասնիկ։ Այս մասին մանրամասն տես J. Weitenberg. 1997. Armenian plurals in stan. In: Acta Orientalia Academiae Scientiarum Hungaricae (Budapest), 50, 1-3: 329 336:

[14] Այս հայկական ածանցը համարվում է իրանական փոխառություն, հմմտ. ավեստ. stāna- ‘տեղ’, սանս. sthā́na- n. ‘կայան, տեղ’ (‘Aufenthalt, Standort’)։ Տես Hübschmann 1904, 380  Հիւբշման 1907, 274-275); ՀԱԲ s.vv.; Olsen 1999, 332; Ջահուկյան 2010, 799:

[15] Կասկածից վեր է, որ հայերենն իրանական լեզուներից փոխառել է հազարից ավելի արմատներ, որոնցից շատերն ամրագույն ձևով յուրացվել են մեր լեզվի կողմից ու դարձել են նրա անքակտելի մասնիկները։ Բայց քանի որ ինչպես հայերենը, այնպես էլ իրանական լեզուները սերում են նույն մայր լեզվից՝ հնդեվրոպական նախալեզվից, ապա հաճախ հարց է առաջանում՝ ինչպե՞ս որոշենք՝ իրանական զուգահեռ ունեցող որևէ հայերեն բառ ի՞նչ հարաբերություն ունի այդ զուգահեռի հետ։

Կա երկու հնարավորություն՝ հայերենը կամ բնիկ է (այսինքն՝ իրանական քույր ձևի հետ միասին սերում է մայր լեզվից), կամ էլ փոխառված է իրանականից։ Հարցը լուծվում է, բնականաբար, լեզվաբանական քննությամբ։ Ակնհայտ է, օրինակ, որ հայերեն ԿՈՎ և *ԳԱՒ (վերջինս՝ «գաւազան» բառի կազմում) ձևերը սերում են հնդեվրոպական նույն արմատից, բայց ԿՈՎ-ը ժառանգել ենք բնիկ ճանապարհով, իսկ *ԳԱՒ-ը փոխառել ենք նույն արմատի իրանական ժառանգից։ Հմմտ. նաև հնդեվր. *u̯e/orĝ- արմատից՝ ԳՈՐԾ (բնիկ հայկական) և ՎԱՐԺ/Դ/Ձ (իրանական փոխառություններ)։ Այս հարցերի մասին գրել եմ «Հայոց լեզվի պատմություն» առցանց դասընթացիս 1-ին նիշքում՝ «Նախագիտելիք» (տես ակադեմիա.էդու կայքում):

[16] Սակայն որոշ դեպքերում դժվար է բառի կերպարանքից դատելով որոշել՝ բնիկ է, թե փոխառյալ։ Հմմտ., օրինակ, ՄԷԳ և ՆԱՒ հայտնի օրինակները։ Ըստ էության՝ այդպիսին է նաև, կարծում եմ, -ստան ածանցի դեպքը։ Իրանական *stāna-ն սերում է հնդեվրոպական *stā(m)n- տիպի (պարզ ձևով եմ գրում) նախաձևից (հմմտ. Mayrhofer EWAia 2, 1996, 764-766; Olsen 1999, 332 ծնթ. 286; Ջահուկյան 2010, 799): Ու դրանից հայերենում կստացվեր նույն «-ստան» ձևը ինչպես բնիկ ճանապարհով, այնպես էլ՝ փոխառությամբ։

[17] Ես, իհարկե, այս գրառմամբ չեմ հավակնում ածանցի հարցը լուծելու և իրանական փոխառության ընդունված դրույթը հերքելու։ Դրա համար անհրաժեշտ է առանձին ու հանգամանալից ուսումնասիրություն։ Այս նախնական ու հետախուզական ակնարկով միայն ուզում եմ ասել հետևյալը։ Հայերենը հնդիրանական լեզուների հետ ունի բառային բազմաթիվ զուգաբանություններ (մանրամասն տես նույն կայքում իմ 2013-ի հոդվածը՝ «The place of Armenian…»): Տեսականորեն անհնար չէ, որ հնդեվրոպական միևնույն *stā- *steh2-) ‘կանգնել, կայանել’ բայարմատից հայերենն ու հնդիրանական դուստր ճյուղերը (թերևս միասին) զարգացրած լինեն *stā(m)nV- կազմությունը՝ ‘կայանատեղ, բնակատեղ’ իմաստով։ Հետագայում՝ իրանական ազդեցության փուլում, այդ հայկական ժառանգը կարող էր ձուլվել իրանական փոխառություններում հանդիպող -ՍՏԱՆ-ին ու դառնալ է՛լ ավելի բեղուն։ Այդպիսի հետաքրքիր ու ցայտուն օրինակ է հայերեն *Հ(ՈՒ)- նախածանցը, որ իրանական *hu-ի հետ միասին սերում է հնդեվրոպական *su-ից և հանդիպում է ինչպես բնիկ բառերում (հմմտ. հ-լու, հ-մուտ), այնպես էլ իրանական փոխառություններում (հ-զաւր, հ-պարտ և այլն):

[18] Պրն Բագրատյանը նշածս հարցազրույցում (31:31) ասում է. «Հայաստան»-ը գեղեցիկ չի»։ Ու դա փորձում է հիմնավորել «-ստան» բաղադրիչի պարսկական ծագմամբ։ Ապա 34:32-ում. «Ի վերջո՝ «Հայաստան» անվանումը, հենց էդ ձևով, բոլորովին վերջերս ա հայտնվել։ Մինչև էդ ավելի շատ օգտագործվել ա միջնադարում «Հայք»»։ Ու ապա՝ որ այդ «-ստան»-ի պատճառով «Հայաստան» անվանումն ինչ-որ մեկին իսլամական տպավորություն է տալիս։

Սակայն վերն արդեն տեսանք, որ դա սխալ է. «Հայաստան» տարբերակը ոսկեդարյան է, ոչ թե բոլորովին վերջերս ծագած ձև։ Ինչ վերաբերում է ածանցի ծագմանը, ապա դա բացարձակապես պատճառ չի լեզվական իրողությունից հրաժարվելու։ Անկախ այդ հարցից, «Հայաստան»-ը բազմիցս վկայված է ոսկեդարյան գրաբարից և այժմ էլ իր հարազատությամբ ու ամրությամբ անփոխարինելի է։ (Էլ չեմ էլ ասում, որ, ինչպես փորձեցի ցույց տալ, «-ստան» ածանցը տեսականորեն կարող է նույնիսկ բնիկ հայկական ծագում ունենալ կամ՝ ձուլված լինել դրա հին ժառանգին. բայց էլի եմ ասում, ծագումը մեր քննած հիմնահարցի համար վճռորոշ չէ)։ Ու «Հայաստան» տեղանունը հարազատ ու սիրուն է անկախ նրանից, որ ինչ-որ մեկին այն կարող է իսլամական տպավորություն տալ։

ԱՄՓՈՓՈՒՄ
 Դեռևս մեր մատենագրության հնագույն՝ ոսկեդարյան փուլից, ՀԱՅ-Ք գոյականական անվան կողքին բազմիցս վկայված է ՀԱՅԱՍՏԱՆ ածականը՝ «Հայաստան աշխարհ», «Հայաստան երկիր» և «Հայաստան ազգ»։ Բացի այդ, հենց գոյականաբար էլ այն գտնում ենք հավաքական կազմություններում՝ ՀԱՅԱՍՏԱՆ-Ի-Ք և ՀԱՅԱՍՏԱՆ-ԵԱՅ-Ք (ու նույնիսկ՝ ՀԱՅԱՍՏԱՆ-Ք)։ 
 Հայերեն -ստան ածանցը հավանաբար իրանական ծագում ունի։ Սակայն. ա) նման հարցերում ծագումը կապ չունի. բ) չի բացառվում, որ հայերեն -ստան-ը ոչ թե փոխառվել է իրանական *stāna-ից, այլ արտացոլում է վերջինիս բնիկ հայկական ցեղակիցը կամ հետագայում ձուլվել է նրա հետ (սա նախնական շատ զգուշավոր դիտարկում է):
 Ծագումը պատճառ չի, որ այս կամ այն բառը սիրուն կամ տգեղ թվա։ Մի՞թե տգեղ են, ասենք, ազատ, աշխարհ, արուսեակ, բախտ, բոյր, գոյն, երանգ, զմրուխտ, կախարդ, հրապոյր, մանուշակ, յաւիտեան, նուագ և մյուս բազում բառերը, որ իրանական փոխառություններ են։
 Գոյություն ունի լեզվական ավանդույթ։ Ըստ այլ լեզուների ավանդույթների՝ մեր երկիրը կոչվում է ԱՐՄԵՆԻԱ։ Բայց դա ի՞նչ կապ ունի մե՛ր լեզվի ավանդույթի հետ. վերջինիս համաձայն՝ մենք մեր երկիրը կոչում (և կոչել) ենք ՀԱՅԱՍՏԱՆ։ 
► Այսպիսով՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ը մեր երկրի դարավոր, չքնաղ ու հարազատ անվանումն է, և այս հարցը ոչ մի կերպ վերանայման ենթակա չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել