Ադրբեջանը փորձում է «մեկուսացնել» ՀՀ–ն Իրանից
Իրանական մերձկասպյան Աստարա քաղաքն`ադրբեջանական նույնանուն քաղաքի հետ կապող երկաթգիծը շահագործման կհանձնվի վեց ամվա ընթացքում։ Այդ մասին հայտարարել է Իրանի երկաթգծերի ղեկավարի տեղակալ Նուրոլա Բիրանվանդը, փոխանցում է ILNA–ն։
Նա նշել է, որ առաջին բեռն ուղարկվելու է մուլտիմոդալ փոխադրումների միջոցով։
Իրանն Երևանին, Թբիլիսիին, Բաքվին առաջարկել է ստեղծել տրանսպորտային միջանցք։Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Վրաստանով, Հայաստանով և Ադրբեջանով անցնող տրանսպորտային միջանցքի ստեղծումը կնպաստի ժողովուրդների մտերմությանը: Այս մասին Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը:
«Նման միջանցքի ստեղծմանը պետք է անպայման մասնակցեն Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը և Հայաստանը»,-ասել է իրանցի նախարարը Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո:
Իրանի այս դիրքորոշումը խոսում է այն մասին, որ Թեհրանը ցանկանում է հավասարազոր հարաբերություններ պահպանել Ադրբեջանի ու ՀՀ–ի հետ ունենալով Սև ծով դուրս գալու դիվերսիֆիկացված ուղղություններ «Հյուսիս–Հարավով» Հայաստանի տարածքով, ինչպես նաև Իրան–Ադրբեջան–Վրաստան–Սև ծով ուղղությամբ հարևան Ադրբեջանի տարածքով։
Սակայն Բաքուն մտահոգված է հայ–իրանական և հայ–վրացական տրանսպորտային, էներգետիկ ընդհանուր ծրագրերով, քանի որ դա չեզոքացնում է Բաքվի ՀՀ–ը տարածաշրջանում մեկուսացնելու տնտեսական, քաղաքական էֆեկտը։
Թբիլիսիից ու Թեհրանից շարունակ հնչում են հայտարարություններ, որ նրանք հետաքրքրված են Պարսից ծոց-Սև ծով միջանցքին նոր շունչ հաղորդելու մեջ Հայաստանն այս պարագայում դառնում է տարանցիկ միջանցք Իրանի ու Վրաստանի համար։
Ադրբեջանի ՀՀ-ը տարածաշրջանում մեկուսացնելու պլանները ձախողվում են։ ՀՀ-ը Վրաստանի ու Իրանի հետ ունի քաղաքական բարձր մակարդակի համագործակցություն ու կողմերը պատրաստ են ձեռնարկել եռակողմ տնտեսական, էներգետիկ և այլ նախագծեր։ ՀՀ-ն ուղղակի պետք է ավելի մեծ ֆինանսական միջոցներ ներդնի նույն «Հյուսիս-Հարավի» կյանքի կոչման, ինչպես նաև ներդրումային բարենպաստ պայմաններ ստեղծի ազատ տնտեսական գոտիներում հարևան Վրաստանի ու Իրանի ներդրումները ներգրավելու համար։
Ինչ վերաբերվում է Բաքվի հնարավոր քայլերին, ապա Ադրբեջանը կարող է ավելի բարենպաստ պայմաններ տրամադրել իրանցի բեռնափոխադրողներին, ինչպես նաև արտոնյալ պայմաններ տրամադրել իրանական ապրանքներին, որոնք կտարանցվեն Իրանից դեպի Վրաստան, ինչպես նաև Վրաստանից դեպի Իրան–Պարսից ծոց ադրբեջանական տարածքով։
Դա կարող է արվելհայ–իրանական տարանցման միջանցքն տնտեսական առումով ոչ շահավետ դարձնելու համար իրանցի և վրացի բիզնեսմենները, հատկապես փոխադրողները կարող են հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանով տարանցումը կունենա լրացուցիչ ծախսեր ենթակառուցվածքների որակի, «Հյուսիս–Հարավի» անավարտ լինելու և Սյունիքի ռելիեֆի պատճառով։
ՀՀ–ը նույնպես պետք է իրանական և վրացական փոխադրողների համար ստեղծի առավելագույն նպաստավոր պայմաններ փոխադրման դյուրացման, ճանապարհների որակի բարձրացման համար Ադրբեջանի հետ «տրանսպորտային» մրցակցությանը դիմակայելու համար։