Երբ Մարդը դեռ փոքր էր, տատիկը միշտ ասում էր նրան. «Թոռնիկս, երբ կմեծանաս, և քո հոգում միայն թախիծ լինի, գնա եկեղեցի և քո հոգին կթեթևանա»: Մեծացավ Մարդը: Նրա համար ապրելը սկսեց անտանելի դառնալ, այդ ժամանակ նա հիշեց տատիկի խոսքերը և գնաց եկեղեցի:
Այնտեղ նրան է մոտենում մի կին և ասում. «Ձեռքերն այդպես չի կարելի պահել»:
Երկրորդն է գալիս. «Ճիշտ տեղում չես կանգնել»:
Երրորդն է գոռում. «Ճիշտ չես հագնված»:
Եվ այդ պահին գալիս է մեկը և խորհուրդ տալիս. «Ավելի լավ կլինի՝ հիմա դուրս գաք այստեղից, գնեք գիրք, որը ձեզ կսովորեցնի, թե ինչպես է պետք պահել եկեղեցում, այնուհետև վերադառնաք այստեղ»:
Դուրս եկավ մարդը եկեղեցուց, նստեց և սկսեց աղիողորմ լացել: Եվ լսեց ձայն.
-Ինչո՞ւ ես լացում, որդիս:
Մարդը բարձրացրեց գլուխը և տեսավ Աստծուն: Այդ ժամանակ մարդը ասաց.
-Տեր, ինձ եկեղեցի չեն թողնում:
Մարդուն գրկելով` Աստված ասաց.
-Մի լացիր, նրանք ինձ էլ վաղուց եկեղեցի չեն թողնում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել