Այս անգամ «Նորաձևության ոստիկանություն» էջ բերման ենթարկեցինք տոնական զգեստներով հայտնիներին, որոնց քննեցինք ինքնատիպ կոշիկների դիզայներ Մամիկ Մալխասյանի հետ: Վերջինս առանձին դեպքերում նաև հագուստի մոդելավորմամբ է զբաղվում: Նկարները նայելիս Մամիկը մի քանի անգամ ճշտեց` իրեն իսկապե՞ս «աստղերի» լուսանկարներ ենք ցույց տալիս: Դիզայները որոշ հայտնիների ճանաչում էր ոտքերից, ձեռքերից… Ամեն ինչ անում էր, որ հասկանա`լուսանկարում ով է, թեև դա նրան ոչ միշտ էր հաջողվում:
Մամիկը դժգոհում էր, որ դժվար է քննել մարդու ոճը, երբ չես տեսնում նրա դեմքը: Նա փորձում էր մեղմ լինել, քանի որ, իր համոզմամբ, չի կարելի աղջկան խարազանել` հայը հային պետք է սիրի, բացի դրանից, ինչպես ինքն ասաց, սա այն դեպքն է, երբ ինքն իր հացին «վայիս» է լինում: Այնուամենայնիվ, նրա դեմքի արտահայտությունն ու ժեստերը մատնում էին հիասթափությունը: Երբեմն էլ երկու կարծիք էր արտահայտում միևնույն զգեստի մասին, նման դեպքերում արձանագրել ենք երկուսն էլ:

1. Նազոն է (նկատի ունի Նազենի Հովհաննիսյանին, ում, ի դեպ, ձեռքերից ճանաչեց -հեղ.): Շատ ազատ զգեստ է, ճիշտ է, որ մազերը թափված են: Շատ ճիշտ է հագնված, իրեն պետք չէ հագնվել սովորեցնել: Նրա վրա թերություն գտնելը մեղք կլինի: Նա այն մարդկանցից է, ով էնպիսի բաներ է հագնում, որ ամեն անգամ անձամբ ես զարմանում եմ: Եթե անգամ սա ոչ թե զգեստ լիներ, այլ ուսերից բլանդած ինչ-որ շոր, միևնույնն է, նա անթերի տեսք կունենար:
2. Լուիզան է: Շատ լավն է: Համադրությունը շատ ճիշտ է: Միայն այն, որ վզնոցն անտիկ է, ոչ թե ոսկի, արդեն ամեն ինչ ասում է. մազերի գույնին է համապատասխանեցրած:
3. Ուզում եմ ուղղակի լռել... Ինչի՞ մասին է: Ոչինչ չեմ կարող ասել: Ինձ համար անհասկանալի է:
4. Նորմալ է ամեն ինչ: Կոշիկները, զգեստը, ամեն ինչը համապատասխան է` ճիշտ համադրություն, սիրուն շորիկ: Ոչ հայկական է հագնված: Ես ուշադրություն կդարձնեի այսպես հագնված աղջկան: Ավելորդ ու պակաս բան չկա:
5. Անի Երանյանն է: Շատ կրեատիվ է: Երբ ինքը հագավ դա, շատ աչքի ընկնող էր: Թևնոցը շատ սիրուն է: Չգիտեմ՝ «մանիկյուրը» ինչի հետ է համապատասխանեցրել, երևի ոտքերի, բայց շատ լավն է:
6. Ինչի՞ եք ինձ տանջում... Զգեստը լավն է, օձային է: Մատանիներն են ավելորդ: Կոշիկները, զգեստը շատ լավն են, գույնը շատ սիրուն է: Զգեստն այնքան էլ հետաքրքիր չէ, բայց նորմալ է: Ցանկացած` թե´ շատ էժան, թե´ թանկ խանութում կարելի է գտնել նման զգեստ: Ես գիտեմ, որ աստղը պետք է հագնի մի օրինակից զգեստ, որ մնացած միլիոնուկեսը «տպեն» նրա զգեստը, փորձեն մոտենալ դրան:

7. Էս էն պահն է, որ ես իմ հացին «վայիս» եմ լինում :) Հաճախորդ եմ կորցնում հենց հիմա :) Նորմալ հագնված է (հետաքրքրվեցի` արդյո՞ք այս կոշիկներն ինքն է կարել -հեղ): Ոչ, ես ո՞նց կարող եմ էդպիսի կոշիկ կարել, իր կոշիկներին նայեք. դա ոչ կոշիկ է, ոչ «բատինկա», դա «բոշիկ» է:
Փոքր չափսի կուրծք ունեցող մարդը իրավունք չունի այդ զգեստը հագնելու, դա ավելի է ֆիքսում փոքրությունը:
8. Ամեն ինչ շատ սիրուն է, նույնիսկ ճկույթին դրած մատանին շատ ճիշտ է: Միակ բանը` վարդագույն «մանիկյուրի» փոխարեն պետք է «ֆրենչ» լիներ:
9. Անթերի է ամեն ինչ: Սա աստղ է, ես տեսնում եմ աստղի. հագուստը, կոշիկները, վզնոցը, «կլաչը», նույնիսկ զուգագուլպայի գույնն անթերի է:
10. Չափազանց պրիմիտիվ, շա՜տ... Խոսելու ոչինչ չկա: Ես չգիտեմ` սա ի՞նչ է, ի՞նչ գույն է... Նկարահանման է գնացել ու այս գույնի... Ես կփոխեի ալիքը:
11. Իսկապե՞ս աստղերի նկարներ են: Տպավորություն է, որ ռեստորանում մեկի կնունքի նկարներն են: Կոշիկների քիթը զգեստի հետ չի «խոսում»: Զգեստն իրեն «բոյովացնում» է ու կլոր ծայրերով կոշիկի հետ անհամատեղելի է: Կա´մ պետք է կոշիկի բութ մատը բաց լիներ, կա´մ այլ քիթ ունենար: Աքսեսուարների առումով դատարկություն է, ոչինչ չկա, նույնիսկ «կոլյեն», որ կախել է, անտեղի է իր խուճուճ մազերի ու բացվածքի հետ:
12. Ես առաջին անգամ տեսա շիֆոնի և «սապոգների», այսինքն` համարյա «սապոգների» համադրություն: Փոխենք նկարը:
13....Գուցե իր համար ամեն ինչ տեղին է... Իր համար շատ բարդ կլիներ աքսեսուարի ընտրություն անել: Այդ կարգի ոճաբաններ էլ Հայաստանում չկան, որ կարողանային բացատրել` ինչ անել, որովհետև զգեստը վզով է իջնում, մեջքը բաց է, ինքը չէր կարողանա հասկանալ` ի՞նչ կախել հետը: Եթե զգեստի վրա մեծ «հրավառություն» է, կարող էր ապարանջան դնել:

14.Ուղղակի ուզում եմ հենց հիմա լացել: Մեղկ է էն ժողովուրդը, որ պետք է նայի ու փորձի այսպես հագնվել: Ինչ ասեմ. եթե ինչ-որ մեկը կարող է բան ասել, թող ասի:
15. Թող էդ մարդիկ իրենց տեղում «սթրվեն» էլի իրենց կարմիր «մանիկյուրներով»: Էս «մանիկյուրն» ինչի՞ հետ է համադրել... Հանգստացնող կանաչ գույնի հետ ինչի՞ է էս գույնի զուգագուլպա հագել: էս ի՞նչկոշիկի քթեր են: Չեմ ուզում ոչ ոքի նեղացնել, փոխեք էլի...
16. Էս ի՞նչ զգեստ է, Սոնա, ո՞ւր է էստեղ համադրություն: Խնդրում եմ, այս նկարի տակ գրեք` Մամիկն ասում է` կներես, ինքը երևի կհասկանա:
17. Լիլիթ Հովհաննիսյանն է: Հրաշալի մարմին, հրաշալի զգեստ: Զգեստն այս անգամ շատ լավն է, ժամացույցը շատ ճիշտ է:
18. Մեր հերոսուհու ձեռքի պայուսակն արժե 25.000 եվրո: Այդ պայուսակը բռնող աղջիկը չի կարող հագնել «տիգրովի» զգեստ, ուրեմն դա պետք է լինի «Ռոբերտո Կավալիից»: Ես չեմ կարող ոչինչ ասել Սյուզի Մելիքյանին: Համոզված եմ, որ լրիվ օրիգինալ է: Մատանին օձ է, ճիշտ է:
19. Շատ մեծ քարերով ապարանջան է պահանջում: Նորմալ է, դեմքը փակ է, չես կարող բան ասել:
20. Ո՞վ է: Ես իր մասին ոչինչ չեմ ասի: Բաներ կան... Ես չեմ զարգացել այնքան, որ բան ասեմ:



