Պերճ Զեյթունցյանը 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարասկզբի հայ գրականության ականավոր դեմքերից էր, արձակագիր, թատերագիր, հրապարակախոս: Իբրև գրող՝ նա հանրությանը ներկայացավ 1956 թվականին, ընթերցողի սեղանին դնելով «Նրա առաջին ընկերը» պատմվածքների ժողովածուն, որն իր ասելիքով շատ տարբեր էր խորհրդային գրականության համար ընդունելի բովանդակային-գաղափարական ավանդույթից: Ընդամենը տասնութամյա պատանու համար, որը նոր էր ավարտել միջնակարգ դպրոցը, 160 էջ ծավալ ունեցող գրքով, ինչը առաջին գրքի համար տվյալ ժամանակաշրջանում բացառիկ իրողություն էր, ընթերցողին ներկայանալն արդեն խիզախում էր, համարձակ քայլ: 
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում ծնված և 1948-ին Հայաստան ներգաղթած պատանու համար առաջին գիրքը դեպի մեծ գրականություն տանող ուշագրավ հայտ էր, ինքնահաստատման առաջին ազդակը: Հայրենիքում հաստատվելու ջերմ ցանկությամբ տարագիր ծնողները թողել էին իրենց անհամեմատ բարեկեցիկ կյանքը, եկել հետպատերազմյան Երևան, ուր մարդիկ ապրում էին՝ կրելով բազում տնտեսական դժվարություններ: Ապա դրան հետևեց 1949-ի աքսորը, հայրենադարձներից շատերը հայտնվեցին Սիբիրում՝ միայն ու միայն շեշտված ազգային մտածողություն ունենալու պատճառով: 
Այս քաղաքական անցուդարձերը իրենց կնիքը դրեցին ապագայի գրողի մտածողության վրա, ուր հիմնական ասելիքը մղվեց դեպի շարադրանքի ենթաշերտ: Բնագիր թափանցեց տողատակն ու ենթատեքստը, թերասացությունն ու կսմիթը: Գրողը ստիպված էր խորամանկ գրականություն ստեղծել, եթէ չէր դառնում իշխող գաղափարախոսության գերին, փառաբանողն ու ձոներգողը: 
Որոշակիորեն ծանոթ լինելով համաշխարհային գրականությանը, ունենալով սուր դիտողականություն, պատանի գրողը իր պատմվածքներում դիմում էր յուրատեսակ այլաբանության՝ պատկերելով իր ծննդավայր քաղաքի, գրականությունից իրեն ծանոթ երկրներում ապրող մարդկանց կյանքն ու մտորումները՝ այս ամենի տակ թաքցնելով հայաստանյան իրականությունից ստացած իր տպավորությունները: Իսկ այդ տպավորությունները դաժան ու մռայլ էին: 
Չափազանց զուսպ, նպատակասլաց, պաճուճապատումներից հեռու, նկարագրականությանը տուրք չտվող. Այսպիսին էր ներկայանում առաջին գրքի հեղինակը` հետագայում զարգացնելով և հարստացնելով իր նախասիրություններն ու ոճական հակումները: Պ. Զեյթունցյանի առաջին գիրքը յուրատեսակ նախադուռ էր վաթսունականների համար: Իսկ վաթսունականները նշանավորվեցին ողջ խորհրդային գրականության մեջ եւ արվեստում որպես ինքնատիպ վերածննդի և վերարժևորումների ժամանակաշրջան: Ողջ Խորհրդային Միությունում ձևավորված շարժումը հենց «վաթսունականներ» անվանումը ստացավ, որովեհտև ամենուրեք զգացվեցին վերանայումները, ձևավորվեց ազատ մտածողություն, որը պայմանավորված էր խրուշչովյան ձնհալով: 
Հետպատերազմյան տարիներին աստիճանաբար նկատվեց հեռացումը կաղապարված ավանդական միտումներից, մտածողությունից, արվեստում գերակա համարվող ձևերից: Տասնամյակներ շարունակ մարդկանց, մասնավորաբար արվեստի ու գրականության գործիչների, աշխարհայացքը շղթայվել էր, ենթարկվել կաշկանդումների, հետևաբար տիրապետող էր աշխարհայացքային ճգնաժամը, որն էլ պիտի հաղթահարվեր: Այդ ժամանակին համահունչ առավել ազատ ու անկաշկանդ սկսեց գրել երիտասարդ Պ. Զեյթունցյանը` իր գրականության նյութ դարձնելով ժամանակակից հայ կյանքը, Հայաստանի պատմական անցյալը, մարդկության համընդհանուր ճակատագիրը: 
Նա մշտապես քայլել է դրամատուրգիան ու արձակը հրապարակախոսության վերածելու վտանգավոր սահմանագծով, որովհետև մշտապես ձգտել է արծարծել ժամանակի ամենացավոտ հարցերը, անգամ եթե պատմական թեմաների է անդրադարձել: Այդպես երբեմն գեղարվեստը, երբեմն գաղափարական նպատակադրումը իրարից առաջ անցնելով ստեղծել են Պերճ Զեյթունցյանի գրական աշխարհը:
Պերճ Զեյթունցյանը մեկն էր 60-ականների գրական սերնդի այն անհատականություններից, ովքեր հայրենական արդի գրականություն բերեցին «ինտելեկտուալ արձակ», գեղարվեստական մտածողության լայնարձակ տեսադաշտ, ձևական ու կառուցվածքային մի շարք հատկանիշներով հայ ժամանակակից վիպասանությունը մերձեցրին եվրոպականին:
Բնավորությունների հոգեբանական-ներժամանակյա կառոյցը, պատմության ճշմարտությունը, վերլուծական-համադրական արձակի այն տիպը, որն ամենից առաջ պարտադրում է իրականության փիլիսոփայական իմաստավորում, սրանք այն գծերն են, որոնք բնութագրական են Պերճ Զեյթունցյանին և լավագույնս արտահայտվել են նրա արձակում և դրամատուրգիայում: 
Ինքնատիպ է Զեյթունցյանի ստեղծագործությունների լեզուն: Եվ այդ ինքնատիպությունը պայմանավորված է ոչ միայն հեղինակի լեզվամտածողությամբ, այլև երկերի թեմատիկ բազմազանությամբ: Նրա հատկապես պատմական թեմաներով գրված երկերն ունեն հարուստ բառաշերտ, խոսքի ձևաբանական ու շարահյուսական ոճավորման ամենատարբեր դրսևորումներ, համեմատությունների, այլաբանությունների անձնավորման և այլ արտահայտչամիջոցների բազմաթիվ կիրառություններ:
Պատմական թեմայի զեյթունցյանական անդրադարձը` «Արշակ Երկրորդ» վեպը լույս է տեսել 1977-ին` հայ ընթերցողին ներկայացնելով 4-րդ դարի 50-60-ական թվականների հայոց պատմության նոր մեկնություն: Այս վեպը պետք է մրցակցեր Րաֆֆու գլուխգործոցի` «Սամվելի» և Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» ու «Հայոց բերդը» վեպերի հետ, որոնք նույն պատմական իրականության մեկնաբանություններն էին նոր ժամանակներում: 
Ինքը` հեղինակը«Արշակ Երկրորդը» արդիական վեպ էր համարում, որի ստեղծման գաղափարը հղացել էր Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, երբ նրան ցույց էին տուել ուշ միջնադարում անձեռնմխելի համարվող «ազատ տարածքներ», որտեղ ապաստանելու արտոնություն էին ստանում մեծ ու փոքր հանցագործները: Հեղինակը անմիջապես անդրադառնում է, որ նոյնը պատահել է հայ իրականությունում, դեռեւս վաղ միջնադարում` Արշակ Երկրորդի թագավորության օրոք: Հենց այդ դիպվածն էլ դարձավ «Արշակ Երկրորդ» պատմավեպի ստեղծման շարժառիթը: Եթե «Արշակ Երկրորդը» արդիական հնչեղությամբ վեպ չլիներ, ժամանակակից ռուս ու չեխ ընթերցողին չէր հետաքրքրի, հրատարակելու, առավել ևս վերահրատարակելու պահանջ չէր լինի:

ՆԵՐՍԵՀ ԱԼՈՅԵԱՆ

#Պերճ_Զեյթունցյանի_Հիշատակին #Հիշատակ #Ակնարկ_Արշակ_Երկրորդի_Մասին#Խունկ_և_Աղոթք_Հիշատակիդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել