Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում սպասվող անկախության հանրաքվեն որքան մոտենում է, այնքան ջղաձգվողներն Անկարայում շատանում են։ Թուրքական իշխանությունները հնարավորինս բոլորին օգտագործում են հակաքրդական քարոզչության մեջ։ Սպասում էի, որ մեր՝ Հայաստանի հերթն է գալու, և այն չհապաղեց։

Թուրքական բանակի պահուստում գտնվող սպաներին միավորող կազմակերպության նախագահ, թուրքական բանակի գեներալ-լեյտենանտ Էրդողան Ղարաքուշը, անդրադառնալով Իրաքյան Քուրդիստանի մոտալուտ անկախացնամը, YeniÇağ թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն բացարձակ ձեռնտու չէ Հայաստանին. «Հայաստանը երբեք չի հրաժարվել առասպելական «Մեծ Հայաստան» ստեղծելու երազանքից։ Հանրաքվեի արդյունքներն անհարմարություններ կստեղծեն Հայաստանի համար։ Չնայած այն հանգամանքին, որ «Մեծ Հայաստան»-ի երևակայական քարտեզը չի ընդգրկում Իրաքի հյուսիսը, նա Թուրքիայի արևելքը համարում է իր տարածքը։ Քարտեզի վրա Քուրդիստանի առկայությունը կարող է խաթարել հայերի՝ «Մեծ Հայաստան» ստեղծելու ձգտումները, քանի որ և՛ քրդերը, և՛ հայերը հավակնություններ ունեն Թուրքիյաի արևելքի նկատմամբ»։
Գեներալ Էրդողանը գործում է Վլադիմիր Ժիրինովսկու ոճով։ Հիշում եք, 2015 թ․-ի աշնանը, երբ թուրքերը Սիրիայի օդային տարածքում խոցեցին ռուսական ռազմական օդանավը, Ռուսաստանի գլխավոր լիբերալ-դեմոկրատը, ով ռուսաստանյան հեռուստաընկերությունների թոք-շոուների գլխավոր հերոսն է, սպառնում էր Թուրքիային հայերով։ Հիմա էլ թուրք գեներալն է որոշել մեզ վախեցնել իրաքյան քրդերի անկախացումով, որը սպառնում է «Մեծ Հայաստան»-ի ձևավորմանը։ Իրաքյան Քուրդիստանի դե յուրե անկախացումը մեծ վտանգներ է պարունակում Թուրքիայի համար, որը շատ լավ հասկանում է, որ դա կարող է շղթայական բնույթ ընդունել, և հաջորդ անկախացողը հնարավոր է՝ դառա Թուրքական Քուրդիստանը։ Այո՛, Թուրքիայի քրդերն իրենց քարտեզներում Արևմտյան Հայաստանի զգալի տարածքն ընդգրկում են Քուրդիստանի մեջ։ Բայց նույն թուրքերն էլ չպետք է մոռանան, թե Հայոց ցեղասպանության ժամանակ ինչ էին խոստացել քրդերին։ Հայերին ոչնչացնելու դիմաց երիտթուրքերը քրդերին խոստացել էին նրանց ամբողջ ունեցվածքը և տարածքները, որտեղ ապրել են հայերը։ Իսկ հիմա էլ Անկարան որոշել է քրդերի նկրտումների դեմ պայքարում ներգրավել նաև հայերին։ Գեներալ Ղարաքուշը քրդերի դեմ պայքարին խորհուրդ է տվել միանալ նաև ՌԴ-ին, Իրաքին, Իրանին և Սիրիային, որոնք, ըստ վերջինիս, պետք է պայքարեն ԱՄՆ-ի և Իսրայելի այս ծրագրի դեմ։
Հ.Գ. Սևրի պայմանագրի ստորագրումից գրեթե 100 տարի անց քրդերը կարող են կյանքի կոչել անկախ Քրդստանի մասին կետը, որը, ինչպես անկախ Հայաստանի մասին դրույթը, չիրականացվեց պայմանագրի ստորագրումից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել