Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունն ունի գլխավոր ուղերձ, այն է՝ իսլամիստները փորձում են ազդարարել, որ իրենք չեն հանձնվել, չեն պարտվել, ու ամեն ինչ դեռ առջևում է։ Բարսելոնան Իսպանիայի ամենազբոսաշրջային կետրոններից մեկն է, Իսպանիան էլ իր հերթին՝ Եվրոպայի ամենահյուրընկալ երկրներից մեկը։ Հետևաբար պատահական չէր ընտրված թիրախն ու ոճը։ Ներկա դրությամբ 14 հոգի է մահացել երեկ գիշերը տեղի ունեցած պատահարի արդյունքում։ Հիշեցնենք, որ վերջերս նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև Բելգիայում, Ֆրանսիայում, երբ բեռնատար մեքենան մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ՝ դառնալով մի քանի տասնյակ մարդկանց մահվան պատճառ։ Սա ահաբեկչության բավականին նոր մեթոդ է։ Հիմա փորձենք հասկանալ տրամաբանությունը։
Ահաբեկչությունը գործողություն է, որը միտված է կոնկրետ նպատակի, թիրախի ոչնչացման։ Միջազգային հանրությունը երևի թե միահամուռ համակարծիք է հենց այս հարցում՝ պայքար ահաբեկչության դեմ։ Սա այն Ռուբիկոնն է, որից այն կողմ չեն անցնում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Եվորպան, քանի որ երեքն էլ գիտեն՝ ինչ բան է ահաբեկչությունն ու ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Բարսելոնայում տեղի ունեցածը նորություն չէ, ցավոք սրտի, ոչ էլ վերջինն է, ամենայն հավանականությամբ։ Հաշվի առնելով ահաբեկիչների ձեռագիրն ու գործողությունների ցանկը (իսկ վերջինն, ինչպես գիտեք, Իրանում տեղի ունեցածն էր, որտեղ Խորհրդարանի մատույցներում հինգ աշխատող էր մահացել), ԻՊ-ը նահաջել է Կենտրոնական Եվրոպա, այսինքն՝ հեռու Հայաստանի սահմաններից։ Իհարկե, սա ոգևորիչ չես համարի, բայց մեր երկրի անվտանգության տեսանկյունից գոտեպնդող է, չնայած ահաբեկչությունը, որտեղ էլ որ լինի, շատ բացասական ու սարսափելի երևույթ է։ Սգում ենք Բարսելոնայի զոհերի անմեղ հիշատակը։