Կասպից ծովում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից իրականացվող զորավարժությունների ընթացքում ցուցադրվել են ռազմա-տրանսպորտային Ми-17 ուղղաթիռները, որոնք զինված են եղել իսրայելական արտադրության LAHAT (SkyBow) հակատանկային, լազերային մարտագլխիկով հրթիռներով։
LAHAT (LAser Homing ATtack missile) հրթիռներով զինված ուղղաթիռները կարող են մարտի դաշտում ոչնչացնել տանկեր. այդ համակարգը թույլ է տալիս հարվածներ հասցնել տանկերին օդից մինչև 13 կմ հեռավորությունից։
Հիշեցնենք, որ Ստոկհոլմի խաղաղության հարցերի ուսումնասիրությունների կենտրոնը(SIPRI) հրապարակել է Ադրբեջանի կողմից 2015-2016թթ.-ին գնված զենքերի ցուցակը։ Ադրբեջանին զենքերի հիմնական մատակարարողներն են Իսրայելը, ՌԴ-ն և Թուրքիան։ SIPRI-ի տվյալներով՝ նախորդ տարի Ադրբեջանն Իսրայելից գնել է OPV-62 նավեր, Orbiter-1K անօդաչու, «Барак-8» զենիթա-հրթիռային համակարգ, EL/M-2080 Green Pine հակահրթիռային համակարգի ռադարներ, LAHAT թեթև հակատանկային կառավարվող հրթիռներ, Harop անօդաչուներ, SandCat զրահամեքենաներ, Spike-NLOS ունիվերսալ հրթիռներ և այլն։ Բացի այդ՝ Ադրբեջանն Իսրայելից 2016թ.-ին պատվիրել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը։
Բաքուն նաև տարբեր զինատեսակներ է գնել ՌԴ-ից (հիմնականում հարձակողական), ինչպես նաև Ուկրաինայից ու Բելառուսից։ Չմոռանանք նաև նրանց «ավագ եղբայր» Թուրքիայի ու Անկարա-Բաքու ռազմա-տեխնիկական համագործակցության մասին։
Ելնելով վերոնշյալից ու այն հանգամանքից, որ Ադրեջանն ունի սեփական ռազմա-արդյունաբերական համալիր, ժամանակ առ ժամանակ ցուցադրում է զրահամեքենաներ, սեփական արտադրությամբ Զերբե անօդաչուներ, փորձում է ինքնաբավ դառնալ արկերի և այլ զինատեսակներում, Բաքուն պատրաստվում է լայնածավալ պատերազմի, սակայն դա երկարաժամկետ ռազմավարություն է։ Մեծ պատերազմն Ադրբեջանին տնտեսապես ձեռնտու չէ, սակայն լոկալ բնույթի հյուծիչ պատերազմը նրանց մարտավարական նպատակն է լինելու։
Ինչ վերաբերում է մարտավարական խնդիրներին, նրանք փորձում են միջին և մանր սադրանքներով «բարելավել» իրենց համար շփման գիծն ու դիրքերի կոնֆիգուրացիան, ինչպես դա եղել է ապրիլյան քառօրյայի ժամանակ։
Ադրբեջանը հետախուզական ու հարվածային, կամիկաձե տիպի անօդաչուների սեփական արտադրությունն է սկսել՝ զգալով դրանց արդյունավետությունը ապրիլին։
Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե՛ հետախուզական (ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու), թե՛ հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։
Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն՝ Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։
Ինչ վերաբերում է Իսրայելից գնված հակատանկային զենքերին, ապա դրանք օգտագործվելու են հարձակողական նպատակներով. Spike լազերային մարտագլխիկներով հրթիռները ունիվերսալ են, դրանք կարելի է տեղակայել ինչպես զրահապատ մեքենաների, այնպես էլ տանկերի, ուղղաթիռների ու օդանավերի վրա։
Իսկ Spike-NLOS հրթիռները թույլ են տալիս խորքից` ուղիղ տեսանելիության առումով պաշտպանված դիրքերից, հարվածներ հասցնել խրամատներին ու ինժեներական կառույցներին` դզոտ, դոտ և այլն։
Բացի այդ՝ տվյալ զինատեսակները կարող են օգտագործվել տանկային գրոհները խափանելու համար. այդ հակատանկային միջոցներն ու կամիկաձե/հարվածային անօդաչուներն (տեխնիկական միջոցները թույլ են տալիս մարտը վարել առցանց ռեժիմով) կարող են շարքից հանել տանկային ցանկացած գրոհ։
Ադրբեջանը, փաստորեն (ըստ գնված զինատեսակների ցուցակի` շատ զինատեսակների մասին տեղեկատվությունը տեղ չի գտնում բաց աղբյուրներում), պատրաստվում է թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանական` հայկական կողմի՝ Քռի ափ դուրս գալը կանխող, պատերազմական գործողություններին։
Հայկական կողմերը պետք է լրջորեն վերլուծեն ռազմական առկա իրավիճակն ու ելնելով նպատակահարմարությունից՝ ասիմետրիկ, կանխարգելիչ հարվածներ իրականացնեն, քանի դեռ սպառազինությունների մրցավազքում խախտված բալանսը չի հասել կրիտիկական մակարդակի։