ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսակցությունները, մեծ հաշվով, արհեստական բնույթ են կրում երկու պարզ պատճառով. առաջին՝ չկա դրա վերաբերյալ հանրային պահանջ, սակայն սա մի տեղ հասկանալի է, որովհետև հանրային պահանջ չի եղել նաև այն ժամանակ, երբ մենք դառնում էինք այդ կառույցի մի մաս։ Եվ երկրորդ՝ քաղաքական նպատակահարմարությանն է վերաբերում։ Այստեղ մի պարզ հարց է ծագում. ո՞րն է այն սեգմենտը, և ո՞րն է այն քաղաքական ուժը, որի հետ Արևմուտքը կարող է աշխատել, եթե այդպիսի գործընթաց սկսվի Հայաստանում։ Չկա։ Անհատապես կարող են լինել ուժեր, ովքեր հանձն կառնեն այդ գործընթացը, սակայն անհատների մակարդակով ոչ մի հարց չի կարող լուծվել, եթե համակարգային մոտեցում լինի։ Օրինակ՝ վերջերս ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը խոսել էր Հայաստանում միլիարդավոր ներդրումների մասին, սակայն սա հենց գալիս էր հաստատելու վերոնշյալը։ Իսկ ո՞ւմ հետ ենք համագործակցելու։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է հենց սրա վրա՝ չլինել հակաարևմտամետ ու չլինել հակառուսամետ։ Այլ տարբերակ ներկա վիճակում մենք չունենք, իսկ միլիարդավոր դոլարներ Հայաստան կգան միայն այն դեպքում, երբ ինչ-որ քաղաքական իրավիճակում հանրության ստվար մեծամասնության համակրանքը վայելող ուժը (ընդ որում՝ չի բացառվում, որ դա լինի հենց ՀՀԿ-ն) նախաձեռնի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց՝ բոլոր ռիսկերը հաշվի առնելով։ Մոտակա տարիներին գոնե այդպիսի բան դժվար տեղի ունենա Հայաստանում, որովհետև այդպիսի «գռուզի» տակ ոչ ոք այս պահին չի մտնի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: