Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտ» օրաթերթում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին: Ստորև ներկայացնում ենք հոդվածից մեկ հատված.
«Աշնանային քաղաքական սեզոնին ընդառաջ Մոսկվան վերախմբավորում է ուժերը տարածաշրջանում: Նրա վերջին ամիսների քաղաքական հաշվեկշռում շատ մեծ «անցք» է բացվել, եւ ակնառու են բոլոր միտումները, որ այն ոչ թե կփակվի, այլ ընդհակառակը՝ կընդլայնվի եւ կխորանա: Մինչդեռ, ինչպես «երազում էր» քաղաքական գործիչների, քաղաքական եւ տնտեսական փորձագետների մի ողջ բանակ, պետք է ընդլայնվեին եւ խորանային ոչ թե ռուսական քաղաքականության՝ այդ բացված «անցքերը», այլ հարաբերությունները մեր «ռազմավարական դաշնակցի» հետ «ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում»: Սակայն, ինչպես տեսնում ենք, իրողությունները քիչ այլ են, ավելի ճիշտ՝ դրա ուղիղ հակառակը:
Մոսկվայի քաղաքականության լծակներն օգոստոսի սկզբից ուղղակի հայտնվեցին օրենքից դուրս՝ ռազմական, տնտեսական, ռազմատեխնիկական, դիվանագիտական, իսկ համբավը, որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտի՝ «հատել է զրոն» եւ արտահայտվում է բացասական նիշերով:
Այն ողջ զործիքակազմը, որը Մոսկվան գործադրեց եւ ազդեց Հայաստանի՝ 2013-ի սեպտեմբերի 3-ի որոշման վրա, էապես կորցրել է իր նշանակությունը: Էներգետիկ լծակը չի աշխատում, քանզի Իրանը մեր կողքին է եւ բաց տեքստով է առաջարկում էներգետիկ միջանցք ապահովել դեպի Վրաստան եւ Եվրոպա, եւ Հայաստանն, ըստ էության, միայն պետք է ուրախ լինի, երբ Գազպրոմն ուղղակի լքի մեր երկիրը: Արտագնա աշխատողներին Ռուսաստանից վռնդելու սպառնալիքը նույնպես չի աշխատում, քանզի պատժամիջոցների եւ անտաղանդ կառավարման պատճառով փլուզվող տնտեսությունն ինքն է վանում նրանց եւ վերադարձնում տուն: Հայաստանում ներքին իրավիճակն ապակայունացնելու լծակը նույնպես աոաջվանը չէ, քանզի իշխանությունից ավելի ռուսամետ ընդդիմության գոյությունն ուղղակի կդիտարկվի որպես թյուրիմացություն եւ կրկես: Չնայած, պետք չէ բացառել, որ Մոսկվան կխրախուսի տարբեր կեղծ-արմատական խմբակներին, որոնք կփորձեն խաղալ հասարակության դժգոհության վրա: Աոաջվանը չէ նաեւ «հայ-ոուսական դարավոր բարեկամություն» թեմայով դիցաբանության եւ բանահյուսության ընկալումը, հատկապես անցյալ տարվա Ապրիլյան պատերազմից հետո եւ Բաքվին հարձակողական սպառազինության մատակարարումների ֆոնին: Իսկ գլխավոր և կոշտ լծակը, որը դեռ կարող է և կփորձի գործի դնել Մոսկվան՝ դա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է»:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: