Անկախ նրանից, թե իսրայելական կողմի այս դիրքորոշումն ուներ հակաթուրքական ուղղվածություն` պայմանավորված վերջին շրջանում Թուրքիայի հակառակորդների ու դաշնակիցների հետ Իսրայելի կապերի սերտացման հարցերով, օրինակ` Իսրայել-Հունաստան-Կիպրոս առանցքի ձևավորումը, կամ թե դիրքորոշումը ունի միջնաժամկետ նպատակներ` ամրապնդելու դիրքերը Հարավային Կովկասում, կամ միգուցե կրում է զուտ հակաիրանական ուղղվածություն, այսուհանդերձ, արձանագրում ենք, որ ադրբեջանա-իսրայելյան սերտ համագործակցության միտումները Իսրայելում վերանայվում են: Ընդ որում՝ գրանցենք, որ այս միջադեպը երկկողմ հարաբերություններում ռազմաքաղաքական նշանակության առաջին հակասությունն էր կամ տհաճ միջադեպը, որը կարծում եմ, պետք է որակել որպես խորհրդանշական և նախադեպային:
Մյուս կողմից, անկախ քաղաքական տարբեր վարկածների ու սցենարների հաշվառումից, փաստում ենք, որ բալանսավորվում են նաև Հայաստանի և Իսրայելի միջև քաղաքական հարաբերությունները, որը պետք է համարել լուրջ քաղաքական-դիվանագիտական ձեռքբերում հայկական կողմի համար: Դատելով հայ-իսրայելական քաղաքական հարաբերությունների զարգացման և այդ համատեքստում ադրբեջանա-իսրայելյան համագործակցության թուլացման զուգահեռաբար ընթացող միտումների ողջ տրամաբանությունից` հայկական կողմի համար լավ հնարավորություն է բացվում Հայաստանի դիվանագիտությունում Իսրայելի հետ համագործակցությունում գոյացած վակուումը արդյունավետ լրացնելու` նախևառաջ Իսրայելում ՀՀ ռեզիդենտ դեսպանի նշանակման որոշում ընդունելով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2003190043244933&id=100006618695607&pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել