Ինձ համար Հայաստանի բարձրագույն կրթությունը արտահայտող ամենատպավորիչ նկարը այս մեկն է՝ Հայաստանում գործող ծառայություններից մեկը, որտեղ ուսանողները կարող են պատվիրել «բարձրակարգ մասնագետներին» գրել իրենց փոխարեն ուսումնական աշխատանքները:
Այս նկարը արել եմ մի քանի ամիս առաջ Ալեք Մանուկյանի վրա` Հյուսիսային համալսարանի դիմաց: Չգիտեմ՝ հիմա տեղում է, թե չէ:
Այսինքն՝ գնում ես համալսարան, այնտեղ քեզ առաջադրանք են տալիս՝ ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, երևի նաև թեկնածուական, չգիտեմ: Դու դիմում ես կազմակերպության, այնտեղ որևէ լուրջ մասնագետ, ում փող է անհրաժեշտ, քո փոխարեն այդ աշխատանքը գրում է, տալիս է քեզ, դու հանձնում ես, ստանում ես բարձր թվանշան, վերջում ստանում ես դիպլոմ:
Խայտառակ այս իրավիճակն այնքան արմատացած է, որ անհասկանալի՝ ով է մեղավոր ու ում մեղադրել՝ ուսանողների՞ն, ովքեր սովորելու ցանկություն չունեն, գրքեր քրքրելու ժամանակ չունեն, գիտական աշխատանք իրականացնելու հավես չունեն, թե՞ գիտնականներին, ովքեր փողի կարիք ունենալով, ուրիշների փոխարեն գրում են նման աշխատություններ, թե՞ համալսարանների ղեկավարներին, ովքեր, գիտակցելով, որ երեխան բութ է, թվանշան են դնում, որ երեխան դուրս չմնա համալսարանից, գիտակցելով, որ թեզը երեխան չի գրել, նրան դիպլոմ են տալիս:
Արժեզրկված են դիպլոմները, որոնք ունենալը չի նշանակում առհասարակ ոչինչ, երբ ուզում ես մարդ ընդունել աշխատանքի: Նույն կերպ ուրիշների հաշվին գրված, ծանոթով ստացող ուսանողներն են հետո ավարտում ու իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում ու հիասթափվում են, թե «գործ չկա էս երկրում»: Իսկ գործի իրեն հարգող ոչ մի ընկերություն չի վերցնի: Մասնագետ չեն:
Ինչպե՞ս լուծել խնդիրը: Խնդիրների կծիկը երկար տարիներ պետք է լուծվի: Բայց այսօր առնվազն պետք է նման գործունեությունը վերահսկվի. թեզերը ընդունվեն բացառապես թվային տարբերակով ու ստուգվեն հատուկ ծրագրերով՝ բացառելու գրագողությունը: Իսկ նման գովազդը առհասարակ արգելվի, ինչպես արգելվում է, օրինակ, ծխախոտինը:
Մեզ մոտ կան շատ լավ հաստատություններ՝ վերջին տարիներին ստեղծված, որոնք զբաղվում ու կրթում են երեխաներին դպրոցական տարիքում՝ Թումո, Քվանթ վարժարան, Այբ, Արմաթ ակումբներ, Սմարթ սենյակներ ու կառուցվելիք Սմարթ կենտրոնը Լոռիում, մի քանի ուրիշներ նույնպես: Բայց համալսարանների հարցում շատ տխուր է վիճակը բոլոր տեսանկյուններից: Թափուր տեղե՞ր են մնացել այս տարի: Չգիտես ինչու, ես չեմ զարմանում: