Ապարան ջոկատի հրամանատար, ՕՐՕ դաշինքի պատգամավորության թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը կայքերից մեկի հետ զրույցում նշել է, թե ազատամարտիկները չեն կարող զբաղվել քաղաքականությամբ, իրենց խոցելի տեղը քաղաքականության մեջ լինելն է, քաղաքականությունը չի սիրում պարզ, անմիջական մարդկանց. «Քաղաքական գործիչները տարբեր են, ասում են մի բան, մտածում ուրիշ բան, իսկ նպատակը բոլորովին այլ է, այնպես որ, մեր տեղը քաղաքական դաշտը չէ, մենք քաղաքական դաշտում պետք է աջակցենք այն ուժերին, որոնց նպատակը երկիրն այս վիճակից հանելն է»:
Այո, այս տողերը պատկանում են քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրած, մի շարք քաղաքական ճամբարներ փոխած Ռազմիկ Պետրոսյանին։ Հետաքրքիր է, եթե իրենք չեն զբաղվում քաղաքականությամբ, ապա այսքան ժամանակ ինչպե՞ս են փորձել օգտակար լինել այս կամ այն կառույցին. բարոյահոգեբանական աջակցություն էին ցուցաբերում, թե՞ Ազատության հրապարակում նապաստակ էին նկարում։ Տարբեր քաղաքական ճամբարներ փոխելուց հետո Ռազմիկ Պետրոսյանը ՕՐՕ դաշինքով առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու։ Եթե ազատամարտիկների տեղը քաղաքականությունը չէ, ապա հետաքրքիր է՝ ինչո՞վ էին պատրաստվում զբաղվել Ռազմիկ Պետրոսյանն իր շրջապատի հետ Ազգային Ժողովում՝ բժշկական խորհրդատվությա՞մբ, թե՞ վարսահարդարմամբ։
Հանրային դաշտում գործունեություն ծավալող ցանկացած անհատ պետք է գիտակցի խոսքի գինն ու արժեքը։ Միայն ականջահաճո կիսակենացները բավարար չեն բովանդակային կերպար կերտելու համար։ Պետք է նախ հաշիվ տան, թե ինչ թեմայի վերաբերյալ, ինչ շեշտադրումներով են խոսում։ Շատերը լրագրողների բարձրախոսները տեսնում են, մտնում են ազգի փրկչի կերպարի մեջ։ Ռազմիկ Պետրոսյանն այս կերպ արժեզրկում է ազատամարտիկների ինստիտուտը ու, փառք տիրոջը, որ Ռազմիկը չմտավ ԱԺ։ Հակառակ դեպքում, մինչև ադապտացվեր, հասկանար, ինքն իրեն համոզեր, որ զբաղվի քաղաքականությամբ, 5 տարին կլրանար։