Հետաքրքիր է, մենակ Հայաստանում է, որ... (շարքից)
- աջուձախ, հարմար-անհարմար վայրերում տեղադրված են գովազդային վահանակներ, որոնց գերակշռող մասը դատարկ է, շատերը՝ տարիներ ի վեր…
- շատ ու շատ հուշարձանների, կառույցների շրջակայքից միզահոտ է գալիս և շուրջբոլորն աղբ է՝ ծխախոտի, սննդի մնացուկներ, պլաստիկե շշեր, բաժակներ, տոպրակներ…
- աղջիկները փոմփոլիկազարդ չստերով զբոսնում են քաղաքում, արևածաղիկ չրթելով ու գռեհիկ «որոճալով»…
- սակագները հիմնականում փոխում են իրենց անձնական շահի, յուրացումների, կատարած շռայլությունների ու անտնտեսվարության ծախսերը փակելու և ոչ թե այդ ծառայությունների որակը բարձրացնելու, համակարգը զարգացնելու և կատարելագործելու համար…
- տաքսիների ղեկին շատ են տարիքն առած, անջատված վարորդները, որոնք մի քանի ազդանշանից հետո հիշում են, որ ղեկին են ու անջատված են և որ մեքենա են վարում…
- ամեն իշխանության ու կարգերի փոփոխությանը զուգընթաց ջարդում, ավերում, փշրում են հուշարձաններն ու հաճախակի ամեն դեղնակտուց քաղաքական նորելուկի պահանջով փողոցները, պողոտաները, հրապարակները, բնակավայրերը անվանափոխում:
Պատկերացնո՞ւմ եք՝ սրանց նմանները Եվրոպան ու մյուս վայրերն ինչպես քարուքանդ կանեին… Դարերով ստեղծածը, հոգատարությամբ պահպանածը և սերնդեսերունդ փոխանցածը մի քանի օրում կոչնչացնեին…
Նմանների պատճառով է, որ այսօր Հին Հայաստան, Հին Երևան չունենք, ոչ էլ հուշարձաններ ու պատմական կառույցներ… Եղածներն էլ քանդվում են, մամռակալվում և «կանաչապատվում»… Դա է պատճառը, որ Պարսկաստանում և Թուրքիայում ավելի շատ պահպանված եկեղեցիներ ու հուշարձաններ ունենք, քան թե Հայաստանում…