Դարձյալ սկսվել է սովետական Հայաստանի ղեկավարների կատարած գործերին քննադատությունների շքերթը։ Իհարկե, տականքներ եղել են ու կլինեն բոլոր ժամանակներում, բայց մեկ-երկու անձի պատճառով պետք չէ քննադատել բոլորին։ Սովետական շրջանում Հայաստանում ստեղծվել են տասնյակ քաղաքներ, մեր բնակչությունը հնգապատկվել է, ծաղկել է մշակույթը ու, ընդհանրապես, այդ տարիների ստեղծածն է, որ մինչ օրս մենք վայելում ենք։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, ապա խորհրդային կարգերի հաստատման պահին Երևանը, Գյումրին, Կապանը, Վանաձորը և մյուս խոշոր քաղաքներց յուրաքանչյուրի բնակչության թիվը 20 հազարի կարգի էր, իսկ 91թ․-ին միայն այդ քաղաքներում ապրում էր շուրջ 2 մլն մարդ, իրականացվել են համաշխարհային մասշտաբի շինարարական աշխատանքներ ու իսկապես շատ հարցերում Հայաստանը կարողանում էր համեմատվել աշխարհի զարգացած երկրների հետ։ Խորհրդային կարգերի փլուզման պահին Հայաստանն ուներ այնպիսի մասնագետներ՝ ֆիզիկոսներ, քիմիկոսներ, աստղագետներ, սննդի ու թեթև արդյունաբերության տեխնոլոգներ, որոնք ժամանակի գերպահանջված մարդիկ էին։ Իսկ ի՞նչ ունենք մենք հիմա։
Այս ամենը չգնահատելն իսկապես ճիշտ չէ, կամ գնահատենք այն ժամանակ, երբ մեր սերնդին էլ կհաջողվի մեր երկրի համար գոնե մեկ խոշոր ծրագիր իրականացնել։ Կառուցենք մեկ քաղաք, ավելացնենք բնակչության թիվը, խոշոր մեկ ծրագիր կյանքի կոչենք ու նոր կասենք, որ մեր սերունդն այս երկրի համար բան է արել։ Ամեն ինչ փաստերի համեմատության մեջ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: