Գրող, մանկավարժ և հասարակական գործիչ Լևոն Շանթի
ստեղծագործության մեջ առանձնանում է դրամատուրգիան, որը հայ գրականության բացառիկ արժեքներից է:
Լևոն Շանթը (իսկական ազգանունը՝ Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան) վաղ տարիքում զրկվել է ծնողներից: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Սկյուտարի (թաղամաս՝ Կոստանդնուպոլսում), 1884–91 թթ.-ին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարաններում, 1892–99 թթ.-ին սովորել է Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ: 1899 թ.-ից ավելի քան 10 տարի դասավանդել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում: Թիֆլիսում անդամակցել է «Վերնատուն» գրական խմբակին:
1911 թ.-ից Շանթը դասավանդել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական և Եսայան վարժարաններում. 1915–19 թթ.-ին ապրել է Եվրոպայում: Գրողը Հայ հեղափոխական դաշնակցության անդամ էր. եղել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր: 1920 թ.-ի ամռանը գլխավորել է Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցելու համար Մոսկվա մեկնած պաշտոնական պատվիրակությունը: 1921 թ.-ից ապրել է արտասահմանում. եղել է ուսուցիչ:
1890-ական թվականներին Շանթը հրատարակել է մի շարք բանաստեղծություններ և «Լեռան աղջիկը» պոեմը, որտեղ արտահայտել է երազային սիրո գեղեցկության ու պատրանքի, կյանքի և իդեալի, իսկ «Մնաք բարովի իրիկունը» (1891 թ.), «Երազ օրեր» (1894 թ.), «Դուրսեցիները» (1895 թ.), «Վերժին» (1897 թ.), «Դերասանուհին» (1899 թ.), «Կինը» (1912 թ.) վիպակներում՝ սիրո և աշխատանքի, հասարակական պարտքի և անձնական ձգտումների հակադրության մոտիվներ:
Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ առավելապես պայմանավորված է նրա դրամատուրգիայով: «Եսի մարդը» (1904 թ.), «Ուրիշի համար» (1905–06 թթ.), «Ճամփուն վրա» (1909 թ.) դրամաներում շոշափել է անհատի ու հասարակության փոխհարաբերության, բարոյականության խաթարման, եսի և անձնազոհության խնդիրներ:
Հայ գրականության մեջ ոչ մի ստեղծագործության այնքան չեն անդրադարձել ու մեկնաբանել, որքան Շանթի «Հին աստվածներ»-ին (1909 թ.), որը և՛ փիլիսոփայական դրամա է, և՛ պատմական ողբերգություն: Երկի պատմական հենքում IX դարի դեպքերն են, որտեղ արտացոլվել են աշխարհիկ ու հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողությունների ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների խնդիրներ, որոնք մեծ արձագանք են գտել հայ հասարակության մեջ: Շանթն ընդգծել է հերոսների՝ Աբեղայի և Վանահոր կերպարների հակադրությունը. մեկը հայացքն ուղղում է դեպի անցյալը՝ սկզբնականը, մյուսը՝ անհայտը՝ ապագան: «Հին աստվածներ» դրաման նոր որակ էր հայ գրականության մեջ՝ որպես զգացմունքի, հարափոփոխ տրամադրությունների և ապրումների, մարդու ազատության տենչանքի արտահայտություն:
«Կայսրը» (1916 թ.), «Շղթայվածը» (1921 թ.), «Ինկած բերդի իշխանուհին» (1923 թ.), «Օշին Պայլ» (1932 թ.) դրամաները նույնպես պատմական ողբերգություններ են, որտեղ արծարծվել են ազգային ու սոցիալ-հոգեբանական խնդիրներ, նաև անհատապաշտության, հերոսի և ամբոխի հակադրության գաղափարներ:
Շանթի դրամաները, հատկապես «Հին աստվածները» և «Կայսրը», հայ գրականության մեջ սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներից են: Նրա արվեստը հենվել է կեցության փիլիսոփայության վրա, որտեղ գեղարվեստական իրականությունը սոսկ խորհրդանիշ է աննյութականն ընկալելու համար:
«Հին աստվածները», «Կայսրը» և «Շղթայվածը» բազմիցս բեմադրվել են հայ թատրոնում:
Շանթը զբաղվել է նաև հոգեբանությամբ: 1945 թ.-ին լույս է ընծայել «Հոգիները ծարավի» հոգեբանական վեպը, որտեղ շոշափել է ընտանիքի, կնոջ, տղամարդու և բարոյականության հարցեր: Գրել է նաև հայոց լեզվի դասագիրք («Լուսաբեր»՝ Հովհաննես Թումանյանի և Ստեփան Լիսիցյանի հետ), գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, պատմագիտական աշխատություններ («Գրքեր և մարդիկ», 1905 թ., «Սեռն ու նյութը բանահյուսության», 1926 թ.), կատարել թարգմանություններ (Միխայիլ Լերմոնտովի «Մծիրի» պոեմը, Էթել Վոյնիչի «Բոռը» և այլն):
Երևանում Շանթի անունով կոչվել է դպրոց, նրա պատկերով տպագրվել է փոստային նամականիշ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=352774394824414&set=a.261145507320637.42840.260698287365359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել