Medialab.am-ը գրում է.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը:

- Զարուհի´, դուք ասել էիք, որ այցելել եք Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին, ով գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Ահազանգել եք, որ նա առողջական խնդիրներ ունի, պարբերաբար բռնությունների է ենթարկվել ամուսնու կողմից, մանրամասներ կներկայացնե՞ք հանդիպումից:

- Նրա առողջական վիճակը բավական վատ է, կինը 24 տարի շարունակ ընտանիքում ենթարկվել է բռնության: Նրան հասցրել են այն վիճակի, որ երրորդ խմբի հաշմանդամ է: Նրա ոտքերը այտուցված են, վերքեր ու տրոմբներ կան ոտքերին, ունի երիկամների, վահանագեղձի խնդիրներ, բավական կեղեքված է, անընդհատ գլխաշոր է կապում: 15 տարի շարունակ կեղծամ է կրել, որովհետև պարբերաբար մազերը քաշել են ու պոկել:

-Նա պատմում էր, որ ամուսնու կողմի՞ց է բռնության ենթարկվել:

-Այո´, նա բավական դրվագներ էր պատմում իր ընտանեկան կյանքից՝ սկսած ամուսնու վերահսկողական վարքից: Ես անընդհատ փորձում էի հասկանալ՝ արդյոք կինը հնարավորություն ունեցե՞լ է մինչ այդ դեպքը որևէ մարմին կամ իրավապաշտպանի դիմելու, որպեսզի ինքն էլ դուրս գար այդ իրավիճակից, և նման ողբերգական հանգուցալուծում չլիներ: Փաստորեն վերահսկողությունն այնպիսին է եղել, որ անգամ խանութ գնալը և տանից դուրս գալը եղել է թույլտվությամբ ու կոնկրետ ժամով: Շփումները խիստ սահմանափակ են եղել, որպեսզի կինը հնարավորություն ունենար գոնե նման իրավիճակից դուրս գալ:

- Նման դեպքերում կարծես միտում կա, որ կանայք սովորաբար խուսափում են ամուսնալուծվելուց, ի՞նչն է պատճառը:

- Նա ամուսնալուծության ու հարաբերությունները խզելու փորձ արել է, սակայն, կրկնում եմ, մենք գործ ունենք մի կնոջ հետ, ում շատ ուժեղ վերահսկել են, և գործ ունենք անձի հետ, ով պաշտոնյա է եղել: Այսինքն՝ ամուսինը եղել է պաշտպանված, մարզում եղել է ճանաչված, բոլոր լծակներին տիրապետող: Մենք այդպիսի անհավասար հարաբերությունների մասին ենք խոսում, երբ անպաշտպանությունը ոչ միայն ընտանիքի ներսում է, այլև սոցիալական դիրքում:

- Իսկ, որպես կանոն, բռնությունների դեպքում կանայք Հայաստանում ամուսնալուծվո՞ւմ են, թե՞ նախընտրում են հաշտվել իրավիճակի հետ, որն ավարտվում է ողբերգությամբ:

- Հիմնականում ոչ թե փորձում են հնազանդ տանել այդ ամենը, այլ փորձում են առողջացնել ընտանիքը: Բայց, ցավոք, մենք ընտանիքների հետ աշխատելու, այդ ընտանիքները քիչ թե շատ առողջացնելու հնարավորություն չունենք, մենք չունենք պրոֆեսիոնալ մարմիններ, որոնք կկարողանան իսկապես աշխատել այդ ընտանիքների հետ: Եվ այդ պատճառով շատ հաճախ տեղի է ունենում ողբերգություն, հիմնականում զոհերը լինում են կանայք: Մենք տարեկան մոտ 10 կնասպանության դեպք ենք ունենում, իսկ սա արտառոց դեպք էր, որը տեղի է ունեցել երկարատև վերահսկողության ու բռնության հետևանքով: Իհարկե, ես չեմ պնդում և չեմ խառնվում նախաքննության մարմնի աշխատանքին, թե ի´նչ կպարզվի, դա արդեն համապատասխան մարմինների խնդիրն է, բայց երբ մարդը գտնվում է երկարատև բռնության մեջ, այդ բռնությունը կարող է ծնել նաև ողբերգություն: Սա որպես այդպիսին երկրորդ դեպքն է. ոչ վաղ անցյալում դեպք արձանագրվեց, որ Ճաճոյի Էդոյի հարսն էր սպանել ամուսնուն: Նա էլ նույն վիճակում էր գտնվել, երկարատև բռնության էր ենթարկվել, իսկ այդ դեպքում ինքնապաշտպանության էր դիմել: Սա բռնության երկարատև գործընթացն է, որը քայքայում է մարդու և´ մարմինը, և´ գիտակցությունը:

Ռուզաննա Մկրտչյանը շատ վատ հոգեբանական վիճակում էր, անընդհատ վախեր ուներ, ասում էր, որ կալանավորված վիճակում ավելի հանգիստ է, քան տանն է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել