Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը մշտապես եղել է քննարկումների կիզակետում։ Ճի՞շտ է եղել ԵԱՏՄ անդամակցությունը, արդյո՞ք այս պահին Հայաստանն ունի այլընտրանք, թե՞ ոչ։ Երեկ լրագրողների հետ զրույցում այս թեմային անդրադարձել է ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը։ Վերջինիս պնդմամբ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց դնելն իրատեսական չէ, քանի որ ԵԼՔ-ը խորհրդարանում ներկայացված է 9 պատգամավորով․ «Խնդիրն այն է՝ երբ դնել այդ հարցը՝ այսօ՞ր, թե՞ վաղը: Եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն այսօր ես դնում, ի՞նչ հնարավորություններ ունես հարցը լուծելու, եթե ԵԼՔ դաշինքը, ենթադրենք, այսօր բարձրացնի այդ հարցը, մեր 9 պատգամավորները քվեարկեցին ԵԱՏՄ դուրս գալու օգտին, մնացածն ակնհայտ է, չէ՞, որ կողմ չեն քվեարկելու. սրանից ի՞նչ է շահելու Հայաստանը, ի՞նչ է շահելու ԵԼՔ դաշինքը: Սա հաշվարկ է, չէ՞, որը պետք է անի քաղաքական գործիչը»:

Եթե մի փոքր թարմացնենք մեր հիշողությունները, ապա կհիշենք, որ մոտավորապես կես ամիս առաջ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության դադարեցման թեման թեժացվել է հենց ԵԼՔ դաշինքի կողմից։ Մասնավորապես՝ հուլիսի 17-ին Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքներն անվավեր ճանաչելու թեմային, նշել էր․ «Իսկ եթե դա արգելվում է, ՀՀ-ն կարող է գործընթաց սկսել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ՝ դրանով ցույց տալով իր վերաբերմունքը խախտումներին: Հիմա մեր քայլը պետք է լինի դա, որ սկսում ենք դուրս գալու գործընթաց»։

Կես ամսվա ընթացքում հանրային դաշտ է նետվում ԵԼՔ դաշինքի միանգամից երկու հակասական տեսակետ նույն թեմայի վերաբերյալ։ Ակնհայտ է, որ բախվում են Մարուքյանի ու Սարգսյանի կարծիքները։ Եթե իրատեսական չէ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելը, ապա ինչո՞ւ էր Մարուքյանը հրապարակային կոչով հանդես գալիս։ Օրինակ՝ Արամ Սարգսյանի հարցազրույցից երևում է, որ վերջինս տեղյակ չէ, թե ինչ է շահելու ԵԼՔ-ն այդ գործընթացից, բայց արդյոք կես ամիս առաջ ԵԼՔ-ում չե՞ն մտածել այս «մանրուքների» մասին նախքան հայտարարություն տարածելը։ 
Մյուս կողմից՝ Էդմոն Մարուքյանի հայտարարությունից հետո Արամ Սարգսյանը միացել էր Մարուքյանի կոչին։ Սա ունի երկու բացատրություն․ 
1․ Այն ժամանակ հստակ էր ԵԼՔ-ի, այսպես ասած, հետաքրքրությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու շրջանակներում, իսկ հիմա ամեն ինչ մշուշում է։
2․ Պարզապես Սարգսյանը խորքային չէր ուսումնասիրել խնդիրը նախքան հրապարակավ Մարուքյանի կոչին միանալը։

Ինչպես պտտվում ենք, հստակ է միայն մի բան․ այս թեմայի շուրջ ԵԼՔ-ի ներսում կան որոշակի հակասություններ ու անհստակություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել