«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կայքերից մեկի հետ զրույցում անդրադարձել է մեկ տարի առաջ ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձություններին։ Այն հարցին, թե երեք ոստիկանների մահը ՊՊԾ գնդի զինյալների կողմից արյունահեղություն չէ՞ր, Մարտիրոսյանը պատասխանել է. «Ոչ: Եղել է ցավալի միջադեպ: Համոզված եմ՝ առաջինը հազիվ թե ՊՊԾ գունդը գրաված տղաները կրակ բացած լինեին: Եթե կրակ բացած լինեին, այլ խնդիրներ կառաջանար: Ես ինչքան լսել եմ՝ մի ոստիկանի մահը եղել է այն պատճառով, որ ներսից դուռը փակել է, եւ չեն հասցրել ժամանակին օգնություն ցույց տալ»:
Կարծում եմ՝ Մարտիրոսյանի այս պնդումներն անընդունելի են բարոյական տեսանկյունից։ Հիմա էլ ստացվում է, որ ոստիկաններից մեկը մահացել է սեփական մեղավորությա՞մբ։ Տեսականորեն ընդունենք, թե Մարտիրոսյանի առաջ քաշած վարկածները ճշմարտության հետ որևէ կերպ առնչություն ունեն, սակայն անգամ այս պարագայում արդյոք ՊՊԾ գնդում տեղի ունեցած գործողությունները, ինչպես Մարտիրոսյանն է նշում, արյունահեղություն չեն համարվում։ Ընդհանրապես ի՞նչ կարևոր է, թե ով է առաջինը կրակ բացել։ Հուլիսյան դեպքերի արդյունքում, փաստը մնում է փաստ, որ ունենք 3 որբացած ընտանիք։ ՊՊԾ գնդի գրավումը խլեց 3 մարդու կյանք, և դրա հետևանքով եղան բազմաթիվ վիրավորներ։
Իհարկե, Մարտիրոսյանի համար հեշտ է հանրային դատում հնչեցնել «իր լսած վարկածները», սակայն դրանք դժվար թե հետաքրքրեն զոհվածների երեխաներին։ Ինչպես ուզում են, թող քաղաքական գործիչները մեկնաբանեն տեղի ունեցած գործողությունները՝ ահաբեկիչ են, թե ապստամբ, առաջինն են կրակել, թե երկրորդը, միևնույն է, այդ ամենը ոչ մի կերպ չի կարող թեթևացնել զոհվածների հարազատների ցավը։