Մինչ միտինգը սկսելը միտինգի «մոզգովոյ ցենտրները» կողքի սրճարանում սրճվում էին: Անդրիասի շուրջի «մոզգովոյ ցենտրները» մի ուրիշ կոնֆիդենցիալության ու էներգետիկայի մեջ էին:
Բայց ես չեմ ուզում գրել «սիրուն տղա», պատանի «նիցշեիստ» (ես չասացի` ֆաշիստ, իսկ եթե դուք մտածեցիք, ձեր գործն է) տպավորություն թողնող Անդրիասի ու Րաֆֆուց պահանջած նրա հիսուն հազար մարդու մասին, որոնց պետք է տանի` անհանզանդություն անել տա:
Հա, ի դեպ, ամենահետաքրքիրը, ոչ թե Անդրիասի այդ «առաջին ռազմահայրենասիրականի» ելույթն էր, այլ որ այդ ելույթից հետո ինքը թողեց ու գնաց միտինգից: 
Հա բա` տղան մեսիա է, միսիան ավարտեց. «հելավ»:
Իսկ Րաֆֆին չուներ հիսուն հազար: Րաֆֆին այսօր ուներ իր Կարինին:
Կարինն այսօր օգնեց իր հորը. ուսը խփեց նրա ուսին ու ասաց` կողքդ եմ:
Էսօր առաջին անգամ լուռ, միայն հեռախոսի հետ «շփվող», հարցազրույց չտվող, ոչ մեկի հետ չխոսող, ստվերի նման Րաֆֆուն հեռեւող, Կարինն այսօր հասկացել էր, որ ժամն է հորն օգնության հասնելու.... «մնացածին» էլ օգնության բերելու` միակցելու, իրենց երթը, որ ժողովրդի պակաս ունի` անձրեւի, գուցե այլ, իսկ գուցե` Անդրիասի ուզած նպատակներին չծառայելու համար, ինքը փոխարինեց անչափ հետաքրքիր` երկնային երթով. կարդաց իրենց պապ Գասպարի նամակը:
Ու երբ Գասպարի նամակը կարդացվում էր, թոռ Րաֆֆին կանգնել էր չորս-հինգ տարեկան երեխայի նման, Րաֆֆին երկնի ու այդ նամակի, իր որդու առաջ անպաշտպան էր ահավոր, մարմինն էլ մի տեսակ ծռվել, մի ոտքի կոշիկը թարսավարի կպել էր մյուս ոտքին... ու ինքը նաեւ հայր էր, ու Կարինն էլ հրեն խոսում էր:
Երբ Կարինն ավարտեց սերունդների պայմավորվածության մասին իր` գրողի պատմությունը (էս Կարինը ծնվել ու ապրել է Վիլյամ Սարոյանի քաղաքում` Լոս Անջելեսում), Արմինեն` մայրը, արդեն լաց էր լինում, Րաֆֆի աչքերը լցել էին (ի՜, Անդրիաս, քո անհնազանդությունն էս ամենի դեմ մի մե՜ծ զրո է):
Էս հլը հեչ: Ներքեւում, ժողովրդի մեջ` ուղիղ Կարինի դիմաց կանգնած, ձեռները խաչած, ուշի-ուշով, ներքին մի հիացմունքով` Կարինին էր լսում Լեւոն Բաղրամյանը. էն, որ եկել է Լոս Անջելեսից, որ մոդերացնի Րաֆֆու էս «պայքարը», էն, որ պիտի դառնար Րաֆֆի շտաբի պետը, բայց չդառավ, էն, որ մարշալ Բաղրամյանի թոռն է, էն, որ մասնակցել է Օբամայի քարոզարշավին, էն, որ Կոնգրեսում է աշխատում ու Հայաստան գալու պատճառով թողել է իր աշխատանքը, խաբել է, թե կգամ, կշարունակեմ, եւ ուրեմն ներքեւից կանգնած նայում` հիանում, էնպես էր հիանում Կարինի ասածների վրա. «Չկասկածե՛ք, հա՛յ ժողովուրդ: Մենք պայմանավորված ենք պատմության հետ: Մենք ժամադրված ենք ճակատագրի հետ: Եվ այս նամակը, երբ ես բռնում եմ իմ ձեռքում, այս կերպարը նորից իմ հայրն է դառնում, եւ ես հասկանում եմ նրան: Հասկանում եմ, որ ունի նա պատասխանատվություն ոչ միայն ձեր առաջ, այլեւ իր պապերի առաջ, ովքեր կարող էին երազել այս ժամերի համար եւ այս հրապարակի»:
Որ դու սուս:
Ու ես էլ, ճիշտն ասած, գոհ էի, որ միտինգ եմ գնացել:
Ու միտինգում ըսենց բաներ տեսա: 
Թե չէ` ինագուրացիա-սինագուրացիա, եւ կամ թե չէ մի այլ կարգի գուրգուրացիա:
...Եւ դա կանցնի, սիրելի Անդրիաս:
Հ.Գ. Վերջին միտքն իմը չէ: Սողոմոն Իմաստունինն է:
Չնայած` ըտեղ ի՞նչ կա, ես էլ կարայի ասեի: ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել