Գյումրու հազար ու մի հոգսեր՝ առաջնային խնդիրներ, բայց մյուս կողմից ոչ պակաս անհրաժեշտություն, որի մասին ուզում եմ հիմա բարձրաձայնել: 
Ընդամենը 6 նստարան, Գյումրու Վարդանանց հրապարակում, այն էլ այնքան անհարմար, որ թվում է թե «горшок» ես նստում: «Բոշի սադում» ընդամենը մի քանիսը, էն էլ զավթված թոշակառու պապիկների կողմից: Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի՝ Ալեքսանդրապոլ հյուրանոցի հարակից տարածքում, որտեղ ֆանտաններ կան, լացող ուռենիներ կան, ներկա են մի չորս հատ մեկ մետրանոց բազալտե սառը նստարաններ, որին վեց հոգի են նստում, մնացածը՝ շան տեղ: Մյուս տարածքների մասին չխոսեմ, թե մեկ, երկու բացառություններ կան: 
Երկար ժամանակ է, ինչ ինձ հանգիստ չի տալիս այս հարցն ու իսկապես հունից հանում: Ոչ քաղաքի կանաչապատ տարածքներում և ոչ էլ հասարակական վայրերում չես գտնի նստարաններ՝ մի պահ հանգիստ առնելու համար, էլ ուր մնաց նստելու և զմայլվելու քաղաքի փոշոտ գեղեցկությամբ: Թատերական հրապարակ, ընդամենը մի երկու երկաթի կտոր, որ հիշեցնում են երբեմնի նստարանները: Ցանկանում էի մի հոդված գրել, բայց էլ չեմ համբերում, դրա համար էլ արտահայտվում եմ: Բաց երկնքի տակ չկա մի նորմալ տեղ, որ մարդիկ հավաքվեն, զբոսնեն, շրջեն կամ լավագույնը՝ նստեն, մարդիկ պպզում են որտեղ որ պատահի, միայն թե ոտքերը մի քիչ հանգիստ առնեն, իսկ կանաչ տարածքները փոխակերպվել են մեծ փոշեկուլների: Ամեն բան ոտանց վրա պիտի լինի: Կարծես դիտմամբ են անում, որ մարդիկ ստիպված սրճարաններ հաճախեն: Լավ, ասենք թե չենք ուզում սրճարան, այլ մաքուր օդ, ցանկություն կա նստել՝ խորհել, զմայլվել, սպասել և այլն, ու՞ր ենք նստելու: Այս խնդիրը նաև ուղղում եմ ձեզ, պ-ն Բալասանյան: Քաղաքին նստարաններ են պետք, զուգարանները դեռ ոչինչ, որ նստելու տեղ լինի, կզսպվենք, բայց առանց նստարան չի լինի: Մուշ թաղամասի նորակառույց դպրոցի տարածքում շինարարները տեղադրել էին էն ամենաթանկանոց նստարաններից ու հիմարաբար չէին ամրացրել: Առաջի ամիսը ուրախացանք, նույնիսկ ձմեռվա սառնամանիքին վայելում էինք այդ հաճույքը, բայց արի ու տես, որ օրերը տաքանալուց հետո դրանք անհետացան ու ինչ որ չեմ լսել, որ իրավապահները փնտրեն, թե որ շենքի բակն են զարդարում դրանք: Իսկ հետո ուզում եք, որ զբոսաշրջիկներ այցելեն Գյումրի:
Մի խոսքով, «ոչ» պպզելուն՝ «այո» նստարաններին:
Նըս - տա - րան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել