«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Պատահական չէ, որ ցանկացած կրոնի հետև­որդներ աղոթում են ուտելուց առաջ և, մասնավորապես, շնորհակալություն են հայտնում Աստծուն՝ իր բարիքների համար: Մենք, օրինակ, ստում ենք՝ «ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս, որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգևս իւր»: Ուշադրություն դարձրեք՝ խաղաղու­թյամբ:
 
Բայց արդյո՞ք կենտրոնացում չի պահանջում ցան­կացած գործ՝ ճաշ պատրաստելը, աման լվանալը, ընկերների հետ շփվելը, ցախ կոտրելը, ծառ ջրելը, ֆիլմ նայելը, քայլելը, շնչելը: Էլ չասած մասնագի­տական պարտականությունների մասին: Կարծում եմ՝ այս և բազմաթիվ այլ դեպքերում միայն կենտրոնա­նալով կարող ես կյանքից բավականություն ստանալ:
 
Ի՞նչն է մեզ խանգարում կենտրոնանալ տվյալ գոր­ծի վրա: Իհարկե, տարբեր «արտաքին» և «ներքին» հանգամանքներ: Բայց այսօր՝ հատկապես համացանցը: Մեզ վարակել է ամեն վայրկյան «կապի մեջ» լինելու հիվանդությունը: Շատերը չեն կարողանում ապրել 5 կամ 10 րոպե «կապից դուրս»՝ երևի մտա­ծելով, թե ինչ-որ կարևոր բան են բաց թողնում: Հաճախ այդ «կարևոր բանը» որևէ աղջկա՝ սրճարա­նում արված նկարն է, որով նա տեղեկացնում է աշ­խարհին, թե ինչ պիցցա է այս պահին ուտում, կամ, ինչպես հաճախ իմ դեպքում է լինում, տեղեկանալ, թե ով և ինչպես է այս անգամ ինձ խայթել ֆեյսբուքում կամ aгavot.am կայքում: Իհարկե, հիմարու­թյուն է իմ կողմից նման մեկնաբանություններ կար­դալը, և ապուշության գագաթնակետն է դրանց պատասխանելը: Բայց խոստովանեմ՝ պատահում է, որ երկուսն էլ անում եմ:
 
Սրճարանի պիցցայի նկարը տեսնելը և խայթոցնե­րին ծանոթանալը հավասարաչափ «հիմնավոր» պատճառներ են օրական 30-40 անգամ համացանց մտնելու համար՝ տանը, աշխատանքի տեղը, տրանսպորտում, սրճարանում, ընկերների հետ շփվելիս և նույնիսկ զուգարանում: Իհարկե, կան միլիո­նավոր այլ «հիմնավոր» պատճառներ՝ թե ինչու են մարդիկ «անջատված կուլ տալիս» օրական հարյու­րավոր վերնագրեր և «առաջին տողեր», հաճախ դրանց մասին հապճեպ դատողություններ անում:
 
Ի՞նչ անել: Միանգամից հրաժարվել այդ «թմրան­յութից» ՝ դժվար է: Բայց կան նաև փորձված միջոց­ներ: Նախ՝ ֆիքսել, թե օրական քանի ժամ ես դու անցկացնում ֆեյսբուքում՝ ճիշտ ծխած գլանակները հաշվառելու նման: Երկրորդ՝ ամեն օր որոշակի ժա­մի վերցնել որևէ գիրք կամ թերթ ու գոնե 5 րոպե դանդաղ, իմաստի մեջ խորանալով կարդալ այդ տեքստը: Ուշադրության այդ «մարզանքն» այսօր գրեթե հերոսության է հավասար»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել