Իմ թատրոնում, իմ իսկ ստեղծած անգույն կերպարները գունավորում են անշուք բեմին հավաքված կյանքի իրական պատառիկներին: Դահլիճում նստած ծխում եմ հերթական գլանակը, ծուխը արհեստական քողի նման քաշել եմ աչքերիս ու ինձ ամենադաժան քննադատի տեսանկյունից եմ ուզում ուսումնասիրել, չեմ ուզում բացեր լինեն այս ներկայացման մեջ: Ներսս տարօրինակ զգացողություն է` ամենակարողի ու անկարողի անկեղծ խառնաշփոթ: Ներկայացումս, որից մեծ սպասելիքներ ունեմ և համարում եմ իմ գործերի գագաթնակետը, աչքիս փոքրացել է ու անտաղանդ դերասանի «ուր էիր, Աստված», կանչը գալիս, կպնում է ուղեղիս ու ներվային ջղաձգման հասցնում ինձ: 
- Ո՞վ է քեզ ասել՝ նայես դիմացինիդ ու նրան հարցնես Աստծո գոյության վայրը,- զայրացած բղավում եմ դերասանի վրա,- այնքան փորձիր այդ հատվածը, մինչև ասեմ՝ գտար, պատժի նման մի բան եմ հասցնում նրան: Խառնված նայում է շուրջը, բայց և գիտակցում, որ անկարող է ընդդիմանալ, սկսում է իրար հետևից աղեկտուր փնտրել ներկայացմանս անտես, գլխավոր հերոսին:
Նայում եմ բեմի վրա վազվզող դերասաններին, ականջիս մեջ սկսում է խլանալ «ուր էիր, Աստված» բացականչությունը, իսկ մտքերս կամաց-կամաց սկսեցին փակել ներկայացման վարագույրներն ու հեռու վազեցին ոչ այլ ուր, քան Արարչի մոտ:
Նստել ենք դեմ դիմաց, ինքն իր հզորությամբ, ես իմ փոքրությամբ հավասարվել ենք, զարմանքս միայն ծխախոտի տուփի շուրջ ստեղծվեց, նույն իմ ծխախոտից էր Ամենակարողի մատների արանքում, իսկ մնացածը կարծես թե այնպես էր, ինչպես որ պետք է լիներ: Չենք խոսում, ծխում ենք` մեկ-մեկ ունքերի տակով թաքուն ուումնասիրում միմյանց:
-Գոնե դու հասկանում ես չէ՞ ինձ,-բարկացած վրա տվեց Արարիչը, -ես չեմ ու դու, արի ու մի բարկացի, ամեն դեպքում ներիր ու հասկացիր… Մտածել ես կերպարներ, միջավայր, տրամադրություն, բախտ ու խելքի չափ, իսկ նրանք ամեն բան շուռ են տալիս, դարձնում իրենց մտածածով, փորձում ավելի լավը սարքել արդեն եղած կատարյալը, վերջում ներում են խնդրում ու աղերսում օգնություն: Ախր ի՞նչն է ստիպում փոխել նախապես նրանց համար ստեղծված պատմությունը…
Այնքան շատ էր նրա բարկությունը ու այդ պահին հենց իմ սրտով, որ ոգևորված վառեցի և՛ իմ, և՛ նրա հերթական ծխախոը:
- Լավ է՜… ինչ մարդ են դրանք, նայում եմ դեմքերին, հասակներին, աչքերին ու իրենց հոգով կերպար ստեղծում, իսկ նրանք արի ու տես, որ քեզանից լավ են հականում իրավիճակը ու ինպրովիզ անում:
Վերջում, երբ գալիս, մի կետի են հասնում ու ապուշ կտրած դեմքիս են նայում, թե հիմա ինչ անենք, ուզում եմ տեղիցս բարձրանամ, գնամ ձեռքիս սցենարը գլխին պատռեմ, թե բա սա ի՞նչ է, ո՞ւմ համար է գրված, ինչո՞ւ եք ուզում ամեն մեկդ ձեր ինքնուրույնությունը հաստատեք` անտեսելով սեփական անճարակությունը, չէ՞ որ հենց դրա համար են տարբերակել բեմադրող, ռեժիսոր, դերասան ու գրիմյոր…
- Հասկանում ես չէ՞ ինչ վատ է, իսկ ե՞ս ինչ ասեմ, դու մի քանիսի հետ ես այդքան տանջվում, իսկ ես բոլորիդ հետ, նույնն եք անում ու վերջում միաձայն օգնություն աղերսում: Վայը կգա, կտանի ինձ, եթե չհասցնեմ ժամանակին փոխել իրադարձությունների ընթացքը, կշրջվեք, կանիծեք ու կհեռանաք, իսկ ես ո՞ր մեկի հետևից հասցնեմ, որի՞ն ապացուցեմ, որ հետ գա, չէ՞ որ իմ ամեն մի ստեղծած կերպար, երբ ինձ շրջվում է, մեծ ցավ է բերում ու խառնվում է իմ ամբողջականությունը:
- Իրոք դժվար գործ է, - կիսաձայն շշնջացի և փոքրացած, խեղճացած քաշվեցի մի անկյունի վրա: Ծխախոտը թաքուն հանգցրի, ամոթից ծուխս անհետացավ փակ սենյակից: Իմ բողոքն այնքան ծիծաղելի դարձավ, ի՞նչ էր գործիս անունն` ընդամենը խաղ խաղալը, իսկ Արարչի զայրույթը մտածելու առիթ էր, չէ՞ որ ես էլ իմ չափով եմ նրա պլանավորած կյանքը խաղ դարձնում` իմ իսկ կանոններով: Մի տեսակ անհարմար էի զգում ինձ, ոչ կարող էի մի խելացի բան ասել, ոչ էլ թողնել, գնալ: Կյանքում միշտ անելանելի պահերին դիմում ենք Աստծուն՝ նրանից մի դուռ խնդրելով մեզ համար անելանելի վիճակներից, իսկ ես նտած էի նրա դիմաց ու անիմաստ կլիներ մտովի խոսել նրա հետ: Մտքերս վազում էին ու որոշում էի սև կոմեդիա բեմադրել այս թեմայի շուրջ, այնքան իրական կլինի, որ չեն հավատա ու լավ հորինողի անուն կհանեմ: Արդեն թղթին եմ մտովի շարադրում հերթական սցենարը՝ որոշելով ում տալ գլխավոր դերը, երբ Արարիչը ծխի միջից խռպոտ ձայնով ասաց.
- Ուղիղ գնա, հետո աջ:
Միանգամից սթափվեցի, նույնիսկ մոռացա, թե ինչ էի մտածում ու շփոթված հարցրի.
- Ի՞նչ…
- Մտովի դուռ չէիր խնդրում ինձանից, ելքն այնտեղ է:
- Այո, այո, - խառնված ասացի ես ու ոտքի կանգնեցի՝ մտովի հիշելով ծեր քահանայի խոսքերը՝ «Աստծո ճանապարհները միշտ ուղիղ են»: Եվ մտքիս պատասխանը չուշացավ.
-Այո, դա է քո ելքի ուղիղ ճանապարհը:
Բայց գնալս ապուշություն կլինի, ելնեմ, վազեմ իմ սցենարի մտքի հետևից ու անպատասխան թողնեմ այն բոլոր հարցերը, որոնք կուտակվել են ներսս ու խառնել ճիշտ ու սխալի տարբերանշանները: Դրանց պատասխանները միայն հիմա ու այստեղ կարող եմ ստանալ:
- Ավելի կարևոր հարցի պատասխան ստացար, ու դեպի դա տանող հարցի պատասխանները քո մեջ են, դրանք ժամանակի խաղի խնդիրներն են, որոնք իրենց բացահայտմանն են սպասում, ուղղակի փորձիր իմ սցենարին քո իմպրովիզը չտալ:
- Եղավ, եղավ, իհարկե դա է կարևորը, թե չէ պահի իմպրովիզը կորում է, իսկ թղթի գրած սցենարը հավերժական է…
- Ուղիղ գնա և աջ:
-Հասկացա, հասկացա, - ավելի բարձր ասելով շարժվեցի տեղիցս:
Բոլորի զարմացած հայացքները ուղղվել էին իմ կողմը: Մի պահ չհասկացա, թե որտեղ եմ, ծխախոտի ավարտին մոտեցած գլանակը վառեց մատներիս ծայրը, որ և սթափեցրեց ինձ:
Բեմադրողի տեղում նստած հետևում եմ «Անկարող Արարիչ» ներկայացմանս, իմ «հասկացա, հասկացա» բացականչությունը կանգնեցրել էր բեմական կերպարներին ու սպասում էին հրահանգիս, թե ինչ եմ հասկացել ու ինչ ընթացք եմ տալու խաղին: Չգիտեի՝ ոնց բացատրեի հետս կատարվածը ու սկսեցի իմ դերը խաղալ, բարկացած շպրտեցի թղթերը աջ ու ձախ, գոռգոռալով դուրս եկա դեպի դեմ.
- Վերջ, զզվեցի արդեն, հոգնեցրիք ձեր իմպրովիզներով, չենք բեմադրում այս ներկայացումը, մի օր կգրեմ սցենար, որտեղ չգտնեք իմպրովիզի տեղ, և դա կլինի իմ ստեղծագործական գլուխգործոցը…
-Ո՞ւր էիր, Աստված…,- լսեցի դերասանի շփոթված ձայնը, ով շարունակում էր փորձը:
-Ստացվեց, այ նոր ստացվեց, Աստված ամենուր է հայացքդ մի կենտրոնացրու մի տեղ, - շնորհավորելով դերասանի հաջող փորձը՝ դուրս եկա իմ ներսի աշխարհի փոքր թատրոնից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել