Ես միշտ դեմ եմ եղել, երբ մարդկանց բաժանում են տեսակների, որովհետև այն իր մեջ պարունակում է սեգրեգացիայի վտանգներ` մարդկանց բաժանել խմբերի և պիտակավորել ու սորտավորել ըստ խմբերի:
Սակայն լինում են եզակի դեպքեր, երբ ստիպված ես լինում հրաժարվել սկզբունքներից, և այդ եզակի դեպքերից է Հրանուշ Հակոբյանը:

Ինչ «տեսակի» մասին է խոսքը գնում: Փորձենք համակարգել ըստ հատկանիշների: 
Ընդհանուր կոմերիտական անցյալ:
Սովետական Միությունը չհիշող սերունդը, բնականաբար, չգիտի, թե ինչով էին տարբերվում կոմերիտական ֆունկցիոներներն այլ ճանապարհ անցած կոմունիստական ֆունկցիոներից, որոնց մի մասը բանակում էր ընդունվել կոմունիստական կուսակցություն, մի մասը՝ արտադրական գործունեության ժամանակ և այլն: 
Կոմերիտական ֆունկցիոներները հատուկ տեսակ էին, որոնք հիմնականում այդտեղ էին հայտնվում հովանավորչության շնորհիվ և որևէ իրական մասնագիտություն ունենալը պարտադիր չէր: Նրանք կյանքում մեկ «մասնագիտություն» պետք է ունենային` ղեկավարել: Այսինքն՝ ղեկավարել որևէ մասնագիտական հմտություն չունենալով: 
Մարդկային հարաբերություններում կոմերիտական ֆունկցիոներներն ամենաանընդունելիներն էին և նրանց հակապատկերներն էին ազատ մտածողները` գիտնականները, երաժիշտները, արվեստագետները և այլն: Կոմերիտական ֆունկցիոների հիմնական առաքելությունն էր ճնշել ազատ մտածողություն ունեցողներին և որպես հետևանք համապատասխան վերաբերմունքի էին արժանանում, ինչն նրանց ավելի էր խորթացնում ինտելեկտուալ և ստեղծագործ երիտասարդներից:
Այդ տեսակը պատրաստ էր իշխանությանը մատուցել ցանկացած ծառայություն իր սերնդակիցների ազատությունները սահմանափակելու, իսկ երբեմն պատժելու համար:
Հրանուշ Հակոբյանը հայկական կոմերիտական ֆունկցիոներների խորհրդանիշն է` ամենահաջողակ և անխորտակելի: 
Նա ղեկավարել է և Ալեքսանդր III-ի, Նիկոլայ I, և նէպի և հետագա ժամանակաշրջաններում, այդ թվում՝ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և դեռ նրանց էլ կվերապրի: 
Սակայն պետք է հանգիստ թողնել Սփյուռքի նախարարությունը, դա ամենառազմավարական կառույցներից մեկը պետք է լինի: Այստեղ միայն «ղեկավարել» իմանալը քիչ է, պետք է ունենալ մասնագիտական և մարդկային համապատասխան որակներ: Սակայն այսօր Սփյուռքի նախարության հիմնական գործառույթներն են վերահսկել «բարերարներին» և զերծ պահել Սփյուռքը Հայաստանի ներքաղաքական կյանքից:
Արդյունքում ունենում ենք այն ամենաթողությունը, ինչին ականատեսն եղանք հիմա, երբ «Արի տուն» ծրագրի Ստամբուլի թիմի համար վերածվեց «Գնա այստեղից և այլևս չվերադառնաս» ծրագրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել