Տավուշի մարզում նախօրեին պայմանագրային զինծառայող է վիրավորվել։ Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից։
Բացի այդ՝ Տավուշի սահմանագոտում հակառակորդը օգոստոսի 1-ին կրակ է բացել, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել հենակետերի միջանկյալ տարածքում: Այս մասին հայտարարել է Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը: Նա նշեց, որ կրակոցից չոր խոտը բռնկվել է, որի հետեւանքով ականներ են պայթել:

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը կրակ է արձակում ՀՀ Տավուշի մարզի թե՛ զինվորականների, թե՛ խաղաղ բնակչության ու բնակավայրերի ուղղությամբ։
Շատ է խոսվում և քննարկվում ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, սակայն ոչ պակաս կարևոր է նրանց «ակտիվությունը» Տավուշի մարզի ուղղությամբ։

Ադրբեջանը ՀՀ-ԼՂՀ դեմ գործողություններում Տավուշը կրակի տակ պահելու մի շարք «պատճառներ» ունի։
Ադրբեջանի զինված ուժերը, կրակելով սահմանամերձ գոտում գտնվող գյուղերի ուղղությամբ, ցանկանում են ստիպել տեղի սահմանապահ բնակչությանը արտագաղթել, սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, ինչի մասին Ադրբեջանը շատ լավ տեղյակ է, գումարել նաև վախի մթնոլորտ ստեղծելու ռազմավարությունը՝ կրակելով նաև դպրոցների, մանկապարտեզների վրա, ստիպել բնակչությանը կրակի տակ գտնվող գյուղից դեպի այլ ապահով` Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան քաղաքներ (ներքին միգրացիա) տեղափոխվել կամ ընդհանրապես արտագաղթեցնելը ՀՀ-ից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղերում հիմնականում մնացել են ծերերը (երիտասարդների թիվը սակավաթիվ է), նրանք պետք է կա՛մ զբաղվեն գյուղատնտեսությամբ` օգնելով ծերերին, կա՛մ դառնան պայմանագրային, ինչը «կտրելու» է նրանց հիմնական զբաղմունքից` տնտեսական գործունեությունից, ու առաջնագծում գտնվելը դառնա տեղի բնակչության հիմնական զբաղմունքը` անմշակ թողնելով դաշտերը, կրակի տակ պահելով գյուղերը «վանել» ցանկացած ներդրողի այդ գյուղում` հակառակորդի ուղիղ նշանառության տակ որևէ աշխատատեղ բացելու ցանկությունից։

Բացի այդ՝ անընդհատ լարվածության տակ պահել Տավուշի մարզի բոլոր սահմանային զորամասերը, առաջնագիծը, 3-րդ բանակայինին թույլ չտալ օգնության հասնել Ղարաբաղին մարտական գործողությունների վերսկսման դեպքում (ապրիլի կրկնություն), այդ միավորումները մնալու են դիրքերում` պահելու կրակի տակ գտնվող Տավուշի դիրքերը։ Զորքերի տեղափոխությունը թույլ չտալու համար անկանոն կրակ բացել դիրքերի ուղղությամբ, պատասխան կրակի դեպքում կրակն ուղղել բնակելի տների, սոցիալական օբյեկտների` դպրոցներ և այլն, ուղղությամբ։
Չմոռանանք, որ Տավուշի մարզն ունի կարևոր, կամրջող դերակատարում Հայաստան-Վրաստան ճանապարհների առումով։

Ադրբեջանը ցանկանում է Տավուշով անցնող միջպետական` ՀՀ-Վրաստան ճանապարհը, նրա որոշակի հատվածներ, դարձնել դժվար անցանելի ու վտանգավոր, Ոսկեպար և այլ հատվածները պահելով կրակի տակ՝ ստիպել կառուցել պաշտպանական պատեր և շրջանցող ճանապարհներ` երկարացնելով ճանապարհը, լրացուցիչ միջոցներ ուղղել տալով բյուջեից այդ ճանապարհների շինարարության և հետագայում պահպանման ուղղությամբ։ Խախտել կոմունիկացիաները` վտանգելով մեքենաների տեղաշարժը, ինչն էլ կարող է ազդել զբոսաշրջության` ՀՀ-Վրաստան, հատկապես Թիֆլիս մեկնողների համար, հոսքի վրա։

Տավուշի մարզի հարևանությամբ է գտնվում Ադրբեջանի Գյանջա-Ղազախական տնտեսական շրջանը, որտեղով անցնում են ռազմավարական նշանակության նավթամուղեր, գազամուղեր, երկաթգիծ և միջպետական ավտոմայրուղիներ դեպի Վրաստան, Թուրքիա և Սև ծով։ Այդ շրջանի պաշտպանությունն Ադրբեջանի համար ունի կենսական նշանակություն և այդ շրջանի կորուստը նրանց համար «կփակի» ճանապարհը դեպի Վրաստան, Թուրքիա, ինչն էլ էականորեն ազդելու է ապագա պատերազմի ելքի վրա։ Այդ պատճառով Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը պահելու է զգալի զինված ուժեր ու շարունակելու է իր սադրիչ գործողությունները։

Նույն ռազմավարությունն Ադրբեջանը հետագայում կարող է կիրառել նաև Նախիջևանից կրակի տակ պահելով ողջ Սյունիքը` Իրան-Հայաստան մայրուղին, Վայոց Ձորը և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել