«Կարող էին պրինտերով   գրել  տային  ՊՆ. փողին  մունաթ,  ուզում  եք  կգրեն  «Շնորհավոր  Ամանոր»» (տեսանյութ)168.am-ը տեղեկություն էր հրապարակել, թե խմբագրություն են եկել երկու քաղաքացի, ովքեր իրենց հետ բերել են նաև ՊՆ մակնշմամբ ձվեր և պնդել, որ դրանք գնել են Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Մարկետ» խանութից: Ձուն եղել է «Աշտարակ ձու» վերտառությամբ և փաթեթավորմամբ տուփի մեջ: HayNews.am-ն այս առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ «Աշտարակ ձու» ընկերությունից: 
«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի փաստի վրա` ուշադիր նայեք տեսանյութը, ձվի մակնշումից պարզ է դառնում, որ արտադրանքը մոտ 25 օրվա վաղեմություն ունի, երկրորդ` կտրոնի վրա նշված է կրկնօրինակ: Վերջին անգամ այդ խանութ մենք ձու ենք առաքել ապրիլի 2-ին: Կարո՞ղ էր դրա մեջ 25 օրվա ձու լիներ: Մի հանգամանք էլ` մեր գրասենյակը գտնվում է այդ խանութից 15 մետր հեռավորության վրա, հիմա դուք որ լինեիք, չէի՞ք գա և այնտեղ արտահայտեիք ձեր դժգոհությունը»,- ասաց «Աշտարակ ձու» ընկերության ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը:
Դիտարկմանը` փաստը մնում է փաստ, որ ձվի նոր խմբաքանակում եղել է երեք շաբաթվա արտադրանք, հիմա դուք խանութի՞ն եք մեղադրում, «Աշտարակ ձու» ընկերության սեփականատերերի ներկայացուցիչը մանրամասնեց. «Ոչ, նման քայլի կարող էին գնալ մեր հակառակորդները»:
Այսինքն՝ ձեր հակառակորդները, որոնց անունը չեք նշում, մուտք ունեն բանա՞կ:
«Չէ, ինչի՞, կարող էին մի փոքր արտադրամասում պրինտերով գրել տային ՊՆ: Փողին մունաթ, ուզում եք կգրեն «Շնորհավոր Ամանոր»: Մենք հետաքննելու ենք այս հարցը և, առհասարակ, խիստ վերահսկողություն ենք սահմանելու մեր արտադրանքի հետ կապված»,-արձագանքեց Եփրեմյանը:
Հիշյալ փաստի հետ կապված HayNews.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև Պաշտպանության նախարարությունից, սակայն ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Նյութի աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել