«Սասնա ծռեր» զինված խմբավորման իրականացրած գործողություններից անցել է մեկ տարի: Այդ կապակցությամբ վերջիններիս կողմից՝ ի դեմս Ժիրայր Սէֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի և Կարո Եղնուկյանի հրապարակվել է բաց նամակ: Ուսումնասիրելով վերջիններիս հայտարարությունը՝ պարզ է դառնում, որ խմբավորման լիդերները կոչ են անում դուրս գալ ՌԴ-ի հետ կապ ունեցող բոլոր տեսակի կառույցներից (ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ) և զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ դարձնելով դրանք օրակարգային:
Դատելով հայտարարության ձևաչափից` մի պահ կարելի է ենթադրել, որ նամակի հեղինակները ապրում են Վաշինգտոնում և աշխատում պետդեպարտամենտում: Ժամանակին զինված հարձակումը խմբավորումը արդարացնում էր իշխանափոխության պահանջով, իսկ այժմ խոսելով պրոամերիկյան և հակառուսական տոնայնությամբ՝ ստիպում է ավելի խորը դիտարկել զինված խմբի հնարավոր ֆինանսավորողների աշխարհագրական դիրքը:
Ինչ վերաբերում է հայտարարության պրոֆեսիոնալ կողմին, ապա այն համարժեք է զինված խմբի մեկ տարի առաջ տեղի ունեցած գործողություններին, երբ հուզական մակարդակով իրականացվող գործընթացները, որոնք չեն ուղեկցվում փաստարկներով և երկարաժամկետ պրոցեսների ծրագրերով, հասցնում են միայն փակուղի:
Քաղաքական վեկտորի փոփոխությունը միայն հակառուսական տրամադրության հիմքերի վրա լուրջ ընդունել չի կարելի:
Բացի դրանից՝ խմբավորման նամակում ասված է, որ անհրաժեշտ է հանել ռուսական զորքերը Հայաստանից և դրան կից նշվում, որ դեռևս վաղ է մտածել ՆԱՏՕ մտնելու մասին: Նամակի հեղինակների ակնարկը կարող է կապված լինել ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրոդ զորամիավորումը ունեցող Թուրքիայի հետ, բայց վերջիններս հավանաբար մոռանում են, որ նույն ռուսական զորքերը տեղակայված են հայ-թուրքական սահմանին:
Նամակի շարունակությունում խոսվում է Արցախը և Նախիջևանը ներառելու միջոցով սուբյեկտ դառնալու համար անհրաժեշտ տարածքային-հաղորդակցային հնարավորություններ ստանալու մասին: Նամակի հեղինակների տեքստից կարելի է դատել, որ արցախյան խնդիրը լուծված է, և այն կարող է ներառվել ցանկացած գործընթացում, այնինչ նման կտրուկ անդրադարձերը կարող են հանգեցնել լուրջ պատերազմական գործողությունների:
Որպես վերջաբան կարելի է առանձնացնել նաև Ծռերի կողմից ապրիլյան պատերազմի շահարկումը որպես ՌԴ ազդեցությունից ազատվելու ալիքի սկիզբ: Հնարավոր է արևմտամետների համար այդ խոսքերը ականջահաճո են, բայց հայրենիքի համար մղված Քառօրյա պատերազմը սեփական ամբիցիաների համար օգտագործելը ավելին է, քան անբարոյականություն: