Ինչպե՞ս կարելի է անվանել իրար հետևից շարունակվող և վերջ չունեցող սերիալները: Շատ սպասված վերջաբան-«Դժվար ապրուստ», և սկսվեց նորը: Երեկ,վերջացավ «Գեներալի աղջիկը», այսօր սկսեց նորը: Եւ ահա նոր սերիալ, նոր ողբ: Ի՞նչ է կոչվում այս ամենը՝ բիզնես, դերասանների համար աշխատանք, ժողովրդին պահել էկրանների առջև, որպեսզի չհասկանան, թե ինչ դժվար է այսօր ապրել և մնալ Հայաստանում, որտեղ իմաստը մենակ էս ժողովրդի ուղեղը սառեցնելն է: Պատճառները շատ են, ինչպես այսօրվա սերիալները: 8-ից 10 սերիալ կլինի երևի, որոնք ցույց են տալիս ողբ, դառնություն, խուլիգանություն, անբարոյականություն, դավաճանություն, սպանություն, բառեր կան, որ հայերեն չեն և ազդում են մեր ապագա սերնդի դաստիարակության վրա: Մի երկու սերիա յուրաքանչյուր սերիալից երբ նայում ես, տեսնում ես, որ 10-ից 9-ը դերասանական ոչինչ չունեն: Եվ մենք զարմանում ենք, թե ինչու են այսքան շատ մեր երկրում տեղի ունենում սպանությունները, դավաճանություները, խուլիգանություններն ու անբարոյականությունները: Հիմա դեռ մեր սերնդակիցները դաստիարակվել են ժամանակին մեզ հասած հայկական ավանդույթներով, իսկ մեր երեխաները արդեն իսկ սկսում են դաստիարակվել սերիալների անբարո բառերով և վարքագծերով: Ի՞նչ է սպասվում մեզ 5, 10, 15 տարի հետո: Մի՞թե մեղք չենք, սրան վերջ չկա՞: Մինչև ե՞րբ ու ինչքա՞ն են պատրաստվում էս ժողովրդին պահել սթրեսի մեջ ու էս երիտասարդ սերնդին սովորեցնել նման անբարո կյանք, ի՞նչ պետք է սովորեն մեր երիտասարդությունն ու մեր երեխաները էս սերիալներից: Չե՞ք կարող գոնե մի սերիալ նկարել, որտեղ որ կարելի է մարդկային արժեքներ կամ դաստիարակություն սովորել:



