«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ամեն մի հանցագործություն իր պատճառներն ունի: Եթե ես, ենթադրենք, շուկայից խնձոր եմ գողանում, ապա շատ հավանական է, որ ես խնձոր շատ եմ սի­րում և փող չունեմ այդ միրգը գնելու համար: Եվ երբ ես դրա համար դատարանի առջև կանգնեմ, շատ հավանական է, որ կհայտնվեն իրավապաշտպան­ներ, որոնք կոչ կանեն խորանալ իմ հանցագործության պատճառների մեջ, ինչպես նաև իմ կալանա­վորումը կորակեն որպես խոսքի ազատության սահմանափակում, բանի որ ես լրագրող եմ:
 
Եթե գործ չունենք անմեղսունակ մարդու անբուժելի պաթոլոգիաների հետ, ապա բացատրություններ, ար­դարացումներ, դրդապատճառներ, «մոտիվներ» միշտ էլ կան:
 
Կինը կացնահարելով սպանել է քնած ամուսնուն: Անպայման պետք է խորանալ պատճառների մեջ: Գուցե նա այդ ձևով պայքարում էր ընտանեկան բռ­նությունների դեմ: Եվ ընդհանրապես՝ ինչո՞ւ չմտա­ծենք, որ դա ապստամբություն էր Հայաստանում ստեղծված այն իրավիճակի դեմ, երբ տղամարդիկ ստրկական վիճակում են պահում կանանց և սահմանափակում են նրանց իրավունքները: Բա ի՞նչ պիտի աներ, եթե պետությունը նրան չի պաշտպանում: Կամ Սևանում ծեծկռտուք է տեղի ունեցել, մարդ է սպանվել, հետո սպանվածի որդին վրեժ է լուծել, որի արդյունքում եղել է երկրորդ զոհը: Պետք է խորանանք դրա պատճառների մեջ՝ գուցե առաջին դեպքում սպանվածը սպանողներին «դավադիտ էր արել», իսկ երկրորդ դեպքում որդին, չհավատալով հայաստանյան արդարադատությանը, այլ ելք չէր տեսնում, քան ինքնադատաստան տեսնելը:
 
Ինքնին նման քննարկումներն, ինձ թվում է, խոսում են ձեր հասարակության լուրջ հիվանդության մասին: Իշխանության, ընդդիմության, իրավապաշտպաննե­րի և ընդհանրապես քաղաքացիների մեծ մասը վս­տահ է, որ «որոշ, բացառիկ դեպքերում» օրենքները կարելի է ոտնահարել՝ հանուն ինչ-որ կարևոր, «վեհ» նպատակների: Պետություն կունենանք այն դեպքում, երբ օրենքի խախտումը միանշանակ դատապարտվի, և դրանից հետո միայն «խորանանք պատճառների մեջ»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել