Իսրայելական «Հաարեց» թերթում լույս տեսած հոդվածը, որտեղ հղումներ է արված Իսրայելի զբոսաշրջության նախարար Յարև Լևինին, մեծ իրարանցում է առաջացրել Բաքվում։ Լևինն ակամայից բացահայտել է այն, ինչ Բաքվում չէին ցանկանա բացահայտել։ Լևինի բացահայտումները մեծ հարված կարող են հասցնել Ալիևին թե՛ ներադրբեջանական, թե Ադրբեջանի արտաքին հարաբերությունների բնագավառներում։
Իսրայելի զբոսաշրջության նախարարը հրեական պարբերականին ասել էր, որ Իլհամ Ալիևի ընտանիքը շատ մեծ ներդրումներ է արել Իսրայելի անշարժ գույքի շուկայում, ինչպես նաև այն, որ ապշերոնյան բռնապետի որդին վերջին մի քանի ամիսն անցկացրել է Իսրայելում։

Իսրայելական պարբերականում լույս տեսած այս հարցազրույցին շատ օպերատիվորեն պատասխանել են Բաքվից, և պատասխանել են նախագահի արտաքին կապերի օգնականի՝ Նովրուզ Մամեդովի մակարդակով, որը հրապարակվել է ադրբեջանական պետական ԱզերԹաջ գործակալությունը։ Նովրուզ Մամեդովն իսրայելական կառավարության անդամի հարցազրույցն անվանել է կեղծիք և զրպարտություն՝ ավելացնելով, որ Ալիևի որդին երբեք Իսրայելում չի եղել։
Իլհամ Ալիևը բավական նյարդայնացած է այս տեղեկությունների հրապարակումից։ Բաքվում մեծ հաճույքով այն կբարդեին հայկական լոբբիի վրա, սակայն Իսրայելի զբոսաշրջության նախարարը երբևէ աչքի չի ընկել իր հայասիրությամբ։

Ալիևի համար այս տեղեկության ջրի երես դուրս գալը մի քանի վտանգներ է պարունակում իր մեջ։ Դժվարին ֆինանսա-տնտեսական ժամանակներ ապրող Իլհամ Ալիևը, ով նույնիսկ չի կարող վճարել իր պարտքերը, ասենք, օրինակ, Ղազախստանին և Ադրբեջանի Միջազգաին բանկի այլ ներդրողներին և պարտքի վճարման ժամանակացույց է կազմել, ծածուկ ահռելի ներդրումներ է անում հրեական պետությունում։ Հիմա ինչպե՞ս է այս ամենն Ալիևը բացատրելու Նազարբաևին և այլ ներդրողներին։ Բացի այդ՝ Ալիևի այս արարքը մեծ դժգոհություն կարող է առաջացնել ադրբեջանական հասարակության մոտ, որն ամենաշատն է տուժել համաշխարհային շուկայում նավթի գների անկման պատճառով։ Մանաթի 100%-ով արժեզրկումը կրկնակի կրճատել է ադրբեջանցիների ֆինանսական հնարավորությունները։
Ալիևի այս գործելաոճը կարող է մեծ խնդիրներ ստեղծել Բաքվի համար նաև մահմեդական երկրների հետ հարաբերություններում։ Շատ մահմեդական երկրներ ծածուկ աշխատում են հրեաների հետ, բայց գերադասում են, որ այն գաղտնի մնա։ Ալիևի բացահայտված կապերը Թել Ավիվի հետ կարող են հարված հասցնել արաբական աշխարհի և Իրանի հետ Բաքվի հարաբերություններին, որոնցից շատերը գոնե բացահայտ պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Շատ արաբական երկրներ և Իրանը, որոնք «ըմբռնումով» էին մոտենում Բաքվի կողմից 5-6 միլիարդ դոլարի զենքի գնմանը Թել Ավիվից, հիմա կարող են բացատրություն պահանջել Իլհամ բաբայից։
Ամենաինտրիգայինը Լևինի հայտնածից Հեյդար Ալիևի Իսրայելում մի քանի ամիս գտնվելու մասին տեղեկությունն էր։ Ի՞նչ պատճառով Հեյդարչիկը կարող էր մի քանի ամիս անցկացնել հրեական պետությունում։ Նրա պարագայում երկու տարբերակ կա՝ ուսանող է կամ առողջական խնդիրներ ունի։ Երկրորդի հավանականությունը բավական մեծ է։ Շատերի մոտ, ով հետևում է Հեյդարի instagram-յան էջին, կա այն կարծիքը, որ Իլհամ Ալիևի որդին տարօրինակ է։ Աչքի են ընկնում նրա փնթիությունը և «անջատված» հայացքը։ Հենց սրանով է պայմանավորված այն, որ Իլհամ Ալիևն առաջ է մղում իր ավագ դստերը՝ Լեյլային, դեպի քաղաքական «Օլիմպ», այլ ոչ թե 20-ամյա որդուն, որին մինչև հիմա չի նշանակել որևէ նոմինալ պաշտոնի, ինչպես դա ժամանակին անում էր կնոջ և դուստրերի պարագայում։
Համոզված եմ, որ Թել Ավիվն ամեն ինչ կանի, որ կոծկի իր նախարարի բացահայտումները, քանի որ Իսրայելի համար Ադրբեջանը շատ կարևոր երկիր է. վերջինս ոչ միայն ահռելի քանակությամբ զենք է գնում և մեծ ներդրումներ անում իսրայելական տնտեսության մեջ, այլև հրեաների համար Ադրբեջանը պլացդարմ է Իրանի վրա հավանական հարձակման դեպքում։

Հ.Գ. Սա առաջին և վերջին սկանդալը չէ՝ կապված Իլհամ Ալիևի ընտանիքի օտարերկրյա ներդրումների պահով։ 2005թ.-ի գարնանը Բաքվում սպանվեց «Մոնիտոր» պարբերականի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովը, ով հանդգնել էր բացահայտել որոշ փաստեր Ալիև-Փաշաև ընտանիքների օֆշորային գործերից և օտարերկրյա ներդրումներից։ Նույն հարցի պատճառով Ալիևները սկզբից խայտառակեցին, իսկ հետո բանտարկեցին «Ազատություն» ՌԿ-ի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովային։ 2010թ.-ի մարտին ամերիկյան The Washington Post-ը հոդված էր հրապարակել, ըստ որի՝ Իլհամ Ալիևի 11-ամյա որդին՝ Հեյդարչիկը, 44 միլիոն դոլարի անշարժ գույք էր գնել Դուբայում։ Դուբայում մեծ քանակությամբ անշարժ գույք ունեն նաև Լեյլա և Արզու Ալիևաները։ Այս տարվա ապրիլին արևմտյան մամուլի կողմից հրապարակված «պանամական դոսյեում» անդրադարձ կար նաև Իլհամ Ալիևի ընտանիքի անդամներին, որոնք, գրանցվելով Պանամայի օֆշորներում, դրածո անձանց միջոցով ահռելի ունեցվածք են ձեռք բերել Լոնդոնի ամենաթանկ անշարժ գույքի շուկայում, ինչպես նաև բաժնետոմսեր ոսկու հանքերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել