Առավոտ էր, եռուզեռ է Մարկոսյանների տանը, Սուրբ Հարության տոնի առիթով  բոլորը վաղ էին արթնացել. պետք է հասցնել գնալ եկեղեցի, մասնակցել պատարագի, իսկ մինչև այդ շտկել Զատիկի սեղանը:

Արամը 7 տարի էր, ինչ ամուսնացել էր Մարիամի հետ, առաջին հայացքից հաշտ ու համերաշխ ընտանիք էին: Արամը քրտնաջան աշխատող, հոգատար ու ընտանիքին նվիրված ամուսին էր: Նրա շնորհիվ էր միայն, որ տանը տիրում էր խաղաղ մթնոլորտ, կնոջ կամակորությունն ու եսասիրությունը երբեմն այնքան էր հունից հանում ամուսնուն, որ վերջինիս այդ ամենը տանում էր միայն հանուն իրենց 5-ամյա դստրիկի, ում ամենաշատն էր սիրում:
Մարիամը Արամից 4 տարով փոքր էր, միասին էին աշխատում, հետո հապճեպ որոշեցին ամուսնանալ: Արամը որոշել էր, որ արդեն ժամանակն է, եթե աղջկան համակրում ու նրան պատկերացնում է որպես ապագա կին, ապա ինչո՞ւ ոչ:
Ամուսնությունից հետո հետզհետե ամեն ինչ փոխվեց, Արամը, լինելով անհանդուրժող ու հարաբերություններում բացարձակ առաջատար, չհասկացավ, թե ինչպես վայր դրեց իր բոլոր զենքերը՝ տուրք տալով կնոջ քմահաճություններին ու անտանելի կամակոր բնավորությանը:
Որքան էլ անախորժ եր ընտանեկան մթնոլորտը, սակայն այլ ելք չկար, շոշափելի էր որոշակի կայունություն, և զույգը դա բավարար էր համարում:

Իսկ այսօր նրանք կպատրաստվեին, Մարիամը կմտներ ամուսնու թևը, ու փոքր-ինչ դանդաղ քայլերով կգնային եկեղեցի, դանդաղ, որպեսզի իրենց փոքրիկը կարողանար հասնել ծնողներին:

Արդեն կես ժամ է՝ ուշանում էին, Մարիամը ինչպես միշտ գեղեցկանում էր հայելու առջև՝ չմոռանալով դժգոհել նոր զգեստի բացակայությունից ու իր իսկ բնորոշմամբ՝ իրեն բաժին ընկած «սև բախտից»:
Արամի համար արդեն սովորական էին դարձել նման խոսակցությունները, դրա համար էլ առանց որևէ արձագանքի նա շարունակում էր հագցնել դստրիկին, քանի որ եթե հույսը դներ կնոջ վրա, ապա անպայման ավելի կուշանային:
Քարորդ ժամ անց նրանք արդեն քայլում էին դեպի եկեղեցի: Պճնված Մարիամը մտել էր ամուսնու թևը, թեև դժգոհ, սակայն հպարտ, փոքր-ինչ մեծամտորեն նայում էր աջ ու ձախ՝ չափչփելով բոլորին:
Նրանք գրեթե հասել էին եկեղեցի, երբ Մարիամը հիշեց, որ մոտակա խանութից պետք է ինչ-որ բան գներ: Նա, թողնելով ամուսնուն և աղջկան, արագ մտավ խանութ: Արամն էլ սկսեց խաղալ աղջկա խոպոպիկների հետ:


- Բարև, Արամ, լա՞վ ես,- լսվեց հանկարծ:
Արամը քարացավ, ուղեղում ամեն ինչ խառնվեց, շփոթվեց ու միայն կարողացավ կմկմալով ասել.
-Բա-բա-րև, Նունե ջան, ո՞նց... ես... հա.. լավ եմ:
Նման շփոթված, կցկտուր պատասխան լսելով՝ Նունեն ակամայից քահ-քահ ծիծաղեց:
-Դու նույնն ես մնացել, ամեն անգամ, երբ չնախատեսված բան էր պատահում, սկսում էիր կմկմալ,- ժպտաց Նունեն:

Արամը շանթահարվել էր, չգիտեր՝ ինչ ասեր, ոնց իրեն պահեր, ինքն իրենից չէր սպասում, որ նման կերպ կարձագանքի՝ տեսնելով Նունեին: Նունե՛ն... ա՛խ, այդ Նունեն... Արամը նույնիսկ չէր հիշում՝ քանի տարի էր՝ նրան չէր տեսել, որքան ժամանակ էր հոսել նրանց միջև: Երբեմնի խենթ ու խելառ աղջիկը այժմ հասուն կին էր դարձել: Արամին թվաց, թե նույնիսկ ավելի էր գեղեցկացել, մի տեսակ հասունություն ու շքեղություն կար նրա մեջ, սակայն ժպիտը չէր փոխվել, աչքերի մեջ նույն կայտառությունն էր նշմարվում:

- Դու էլ չես փոխվել, ավելի ճիշտ փոխվել ես, բայց ավելի ես գեղեցկացել, Նուն ջան,- վերջապես երկար լռությունից հետո համարձակվեց ասել Արամը:
Նունեն դեռահաս աղջկա նման կարմրեց, նույնպես շփոթվեց, իսկ երբ նկատեց Արամի դստրիկին, միանգամից փոխեց թեման:
-Էս ի՞նչ հրաշք բալիկ է, անունն ի՞նչ է:
- Ես իրեն խուճուճիկ եմ ասում,- ասաց Արամը:
Խոսակցության ընթացքում Նունեն պատմեց, որ մի քանի ամիս է՝ ինչ ամուսնու հետ վերադարձել է Երևան. երկար ժամանակ արտերկրում էին ապրում, ամուսնուն ծանոթացել էր հենց այդտեղ, երբ մեկնել էր երկարաժամկետ գործուղման: Նունեն դեռ երեխաներ չուներ, ինչպես ինքն էր ասում՝ դեռ ժամանակը չէ:
Արամն ու Նունեն հիշեցին նաև իրենց ուսանողական կյանքը, ինչպես էին ծանոթացել, մտերմացել, չնայած երկուսի համար դժվար էր վերհիշել անցյալը, բայց թվում էր՝ այդ քաղցր հուշերը խնամքով դեռ փայփայում էին իրենց սրտերում:
Ողջ ժամանակ Արամի աչքերը փայլում էին, սիրտը քիչ էր մնում դուրս թռչեր կրծքից, բայց և աշխատում էր իրեն պահել այնպես, որ զրուցակիցը չհասկանա իր ոգևորությունը:
Նրանց խոսակցությունը դեռ երկար կշարունակվեր, եթե Արամի կինը՝ Մարիամը, փոթորկի պես հանկարծ չհայտնվեր: Առաջին անգամ Մարիամը սկսեց խանդել ամուսնուն. նա դժգոհությամբ ու հպանցիկ նայում էր Նունեին ու վայրկյան առաջ ուզում ընդհատել զրույցը: Նունեն իրեն փորձում էր բնական պահել, իսկ Մարիամի ներկայությունը մի տեսակ ճնշող էր:
- Դե լավ, շատ հաճելի էր, որ հանդիպեցի քեզ, Արամ, ավելի ճիշտ ձեզ... դե գուցե մի օր էլ էսպես կհանդիպենք, ի դեպ՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց,-  անհարմար լռությունը ընդհատելով՝ ասաց Նունեն:
- Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի, Նուն ջան, ուրախ եմ շատ, որ քեզ տեսա,- պատասխանեց Արամը:
-Վա՛յ, Նունիկը ո՞ւր է, երեխան գնաց եկեղեցու բակ,- հանկարծ բացականչեց Արամի կինը:
-Աաա, փաստորեն, երեխայի անունը Նունե է,- դուրս թռավ Նունեի բերանից:
Արամը ոչինչ չպատասխանեց, միայն կախեց գլուխն ու կարմրեց, Նունեն էլ նման անհարմար դրությունից փախչելու համար ցտեսություն ասաց ու շտապ հեռացավ:
                                                                                                         ***

556491_452820451404823_57368723_nԱրդեն երեկո էր:
Այդ հանդիպումից հետո Արամը մռայլվել էր: Չէր ուզում ոչինչ խոսել: Մի վայրկյանում ամեն ինչ տակնուվրա էր եղավ: Թվում էր՝ արդեն մոռացել էր նրան, բայց այդ հանդիպումն ամեն ինչ նորից ստիպեց վերապրել, իր խաղաղ ընտանեկան անդորրը խարխլվել էր:
Ա՛խ Նունե, Նունե... ի՞նչ խենթ ու հաճելի օրեր էին ապրել իրար հետ: Սիրում էին իրար անմնացորդ ու անվերապահ, աղջիկը թեև բավականին հակասական բնավորություն ուներ, բայց նվիրված էր, հոգատար ու անմնացորդ սիրում էր Արամին:
Արամն ամենից շատ հիշում էր, թե ինչպես միմյանց հետ վիճելուց հետո աղջիկը գրկում էր իրեն, ցածր ձայնով ասում՝ «կներես, հիմար եմ, սիրում եմ քեզ, գժվում եմ քեզ համար» ու սկսում էր կրքոտ անդադար ու խելակորույս համբուրել իրեն, մինչև որ Արամի սիրտը հալվում էր, ուզում էր այնպես գրկել աղջկան, որ ջարդեր բոլոր ոսկորները ու միաձուլեր աղջկա մարմինն իր մարմնին:

GItlGWPBZx8 (1)Քիչ էր մնում լացեր, երբ Արամը հիշեց այդ վայրկյաննները: Ամեն ինչ այնքան լուսավոր էր ու այդպես էլ կշարունակվեր, եթե ինքը հիմարաբար հանկարծ չորոշեր բաժանվել: Սերն էր սպառվե՞լ, թե՞ երջանկության ավելցուկն էր շատ, հիմա նույնիսկ Արամը չունի պատասխան: Ինչո՞ւ այդժամ դարձավ անկառավարելի ու որոշեց լքել Նունեին՝ 6 ամսվա դրախտը վերածելով դժոխքի Նունեի համար...

«Ա՜խ, Նունե, ես քեզ հետ երջանիկ կլինեի, դու ինձ իսկապես սիրում էիր, ի՞նչ ստացա ես արդյունքում. չգնահատեցի քեզ, իսկ կյանքը պատժեց ինձ՝ ուղարկելով Մարիամին», - շշուկով բարբաջում էր Արամը:
Արդեն խոր գիշեր էր, Արամը դեռ չէր կարողանում քնել, տանջվում էր անվերջ մտորումներից, անկողնու մեջ անդադար ոլորվում էր: Երազը, իրականությունն ու մտքերը խառնվել էին իրար: Վերադառնում էր իրականություն, երբ լսում էր կողքին քնած Մարիամի ծանր հևոցը:
Որքան Արամը կուզեր Մարիամի փոխարեն իր կողքին պառկած լիներ Նունեն, ի՛ր Նունեն, միայն գրկեր նրան ու զգար նրա բույրը, որը տարիների հեռավորությունից նույնն էր մնացել ու տենդագին ուժգնությամբ խենթացնում էր իրեն:


8IWljLmMCug

Արամը անվերջ մտածում էր, թե ինչ կլիներ, եթե ամուսնանար Նունեի հետ: Ախր, այդ ջինջ աչքերը ամեն օր տեսնելու համար նա պատրաստ էր ամեն ինչ զոհաբերել, իսկ հիմա, ի՞նչ, հայտնվել էր չսիրած մարդու կողքին, իսկ իր երազը՝ Նունեն, կորած էր անդարձ:

«Չէ, ճիշտ են ասում, արժեքը զգում ես միայն այն դեպքում, երբ կորցնում ես, իսկ Նունեի կորուստը շատ թանկ նստեց ինձ վրա»,- հուսահատ մտածեց Արամը՝ կտրուկ վեր կենալով մահճակալից ու շտապելով դուրս գալ սենյակից:

Այդ օրը նա նախընտրեց պառկել միջանցքի բազմոցին. ննջասենյակը ճնշող էր, այն խեղդում էր իրեն՝ հիշեցնելով անցյալի կորուստները, որի միակ հետքն իր դստեր անունն էր ու դառնալի ներկան, որից փախչել անհնար էր: Իսկ տան սառնությունը գուժում էր կորուսյալ ապագայի մասին, ապագա՝ առանց սիրո, ջերմության, առանց Նունեի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել