Երկու-երեք օր է՝ ներքին յուրօրինակ, աննկարագրելի, անբացատրելի զգացում եմ ապրում: Անգամ չեմ կարող բնորոշել, թե ինչպիսի զգացում: Որքան էլ տարօրինակ թվա, պատճառը Ֆեյսբուք սոցիալական ցանցով ստացած, առաջին հայացքից շատ սովորական ու առօրեական բնույթ ունեցող, գրագետ շարադրված մի նամակ է:
Նամակի հեղինակը, ում անունը հատուկ չեմ գրում, ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող է: Նամակի բովանդակությունն այսպիսին է. <<Բարեւ ձեզ, պարոն Ֆարմանյան: Ձեզ մի շատ կարեւոր խնդրանքով պետք է դիմեմ: Ես զինծառայող եմ, իսկ իմ ընկերը նոր է զորացրվել: Շատ լավ տիրապետում է հայերենին և ռուսերենին, նաեւ՝ անգլերենին։ Սովորում է Սլավոնական համալսարանի 1-ին կուրսում, անվճար: Այժմ աշխատանք է փնտրում, որ կարողանա ե՛ւ աշխատել, ե՛ւ սովորել: Շատ եմ խնդրում, հնարավորության դեպքում օգնե՛ք իրեն այդ հարցում: Ինքը, պարո՛ն Ֆարմանյան, շատ բարի եւ շատ լավ մարդ է, անկեղծ եմ ասում: Ես շատ եմ ցանկանում օգնել իրեն, որովհետեւ նա Մարդ է: Նախապես շատ շնորհակալ եմ>>:
Չափազանց տպավորված ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ նման վարքից, ում ընտանիքն ինքը, հավանաբար, տասնյակ խնդիրներ ունի, նամակին արագ արձագանքում եմ՝ խնդրելով տրամադրել ընկերոջ տվյալները, նրա հետ կապ հաստատելու, իրավիճակը հասկանալու ու հնարավորության դեպքում աջակցելու համար: Ու ստանում այսպիսի պատասխան.
<<Նախ՝ շատ-շատ շնորհակալ եմ արձագանքելու համար: Եթե անկեղծ ասեմ, պարո՛ն Ֆարմանյան ջան, ինքը նույնիսկ տեղյակ չէ, որ ես իր աշխատանքի համար տարբեր մարդկանց խնդրում եմ: Բայց ես այսպես շատ եմ ցանկանում օգնել իրեն: Ազնիվ խոսք, իր նման բարի, հայրենասեր ու լավ մարդ շատ քչերն են: Իր անունը ..........., իսկ հեռախոսահամարն է՝ ...........: Շատ շնորհակալ եմ ձեզ>>:
Վստահ եմ՝ ընկերներիս ու գործընկերներիս օգնությամբ Զինվորի ընկերոջը կօգնենք: Բայց ավելի կարևորն այլ բան է՝ նման ԶԻՆՎՈՐՆ ԱՆՊԱՐՏ Է: