Մեծ Բրիտանիայից ԱՄՆ Ֆլորիդա նահանգ վերջերս տեղափոխված Դենիս Անդերհիլն իր այգու բույսերն էր խնամում, երբ հանկարծ հիշեց 18 ամիս առաջ մահացած իր մորը, ով նույնպես շատ էր սիրում այգեգործությամբ զբաղվել։

Այդ ժամանակ Դենիսի մոտ մոր հետ խոսելու ցանկություն առաջացավ, սակայն նա գիտեր, որ անզոր է, ոչինչ չի կարող անել։ Հենց այդ պատճառով էլ նա որոշեց վերադառնալ տուն, բացել համակարգիչն ու Google Earth հավելվածի միջոցով «ճամփորդել» Միացյալ Թագավորությունում գտնվող իր մոր տուն, որը վաղուց արդեն վաճառվել էր այլ անձանց։

«Երբ տուն մտա, մորս հետ խոսելու անհագ ցանկություն ունեի, բայց քանի որ չէի կարող, որոշեցի բավարարվել միայն մորս տանը համացանցի միջոցով նայելով»,- պատմել է Դենիսը։

Google Earth հավելվածում իր մոր հասցեն որոնելուց հետո Դենիսն ուղղակի շոկ ապրեց․ իր մայրը, տան դիմաց կանգնած, բույսերն էր ջրում։

«Իսկապես ապշել էի, երբ Google Earth-ի արած լուսանկարում տեսա այն կադրը, որում մայրս ջրում է մայթեզրի բույսերը։ Կարծես, ինչ-որ մեկը ցանկանում էր, որ անպայման բացեի հավելվածն ու տեսնեի այդ կադրը»,- նշել է Դենիս Անդերհիլը։

https://www.photojoiner.net/image/yUk5KEHD

Նշենք, որ նրա մայրը մահացել էր դեռ 2015 թվականին։

Իր տեսակի մեջ այս դեպքը միակը չէր․ շատ անգամ է պատահել, որ մարդիկ Google Earth-ի միջոցով գտել են իրենց մահացած բարեկամների տան լուսանկարները, որոնցում հստակ երևում են հենց իրենց բարեկամները։

Մահացած բարեկամների լուսանկարները համացանցում տեսնելը ոմանց համար սարսափելի երևույթ է, սակայն շատերը, ինչպես Դենիսը, միայն ուրախ են, որ ունեն նման հնարավորություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել