Երբ մենք երեխա էինք, մեր սերնդի ծնողները շատ խիստ էին մեր հանդեպ, ամեն ինչ անում էին, որպեսզի մաքսիմալ կիրթ ու գրագետ մեծանանք, երեխայի շուրթերից դուրս եկած հայհոյանքը չներվող մահացու մեղք էր, մեր սերունդը չէր հայհոյում, այժմյան երեխաների պես չէինք. էն, որ մի բառադի հորեղբայր կամ քեռի են ունենում, սկսում են հայհոյել սովորեցնել ու երեխան թլոշ հայհոյում է, դինաստիայով սկսում են հրճվել։ Մեր ժամանակ նույնիսկ մեզ մոտ մեկը կիսաձայն թեթև հայհոյեր, կողքի անծանոթ մարդը գլուխը կջարդեր։ Այդպես էլ մեծացավ մեր սերունդը։ Ընկերս երկաթյա ձողը ծռեց մի անգամ մի խմածի գլխին, ով հանդգնել էր իր թաղի աղջիկներից մեկի մոտ հայհոյախառն արտահայտություններ անել։ Ես նույնիսկ հիշում եմ՝ առաջին անգամ ում եմ հայհոյել, ոնց և երբ։ Թերևս միակ արվածս հայհոյանքն է, որ չեմ փոշմանել, նույնիսկ լավ եմ զգում։ Փոքր երեխա էինք, վատ տարիներն էին, բոլորով վատ էինք ապրում, 1993 թիվն էր, 4-րդ դասարանից փոխվում էինք 5։ Մանկությանս ընկերը մի ձկան կարթ էր նվեր ստացել, երկուսիս ուրախությանը չափ չկար. մեզ համար դա աշխարհի ամենալավ բանն էր: Oրերով գնում էինք որդ հավաքելու, գիտեինք, որ բեղլուն սպիտակ որդին է խփում, կողակը՝ պատյանավոր: Չանգյալը գնում էինք Մաշտոցի պողոտայի որսորդական խանութից՝ 4-րդ համարը, գյուղի ավտոբուսով էինք գալիս, ավտոբուսի վարորդը գումար չէր վերցնում։ Մինչև հիմա ինձ համար գետի բեղլուի նման համով ձուկ չկա աշխարհում։ Մի օր իջանք ձոր, որոշեցինք մինչև երեկո լողալ գետում, հետո ձուկ բռնել։ Մի քանի քեֆչիներ էին եկել ձոր՝ խմելու, որոնցից մեկը սիրուհու հետ էր, մի քանի բաժակ խմելուց հետո որոշեցին, որ պիտի մեզ քշեն այդտեղից, չգիտեմ ինչի, իրենց թվում էր, որ կարող է տարածենք գյուղով մեկ իրենց քաջագործությունների մասին։ Նրանցից մեկը մոտեցավ գետին.
- Հելեք, գնացեք էստեղից։
- Հա բայց խի՞, ո՞ւմ ենք խանգարում, մեր համար լողանում ենք։
- Ձեզ ասում եմ՝ հելեք, գնացեք, ուշ ա արդեն։
- Ուշ չի, մենք տանեցիներին ասել ենք, երեկոյան էլ մնալու ենք՝ ձուկ բռնենք,- մատնացույց անելով ձկան կարթը։
Սա տեսնելով ափին դրված կարթը՝ մոտեցավ, վերցրեց.
- Եթե չհելաք գնացիք, ես կարթը կգցեմ գետը։
- Չենք գնալու վայ, էս ձեր սեփականը չի...
Մենք, չվերջացրած մեր խոսքը, սա կարթը գցեց գետն ու սկսեց հռհռալ։ Սրա հետ մնացած քեֆչիները նույնպես սկսեցին հռհռալ՝ բացի մեկից։ Սա սաստեց, մոտեցավ մեզ, մենք սնքրտալով, ջրի մեջ սուզվելով մեր անգին հարստությունն էինք փնտրում, առաջին անգամ էինք բախվում անարդարության։ Ինքն էլ հանվեց, սկսեց մեզ հետ կարթը փնտրել։ Մոտ կես ժամից ավել ման եկանք, մինչև գտանք։ Գտանք, աչքերներս սրբելով եկանք մեր շորերը հագանք, ես մի քիչ հեռացա, բարձրացա վերև, հաշվարկեցի, որ էստեղից չեն հասնի հետևիցս ու ամբողջ հոգով ու սրտով գոռացի՝ *ոզի տղերք, ես ձեր մաման... Քիչ հեռու համագյուղացիներ կային, առաջին անգամ ինձանից բարձր հայհոյանք լսելով՝ վազեցին դեպի մեր կողմ, քանի որ հերիք չի՝ հայհոյանք էր, հետն էլ՝ նման մահացու վիրավորանքով։ Եկան հարց ու փորձից հետո, արդեն իմ տված հայհոյանքից վախեցած ու ամաչելով, սնքրտալով պատմեցի եղելությունը։ Քիչ անց քեֆչիների քեֆը կոնկրետ հարամվեց։ Հասնելով տուն՝ մի երկու օր սարսափով սպասում էի, որ հորս կամ պապիկիս խաբար չտան արածս «հերոսությունը», սարսափում էի պատժից։ Երկրորդ օրը քեֆչիներից մեկը, իմանալով՝ ում տղան եմ, եկավ մեր տուն՝ ներողություն խնդրելու։ Հետաքրքիրն այն էր, որ դա այն մեկն էր, ով մեզ հետ կես ժամից ավել կարթն էր ման գալիս։ Տեսնելով իրեն՝ փախա տանից։ Ուշ եկա ու վախով, որ պիտի հայրս պատժի։ Մտա տուն, նայեց, նայեց, քմծիծաղ տվեց.
- Տղաս բոեվիկ ա դառել, վրաներս խաբար չկա։
- Ես էլ իբր շեղելու համար ասացի՝ բայց ինչի էր ինքը ներողություն խնդրում, ինքը չէր արել, դեռ մի բան էլ օգնեց։
- Եթե տենցների հետ գնացել, նույն սեղան է նստել, հաց կիսել, ուրեմն՝ իր ներողությունն էլ տեղին էր, պիտի իմանա՝ ում հետ որտեղ է գնում։
Անցել են տարիներ, ու հիմա հայհոյանքը կարծես սովորական առօրյա-խոսակցական բառապաշարի մի մաս լինի՝ լրիվ կորցրած իր արժեքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել