Օրերս ադրբեջանական կողմը վերստին կրակ է բացել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի, մասնավորապես՝ Չինարի եւ Բարեկամավան գյուղերի վրա: Թշնամու թիրախում եղել են բացառապես խաղաղ բնակիչներն ու ռազմական նշանակություն չունեցող օբյեկտները, բնակելի տները:
ՔԿ երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ հակառակորդի կողմից հուլիսի 20-ին Տավուշի մարզի Չինարի գյուղը գնդակոծելու, մանկապարտեզի, գյուղացիների գույքը ոչնչացնելու, վնասելու, անչափահասին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:
Ըստ այդմ՝ հուլիսի 20-ին հակառակորդը օրվա գրեթե ամբողջ ընթացքում կրակոցներ է արձակել Չինարի գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակիչների, այդ թվում՝ թշնամու դիպուկահարը կամ դիպուկահարները փորձել են սպանել գյուղի գերեզմանատանը գտնվող մի 17-ամյա տղայի, ով, սակայն, կարողացել է պատսպարվել գերեզմանաքարերի հետեւում: Պատանին մոտ երկու ժամ մնացել է թաքստոցում, մինչեւ որ ավելի ուշ ժամի հաջողվել է անվնաս հեռանալ թշնամու թիրախում հայտնված գերեզմանոցից:
Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ Չինարին տեւական ժամանակ գնդակոծության է ենթարկվել, ինչի հետեւանքով վնասվել են գյուղի մանկապարտեզը, բնակելի տներ, գույք, խոտի հակերը: Նախնական տվյալներով՝ պատճառված վնասը կազմում է ավելի քան 12 մլն դրամ։
Ավելի վաղ տարածված տեղեկություններից հայտնի է, որ կոնկրետ Չինարիում թշնամու կրակոցներից վնասվել են գյուղի մանկապարտեզի տանիքը, մի քանի բնակելի տներ, գյուղացիներից մեկի անասնագոմն ու այնտեղ կուտակված խոտի դեզը, որ հրո ճարակ է դարձել: Թշնամու կրակոցների հետեւանքով նաեւ մեկ տրակտոր է վառվել ու շարքից դուրս եկել:
Թշնամին հուլիսի 21-ին էլ կրակել է Բարեկամավան գյուղի ուղղությամբ, սակայն այս դեպքում՝ առանց էական հետեւանքների:
Թշնամու կողմից խաղաղ բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին թիրախավորելու աղաղակող փաստերի վրա ուշադրություն է հրավիրել նաեւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
ՄԻՊ գրասենյակի տարածած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ադրբեջանական զինված ուժերի կողմից 2017թ. հուլիսի 20-22-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ:
Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են հատկապես քաղաքացիներին եւ նրանց գույքը, գնդակոծում են գյուղերի դպրոցները, մանկապարտեզները, բնակելի տները, հատկապես օրվա այն ժամերին, երբ ավելի մեծ է խաղաղ բնակիչների կյանքին եւ առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը:
ՄԻ պաշտպանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հրապարակայնորեն դատապարտի քաղաքացիական բնակչության թիրախային գնդակոծությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի պայմանավորվածության համաձայն՝ վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բարեկամավան գյուղերի գնդակոծությունների ու դրանց հետեւանքների վերաբերյալ տվյալները հատուկ սկզբունքով կամփոփվեն եւ կներկայացվեն հանձնակատարին:
Ի՞նչ կարելի է ասել այս ամենի վերաբերյալ:
Թե ինչ է մեր թշնամին եւ ինչ կարգի ստորությունների է ունակ, կարծում ենք՝ հանրահայտ է, եւ այս վերջին սրիկայությամբ չէ, որ պիտի պատկերացում կազմենք: Կա նման արտահայտություն՝ «թշնամու դեմոնիզացիա», բայց դա հաստատ մեր դեպքը չէ, որովհետեւ այս կոնկրետ թշնամին մշտապես նույն հակամարդ տեսակի մեջ է: Բայց դա՝ դեռ մի կողմ:
Ամենից առաջ աչք է ծակում այն, որ, այսպես կոչված, «միջազգային հանրությունից» ձեն-ձուն չկա: Մասնավորապես, ինչ-որ չենք նկատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, թեկուզ «հերթապահ ձեւակերպումներով» հայտարարությունը Չինարի գյուղի վերջին գնդակոծության վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է, թե նրանք սպասում են, որ մեր զինված ուժերը դիմեն պատասխան գործողությունների, եւ այդժամ միայն դիմեն «երկու կողմերին»։
Թե ինչու է թշնամին հատկապես խաղաղ բնակչությանը թիրախավորում, կարծում ենք՝ մենք մեզ լրացուցիչ բացատրելու կարիք նույնպես չունենք: Ամեն ինչ ակնհայտ է, բազմիցս քննարկված, մեկնաբանված: Բովանդակային առումով գրեթե ոչինչ չի փոխվել:
Նմանապես պարզ է, թե ինչը կարող է առժամանակ խաղաղեցնել նման թշնամուն. ըստ էության՝ ցավալի, բայց թերեւս միակ տարբերակն այն է, որ մեր խաղաղ բնակավայրի գնդակոծման դիմաց ավերակի վերածվի թշնամու մի քանի բնակավայր: Եթե դիմացի հակամարդը հասկանում է միայն այդ «լեզուն», ուրեմն համապատասխան «լեզվով» էլ պետք է նրա հետ «խոսել»:
Հետաքրքիր է նաեւ մեկ այլ երեւույթ: Երբ, օրինակ, հայտնի դարձավ, որ բնակավայրում դիրքավորված ադրբեջանական կրակակետերին վերջերս մերոնց հասցրած հակահարվածի հետեւանքով նաեւ մի խաղաղ բնակիչ է սպանվել ու նրա երեխան, հայկական հասարակական շրջանակներում, մասնավորապես՝ սոցցանցային տիրույթում դա ակտիվ քննարկումների առիթ դարձավ:
Ըստ որում՝ առանձին մարդիկ ցավ էին հայտնում, որ նման բան է տեղի ունեցել, անգամ կարեկցանքի արտահայտություններ կարելի էր նկատել եւ այդպես շարունակ: Ճիշտ է, դրանք տիրապետող տրամադրություններ չէին, բայց, ամեն դեպքում, նման դրսեւորումներ եղան: Դե, սուբյեկտներ կան, որ միայն թշնամուն ցավակցելու համար են ակտիվանում, եւ դեռ հարց է, թե նրանք ովքեր են իրականում:
Մինչդեռ, տեսեք, թշնամին կրակի տակ է վերցրել մեր սահմանամերձ ու սահմանապահ Չինարի գյուղի մանկապարտեզը, մեծ վնաս է պատճառել՝ չհաշված արդեն մնացածի ու հատկապես 17-ամյա պատանու վրա դիպուկահար «որս» անելու մասին: Ու... ոչինչ: Նույն այդ սոցցանցերում ու հանրային հարթակներում հիմնականում լռություն է:
Եթե քննչական կոմիտեի ու ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունները չլինեին, ապա վախենամ՝ Չինարիի ու Բարեկամավանի վերջին գնդակոծությունների մասին տեղեկություններն այդպես էլ կկորչեին շաբաթօրյա լրահոսում:
Մեզ համար, ի՞նչ է, այդքան սովորական ու առօրյա մի բա՞ն է դարձել մեր խաղաղ բնակավայրերի ու խաղաղ բնակիչների գնդակոծումը: Մինչդեռ դա լուրջ առիթ է ինչպես վերը հիշատակված «միջազգային հանրության» ուշադրությունը կատարվածի վրա հրավիրելու, այնպես էլ մեր սահմանապահ հայրենակիցներին աջակցելու համար:
Սակայն ոչ մեկն ենք տեսնում, ոչ էլ մյուսը: Ու դա իսկապես ցավալի է: