Հանրային խոսքի համար ամենամեծ փորձությունը սոցիալական ցանցերն են։ Եթե նախկինում հիմնականում պետական պաշտոնյաներն էին մտահոգվում իրենց ասածի հանրային արձագանքի համար, ապա այժմ յուրաքանչյուր ոք կարող է արժանանալ հասարակության պարսավանքին կամ գովեստին։ Պետք է հաշվի առնել, որ հանրային գնահատականը նույնպես կարող է լինել միակողմի, զգացմունքային, ու բնավ նշանակություն չունի, թե դուք իրականում ինչ էիք ուզում ասել։ Եթե նույնիսկ գտել եք հավերժական խաղաղության, սիրո կամ մարդկության փրկության բանալին, ապա բավական է փոքրիկ անճշտություն, չհասկացվածություն կամ չար դիտավորություն, և վերջ, կգամվեք հանրային պարսավանքի սյանը։
Եվ քանի որ մենք սոցիալական ցանցերը չենք կարող փակել (կամ չենք ուզում), հարց է առաջ գալիս՝ իսկ ի՞նչ անենք։ Վերջնական լուծում, իհարկե, չկա, բայց մարդկության փորձը ցույց է տալիս, որ այս կարգի խնդիրներն ինչ-որ կերպ հնարավոր է կարգավորել։
Նախևառաջ պետք է հիշել՝ ինչ էլ անեք, ինչ էլ ասեք, միևնույն է, դժգոհողներ լինելու են։ Հետևաբար, պետք է սոցցանցի գնահատականին վերաբերվել հումորով ու ներողամտությամբ։ Բայց չափի մեջ, որպեսզի արժեքավոր դիտարկումները չվրիպեն ձեր ուշադրությունից։ Արժե նաև մտածել սեփական մոտեցումների մասին՝ որքանո՞վ եք պատրաստ քննադատությանը, երբեմն նաև՝ չար հումորին։
Թեև ոչ ոք չի սիրում քննադատություն, բայց պետք է փորձել համակերպվել այն մտքին, որ ցանկացած հրապարակային խոսք կարող է արժանանալ հրապարակային արձագանքի։ Ուզենք, թե չուզենք, պետք է համակերպվենք ժողովրդավարության ու ցանցային իրականության թելադրած խաղի կանոնները։
Հանրային ելույթից, գրառումից, հարցազրույցից առաջ պետք է ամենայն մանրամասնությամբ պատրաստվել։ Գրել հավանական հարցերը, վերլուծել հնարավոր հետևանքները, ուսումնասիրել լսարանը և այլն։ Միշտ պետք է հիշել, որ ձեր ամենաբարի ու սրտացավ խոսքը ոմանց կողմից կարող է բացասաբար ընդունվել։ Չէ՞ որ մարդիկ տարբեր կրթական մակարդակ և տարբեր ընկալումներ ունեն։
Եվ վերջում՝ եթե նույնիսկ ոմանք ձեզ «ճիշտ չեն հասկացել», դա ողբերգություն չէ։ Պետք է փորձել բացատրել նրանց, մանրամասներ ներկայացնել, այլ կերպ ասած՝ հետևել արձագանքներին ու շտկել չհասկացված ուղերձները։
Եվ ամենավերջում՝ երբեք մի կորցրեք հումորի զգացումը։ Ոչինչ հավերժ չէ այս արևի տակ՝ ոչ դիրքը, ոչ պաշտոնը, ոչ հեղինակությունը, ոչ էլ խոսքը։
#ԵվԱյնուամենայնիվԿյանքըՀիասքանչԷ