Օգոստոսից մեկից  ATV հեռուստաընկերությամբ մեկնարկում է «Անհայտ հասցե» նախագծի երկրորդ եթերաշրջանը: Այն իր տեսակով միակ հեռուստանախագիծն է հայկական եթերում, որտեղ մասնակիցները երկու ամիս շարունակ ապրելու են անտառներում և լեռներում: Մասնակիցների միակ խնդիրն է փորձություններ հաղթահարելով վաստակել իրենց օրվա սնունդը և ստանալ միավորներ: Նախագծի հեղինակ-հաղորդավարն է Արայիկ Համբարձումյանը: 

«Առաջին եթերաշրջանի ժամանակ ընտրել էինք հայտնի մարդկանց, իսկ երկրորդի համար անցկացրել ենք քասթինգ: Ընտրված մարդկանց միտում ունենք ավելի հայտնի դարձնելու: Այս հաղորդման միջոցով ուզում ենք ցույց տալ մեր հայկական լեռնաշխարհը, ինչպես նաև քչերի համար անհայտ վայրերը, ուզում ենք նաև շեշտը դնել տուրիզմի վրա: Պրոպագանդում ենք առողջ ապրելակերպը: Օրինակ՝ նախագծի շրջանակներում կլինեն «չծխելու օրեր», որոնց ժամանակ պարզապես արգելվելու է ծխելը»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց նախագծի հեղինակ-պրոդյուսեր Սահակ Ասատրյանը։

Նախագծի մասնակիցները 22-ն են, ովքեր օրվա ընթացքում կատարում են հանձնարարություններ: Իսկ մասնակիցներն ընտրվել են հետևյալ սկզբունքով՝ եթերային արտաքին, ատլետիկ տվյալներ, անտառներում գոյատևելու ունակությունները:

«Ունենք աղջիկ մասնակից, ով Հայաստանի եռակի չեմպիոն է, ունենք տղա, ով ավելի փափուկ բնավորությամբ է, այսինքն՝ մասնակիցներն ունեն տարբեր մասնագիտություններ, ինչպես նաև բնավորության գծեր»: 

Ի դեպ, հաղթող մասնակիցներին տրվում է դեպի Եվրոպա ուղևորության երկու տոմս:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել