«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ինչ են Սոչիում քննարկել Պուտինը և Ալիևը: Երբ հայաստանյան լրատվամիջոցներն այդպես են հարցը դնում ու սկսում են իմպերատիվ, հաստատական տոնով ինչ-որ մտքեր շարադրել, ես անկեղծորեն զարմանում են դրանց իրազեկության վրա: Ուրեմն մեր որևէ կայք այն աստիճանի մտերիմ է Պուտինի կամ Ալիևի հետ, կամ ծայրահեղ դեպքում՝ այն մարդկանց հետ, որոնց այդ երկու ղեկավարները ամեն ինչ պատմում են, որ կարող են այդ իրենց պատմածները վերաշարադրել հոդվածի տեսքով:
Հասկանալի է, որ այդ երկրների հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ են առաջացել՝ վերջին վկայություններից մեկը, կարծում եմ, Վրաստանում ռուսաստանյան զինված ուժերի կողմից Բաքու-Սուփսա գազատարի «գրավումն» է:
Բայց դրանց մասին կարելի է խոսել միայն երևացող փաստերի, այսինքն՝ հետևանքների վրա հիմնվելով, ինչպես և անում են պրոֆեսիոնալները (նկատի ունեմ BBC-ի հրապարակումը), և ոչ թե սուրճ նայող տատիկի նման ենթադրություններ անել, թե ով ում ականջին ինչ է քչփչացել:
Դե, եթե հայաստանյան կայքերը գիտեն, թե ինչի մասին են խոսել Պուտինն ու Ալիևը, ուրեմն հաստատ կիմանան, թե որն էր, ասենք, Հայաստանի նախագահի և վարչապետի զրույցի թեման: Եվ այստեղ արդեն ոչ միայն թեման գիտեն, այլև զրուցակիցների ձայների ելևէջները, ով որ պահին է ոտքի կանգնել և ինչ հայացք է նետել դիմացինի ուղղությամբ:
Մարդիկ մտածում են՝ եթե այդ մանրամասներով գիտեն գաղտնի հանդիպումների մասին, ուրեմն նրանց գրածները ճիշտ են: Միամիտ ընթերցողներն ու օգտատերերը չեն կարող ենթադրել, որ այդ մանրամասները նույնպես կարելի է հորինել:
Իհարկե, դրան նպաստում է իշխանությունների (ոչ միայն մեր) անիմաստ գաղտնապահությունը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել