Լրագրողի այն հարցին, թե Բաքվի դատարանի կողմից 3 տարի ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավարությանն արդյոք հետևել են Կրեմլում և կարող է պահանջեն էքստրադիցիայի ենթարկել վերջինիս Ռուսաստան, ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը շատ լակոնիկ պատասխանել է. «Ո՛չ, դա Կրեմլի թեման չէ»։

Որքան կարելի է կռահել հարցից, դրա հեղինակն ադրբեջանցի է, որը կատարել է Բաքվից ստացած հրահանգը՝ այդպիսի հարց ուղղելով Պուտինի մամլո քարտուղարին և փորձելով առնաձնահատուկ ուշադրություն գրավել Լապշինի ազատազրկման շուրջ։ Սակայն Պեսկովը շատ մատչելի հասկացրել է, որ Լապշինի գործն «այդ տրամաչափի չէ», որ նրանով հատուկ հետաքրքրվեն Կրեմլում։
Հիշեցնեմ, որ երեք պետությունների՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր դատապարտել է 3 տարի ազատազրկման։
«Լապշին շոու»-ն հիմա էլ այլ ուղղությամբ է տարվում։ Ժամանակին Կիևը և Թել Ավիվը, ովքեր շատ ակտիվ մասնակցում էին ազերիների այս ֆարսին և օգնում էին Բաքվին, Լապշինի գործը հիմնականում թողեցին Մոսկվայի ուսերին։ Դա հատուկ ծրագրված էր Իլհամ Ալիևի աշխատակազմում, քանի որ Լապշինը բավական թանկ գնով պետք է վաճառվել։ Բաքվում նախընտրում են բլոգերին փոխանակել «քարվաճառյան մարդասպաններ» Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։ Հատկապես Դիլգամ Ասկերովի, որը ՌԴ քաղաքցի է։

Հ.Գ. Տեսնես՝ ինչո՞ւ նույն հարցերով ազերի լրագրողները չեն դիմում Իսրայելի վարչապետի մամլո խոսնակին։ Պատասխանը շատ պարզ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել