Առաջ լավ էր։ Մարդկությունը կանխատեսելի աշխարհում էր ապրում՝ նյուտոնյան ֆիզիկայի կանոնների ներքո․ եթե գիտես բոլոր մարմիների դիրքն ու շարժման արագությունը ժամանակի տվյալ պահին, ապա կարող ես բանաձևերի միջոցով հաշվարկել դրանց դիրքերն ու արագությունները անցյալում էլ, ապագայում էլ։ Բա հրաշք չի՞։ Խնդիրը մենակ հանգում էր էդ բանաձևերի համար անհրաժեշտ փոփոխականների արժեքների մասին տեղեկացվածության չափին։ Էդ էլ ժամանակի ընթացքում կհավաքվեր, կհավաքվեր, ու մեկ էլ կգար մի պահ ու առռը քեզ... Անցյալի ու ապագայի կատարյալ իմացություն ու կանխատեսում։ Մարդը ծնվում է՝ ծնողները տվյալները համակարգիչ են գցում, ու համակարգիչը, ամփոփելով մեջը կուտակված ահռելի տվյալների բազան, հաշվում է, որ էսպես ու էսպես. էս երեխեն կմեծանա, մանկապարտեզը կգնա, էս դպրոցում ու էսպիսի գնահատականներով կսովորի, սրա աղջկան կսիրահարվի, էսինչ թվին կամուսնանա, էսինչ թվին էլ ծնողներին թոռներով կապահովի... Երջանիկ ծնողին մնում է միայն ապագա հարսին, մանկապարտեզից սկսած, մի լավ տնտղել-տիրություն անել ու վերջ. հանգիստ, անհոգ ծերություն։
Կամ քաղաքականությունը. պե՞տք է մեզ նստել, մտածել՝ հերթական ընտրությունները ինչքան կկեղծեն, երկրորդ փուլ կլինի-չի լինի, Սերժը Րաֆֆու մոտ կգնա-չի գնա։ Հրեն՝ ընտրությունից մի օր առաջ կարդում ես ֆիզիկոմաթեմատիկների հաշվարկները, ըստ որի՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրար մեջ հաջորդ պառլամենտն էսպես կամ էնպես են բաշխելու ու հանգիստ գնում քո գործին, քանի որ էդ նույն հաշվարկները վստահեցրել են, որ Րաֆֆու մոտ գնալ-կանգնելն, օրինակ, օգուտ չի տալու։ Հալալ էր Նյուտոնին, մի խոսքով։ Բարի ու հեռատես մարդ է եղել ծերուկը։
Բայց աշխարհում նախանձությունը շատ է։ Էս նախանձների մեջ ֆիզիկոսներ էլ կան, որքան էլ զարմանալի չլինի։ Նախանձ ֆիզիկոսները նստեցին ու հորինեցին քվանտային մեխանիկան՝ իր զիզիբիզի ու անհասկանալի օրենքներով։ Էս օյինբազները դրել ու ապացուցում են, թե ամեն ինչ պատահականությունից է կախված։ Քվանտն էս կողմ կերթա, թե էն կողմ, էսպիսին կլինի, թե էնպիսին՝ անորոշ է, քանի էդ պրոցեսը դիտարկող չի եղել։ Հենց լինում է՝ քվանտներն էլ կամ է՛ս արժեքն են ընդունում, կամ՝ էն։ Բա շանտղություն չի՞։
Շրյոդինգերի կատուն կիսամեռ-կիսասաղ սպասում է, թե դիտարկողը ե՞րբ կդիտարկի, որ իմանա՝ մեռնի՞, թե՞ հլա իր ոչուփուչ էությունն էս անորոշ իրականության մեջ քարշ տա։
Քանի ընտրության քվեատուփը չեն բացել, անորոշ է՝ ում ինչքան են լցրել։ Հենց էդ նույն դիտորդներով բացում են՝ տեղում կողմնորոշվում են՝ ո՞ւմ ավելացնեն, ումի՞ց անվավեր ճանաչեն, որ հստակություն հաստատվի։ Քվանտային մեխանիկա, պանիմայեշ։ Քվանտային ընտրություններ։ Քվանտային հասարակություն։ Քվանտային կառավարություն ու քվանտային ընդդիմություն։
Իսկ ֆիզիկոսներն էսքանով չեն բավարարվում (իրենց ընդհանրապես դժվար է բավարարել)։ Շարունակում են իրենց մուտիլովկաները։ Ասում են՝ քվանտներն իրար հետ հարաբերվելուց հետո կապակցվում են։ Ու էդ կապակցումը չեն կորցնում, նույնիսկ եթե էդ կապակցված զույգից մեկին պահես էստեղ, մյուսին տանես տիեզերքի ծերը։ Պատկերացնո՞ւմ եք. մի քվանտը, ասենք, Չարբախում է, Հանրապետության Հրապարակում կամ կարապի լճի մոտերքը, իսկ մյուսը՝ Յոնջլախ, Բաղրամյան կամ Կասիոպեա համաստեղության 3 միլիարդ հիսունյոթերորդ աստղի մակերևույթին ջերմամիջուկային ռեակցիաներին է մասնակցում... Ու իրար մասին տեղյակ են, իրար հետ թաքուն խոսում-բանակցում են։ Մեկն էստեղ իր վիճակը (սպինը) փոխում է, էն մինը տեղում, ակնթարթորեն, անհապաղ հակառակ վիճակ է ընդունում, թարսվում է, էսպես ասած՝ թքելով բոլոր լույսի արագությունների ու դրանց սահմանափակությունների վրա։ Դե գնացեք հետո հավատացեք կանխատեսելի կյանքին, տրամաբանական զարգացումներին։ Կոսմոսում լինի, թե քաղաքականության մեջ։ Ամեն ինչ տրամաբանությունից դուրս է էս աշխարհում։ Կարևորը՝ լավ դիտորդ լինի։
Հետգրություն. սիրում եմ էս քվանտային թեմաները, հո զոռո՞վ չի:
Նյութի աղբյուր՝ http://ovanitas.livejournal.com/67796.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել