Հուլիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում տեղի է ունեցել ՌԴ ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցել է Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Նիստը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:
Մասնակցում էին Միավորված կոլեգիայի անդամներ և երկու գերատեսչությունների կենտրոնական ապարատի վարչությունների ղեկավարներ: 

Նիստը ողջույնի խոսքով բացեց Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը:

Բացման խոսքով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության և Վոլգոգրադի մարզի ղեկավարությանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության տասնամյակների սերտ համագործակցությունը Միավորված կոլեգիայի կազմավորումից հետո վերածվել է ամենօրյա, տքնաջան ու հետևողական համատեղ աշխատանքի:

Նիստում քննարկվեցին կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ՌԴ ՆԳ նախարարության և ՀՀ ոստիկանության համագործակցության, օպերատիվ տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման հարցեր և Միավորված կոլեգիայի 2018 թվականի աշխատանքային պլանը: 

Քննարկման արդյունքներով օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին որոշումներ ու ստորագրվեցին ամփոփիչ փաստաթղթեր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել