Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո սոցիալական ցանցերում վերլուծությունների թիվ ու հաշիվ չկար։ Հնչում էր երկու թեզ՝ «Սամվել Բաբայանը մեղավոր է», «Սամվել Բաբայանը մեղավոր չէ»։ Որքան խորանում ես այս թեմայի մեջ, այնքան ավելի ու ավելի ես խճճվում։ Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել էր մարտի 22-ին՝ Վրաստանից Հայաստան ապօրինի կերպով «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելուն աջակցելու կասկածանքով։
Ինչևէ, քննարկումները՝ թեմայի վերաբերյալ, դեռ մինչև այսօր էլ կան, թեպետ ակտիվությունը նվազել է։ Երեկ այս թեմային անդրադարձել էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Վերջինս գրառում էր կատարել, որում մասնավորապես նշվում էր․ «Սամվել Բաբայանի նկատմամբ հարուցված գործը շինծու է, անհիմն է, հանդիսանում է ակնհայտ քաղաքական հետապնդում և նա քաղաքական բանտարկյալ է»:
Բաբայանի մասնակցությամբ սա միակ աղմկահարույց դեպքը չէ։ Նա աչքի է ընկել անցյալում մի շարք սպանություններով, մահափորձով և նմանատիպ մի շարք քրեորեն պատժելի արարքներով, որոնք թերևս շատերին են հայտնի, և շատերն են հիշում։ Բաբայանի գործողություններից շատ մարդիկ են տուժել, և հարց է, թե ինչքան մարդ դեռ կտուժեր, եթե «Իգլան» բարեհաջող հասներ տիրոջը։
Իգլա զենիթահրթիռային համալիր բերողը չի կարող համարվել քաղբանտարկյալ, ինչպես նրան անվանում է Արթուր Սաքունցը։ Դժվարանում եմ պատասխանել՝ ծանո՞թ է արդյոք գործի մանրամասներին, թե ոչ, արդյո՞ք գիտակցում է, թե ում մասին է խոսում և ո՞ւմ է համարում քաղբանտարկյալ, սակայն Սաքունցի այստեսակ հանրային պահելաձևն այնքան էլ զարմանալի չէ։ Այս մարդը հաճախ է հայտնվել հանրային քննադատության կիզակետում հակապետական գործողության համար։ Նա պատրաստ է բոլոր հնարավոր ապապետական թեմաներում ներքաշվել, ակտիվանալ, որ իր արևմտյան ֆինանսավորողներին կարողանա ապացուցել՝ արդյունավետ կերպով խարխլում է պետականության հիմքերը։