- Եթե մեկը ջինսով կամ իմպըռտնի շորով եկավ, դպրոց չթողնե՛լ...
Մեր դպրոցի տնօրենի շանթաորոտ կարգադրությունն էր: Ղուկասյանի: Մի աչքը վնասված էր, ու պատանեկան անհոգ դաժանությամբ «Ցիկլոպ» էինք ասում, բայց որ հանկարծ ականջն չընկներ... Պատմության մասնագետ էր, ընդգծված ստալինիստ: Խիստ էր ու տեղն եկած տեղը, իր ահռելի թաթերով տնօրինական ապտակներ էլ էր հասցնում: Քանի ու քանի՜ կարգազանց աշակերտ է զգացել Ղուկասյանի ուժեղ ձեռքերի ծանրությունը: Բայց պատասխանատու մարդ էր, անչառ...
Պիոներական տողան էր: Ուշանալ չկար: Համ էլ ո՞նց կարող է դրոշակակիրն ուշանալ: Իսկ «կաստյումի շալվարս» լվացքի մեքենա նստելուց հետո դեռ չէր հասցրել չորանալ: Արդուկելը խնդիր չէր, բայց թաց էր... 
«Ջի՜նսը»,- անցավ մտքովս: Բայց հաջորդ պահին, ավտոգործի դասատու-հրահանգիչ Մելյան Վարանցովի ասած, արգելակման կոճղակի նման մի այլ միտք ծակեց: Հա՛, հենց ծակե՛ց. «Ղուկասյա՜նը...»: 
Ինչ կլինի, կլինի: 
Վզկապը փողփողում է, ճերմակ վերնաշապիկն անթերի է, թևքերը՝ մինչև արմունկները ծալած, իսպանականի ոճի ծոպավոր կարմիր «պիլոտկան» լոթիավարի թեք դրված է զսպանակող գանգուրներին: Իսկ ջինսն, անամոթաբար և սադրիչ, կապտին է տալիս: 
- Ներս բերել Տիեզերագնացների անվան դրուժինայի դրո՛շը,- զրնգուն ձայնում է դրուժինայի խորհրդի նախագահը՝ տնօրենի և կուսկազմակերպության նախագահ Անտոնյանի կողքին կանգնած: 
Էհ, ներս բերել, ուրեմն՝ բերել: Դրոշը, ինչպես հարկն է, ուսագոտու մակարդակի վրա, կրծքավանդակի առաջ կիսածալած ձախով, գոտկատեղի մոտ էլ ուղղահայաց կիսածալած աջով բռնած, շարային խրոխտ քայլով, թմբուկի համաչափ տամ-տարա-տարա, տամ-տարա-տարա, տամ տարա-տարա-տա, տա-տա-տա զարկերի «նվագակցությամբ» հանդիսավոր ներս է բերվում: Ռուսերեն «П»-ի գծով շարված դրուժինան ջոկատ առ ջոկատ պատվի է առնում, հենց դրոշով մոտենում եմ իրենց: 
Ու թվում է, թե ամբողջ դրուժինան ոչ թե դրոշին է նայում, այլ դրոշակակրի արգելված ջինսե տաբատին...
Կեսից հայացքս ղեկավարության կողմն է ընկնում, ու Ղուկասյանի դեմքի արտահայտությունը ոչ մի պայծառ ապագա չի խոստանում: Հիմա ինձ թվում է, որ եթե ծիծաղելի երևալու վախը չլիներ, նա այն ժամանակ կընդհատեր տողանն ու տեղում ջինսերը տիրոջ հետ, իհարկե, կտաներ «դիրեկտըրի կաբինետ»՝ էկզեկուցիայի: Նրա աչքում գրված էր. «Դու քո ճաշը կերար...»:
Բայց մի տեսակ ներվեց: 
Ինձ ու իմ դասարանցիներին շատ բան էր ներվում, չնայած ծանրաթաթ «դաստիարակությունից» ազնվորեն ու, ինչպես բոլորին, մեզ էլ էր բաժին հասնում: Բայց ներվում էր, որովհետև գերաշխույժ ու արկածահարույց լինելու հետ մեր դասարանն ուղղակի ֆենոմենալ էր աշակերտական երկու նստարանին բաժին ընկնող գերազանց և հարվածային սովորողների խտության տեսակարար կշռով: 
Ու միայն լուսանկարիչ Ստեփանի հավերժացրած պահի պատկերը կա որպես հիշատակ ուրիշ կյանքից՝ ապրած ուրիշ երկրում, որտեղ մնաց մեր մանկությունը:
«Տղա ջան, դու պիոնե՞ր ես, թե «հիտլերյուգենդ»»,- քմծիծաղեց հայրս, երբ ցույց տվեցի լուսանկարը: Հետո էլ, թե՝ «Ջի՜նս, ջի՜նս... բանվորական շոր ա էլի: Արդուկել պետք չի ու դիմացկուն է: Ուրիշ բան չկա»,- ասաց: 
Բայց «ուրիշ բան» կար՝ ջինսը: Այն չկար: Նկատի ունեմ այնպես, ինչպես հիմա, որ շորեղենի ցանկացած խանութից ինչ ռանգուֆասոնի ջինս ասես, որ չես գտնի: 
Իմ պատանեկության ջինսերը Մոսկվայից էին բերում, 50 և ավելի ռուբլով, կամ այլ հեռավոր տեղերից, եթե հաջողվում էր հեռավոր տեղի «պուծյովկա» ձեռք բերել: 
Մայրս իր պրեմիան զոհաբերեց իմ՝ ջինս ունենալու քմահաճությանը, չնայած երբեք հագուստեղենի նկատմամբ մի առանձնահատուկ հետաքրքրվածություն չեմ դրսևորել: Ընտիր ջինս էր: «Լևիս», ինչպես ասվում է: 
Հագա: Ու անմիջապես գնացի ֆուտբոլ խաղալու: Ես դարպասն էի պահում, այսինքն՝ ամեն ինչ անում էի, որ գնդակը հանկարծ չանցնի իրարից մի 4-5 մետր հեռավորության վրա դրված քարերի արանքով: 
Գնդակն այդ օրը չանցավ: Իսկ ջինսե նոր տաբատի ծնկները պատռվեցին: 
Հիմա, ասում են, մոդա է: Բայց եթե մեզանից մեկի հագուստը պատռված լիներ, կմտածեին՝ փնթի է կամ գուցե ավելի վատ: 
Տատս իր երկարամյա դերձակային հմտությամբ կարկատեց տաբատը, բայց ես այն այլևս չհագա (կարկատած շոր հագնելն ավելի ամոթ էր, քան եթե պատռված լիներ): Հիմա կարկատածն էլ է, ասում են, մոդա: 
Մեկ ամիս անց, մայրս էլի աշխատավարձի քառորդ մասը զոհաբերեց... 
«Վռանգլեր» էր... 
Արգելված, բայց տողանի մասնակցած ջինսը, որն, իհարկե, ընդամենը պինդ կտորից տաբատ էր՝ այժմվաններից գուցե շատ ավելի որակյալ: Բայց դա հագուստ չէր միայն, ինչպես հիմա: Այլ իմ՝ ազատ զգալու իրավունքն էր ու արգելքի վրայով անցնելու կամքը: Իսկ իրավունքն ու կամքը երևի չպիտի պատռված կամ կարկատած լինեն:

Արմեն
15-ը հուլիսի 17թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել