Լուիս Ֆեռնանդու Վերիսիմու

Կյանքում առաջին անգամ նա դիետա էր պահում` հետևելով բժշկի բոլոր խորհուրդներին: Նույնիսկ` մարզանք, և դա այն դեպքում, երբ տարիներ շարունակ ափսոսացել էր` անգլիական արտադրության մեքենա չունենալու համար:
- Իսկ ինչո՞ւ հենց անգլիական:


- Որովհետև ղեկն աջ կողմում է: Բացում ես դուռն ու արդեն մայթին ես: Այլևս մեքենայի շուրջ պտտվելու կարիք չկա…
Ու հիմա նույնիսկ մարզանք էր անում, ամեն առավոտ վազում էր: Սպորտային հագուստ էր գնել և ամեն օր` նախքան սուրճը, դուրս էր գալիս վազելու: Տուն էր գալիս` երանության մեջ:
- Մի ընտիր բան եմ բացահայտել:
- Ի՞նչ:
- Թթվածի՜ն:
Բացարձակ հրաժարվեց քաղցրից. հենց ինքը, և սկսեց որոշ դեպքերում մեծ բծախնդրություն ցուցաբերել: Կնոջ հետ քայլում էր հրապարակում, երբ հանկարծ կռացավ մի երեխայի գլուխը շոյելու: Կինը նույնիսկ զարմացավ. ճիշտ է, ամուսինը երեխաներ սիրում էր, բայց դա երբեք ցույց չէր տալիս: Այդ պահին, ամուսինն ուղղվեց ու կնոջ թևից ձգելով` ստիպեց արագացնել քայլերը:
- Գնացինք:
- Ինչո՞ւ ես այդպես շտապում:
- Գողացա երեխայի սառնաշաքարը: Գնանք այստեղից:
Բայց արդեն ուշ էր. երեխան աղմուկ էր բարձրացրել, ստիպված եղան դիմակայել վրդովված մայրերի ու հայրերի բանակին, և նա հարկադրաբար վերադարձրեց սառնաշաքարը:
Հիմա հյուրասենյակի կենտրոնում փորի մկանների մարզանք էր անում: Շարունակ նայում էր հայելու մեջ, շոյում էր փորն ու հարցնում.
- Փոքրացել է, չէ՞: Չի՞ փոքրացել:
Իրականում փորը փոքրացել էր: Դա կնոջն այնքան հետաքրքրեց, որ առանց ամուսնու գիտության, գնաց նրա նոր բժշկի մոտ: Անհրաժեշտ էր իմանալ, թե ով է այդ հրաշքի հեղինակը: Բժիշկն ասաց, որ ոչ մի հրաշք էլ չկա: Երբ կինը հարցրեց՝ ինչպե՞ս է բժշկին հաջողվել համոզել իր ամուսնուն նիհարել (ինչը դեռ ոչ ոքի չէր հաջողվել) բժիշկը ժպտաց ու ասաց.
- Ֆեռեյրինյայի վայրով:
Պատմեց, որ նոր հիվանդին առաջին խորհուրդները տալիս՝ հենց այնպես հարցնում է, թե արդյոք նա ճանաչում է Ֆեռեյրինյային: Ո՞չ: Դե, իմացե՛ք, Ֆեռեյրինյան գտնվում է մի վայրում, ուր ամեն շաբաթ` հանգստյան օրերին, մի խումբ ընկերների ու մի քանի կանանց հավաքում է այնտեղ: Ֆեռեյրինյան շատ կանանց է ճանաչում՝ մոդելներ, միսսեր, նշանավոր կանայք և այլն: Ու ամեն շաբաթվա հանգստյան օրերին, ինչպես Ֆեռեյրինյան է ասում, «Ոսկու տենդ» է սկսվում… Կանայք դուրս են գալիս վազելու Ֆեռեյրինյայի դաշտում, իսկ տղամարդիկ` նրանց հետևից: Ով բռնում է կանանցից որևէ մեկին, գիշերը նրա հետ է անցկացնում: Ամենաարագ վազողներն ամենագեղեցիկներին են բռնում: Ամենաչաղերն ու վատ ֆիզիկական վիճակում գտնվողները ոչ մեկին էլ չեն բռնում: Հիվանդը ցանկանո՞ւմ է դառնալ Ֆեռեյրինյայի ընկերների խմբի անդամ. դրանից հեշտ բան չկա, բժիշկը կծանոթացնի: Բայց, նախքան այդ, անհրաժեշտ է նիհարել: Լավ ֆիզիկական վիճակում լինել` Ֆեռեյրինյայի վայրում անհաջողությունից խուսափելու համար: Հենց հիվանդը պատրաստ լինի, բժիշկը խոստանում է նրան ներկայացնել Ֆեռեյրինյային:
- Բայց, – հարցրեց կինը,- Ֆեռեյրինյայի վայրը իրոք գոյություն ունի՞:
- Ո՛չ վայրը, ո՛չ էլ Ֆեռեյրինյան գոյություն չունեն,- ասաց բժիշկը:
- Իսկ ինչպե՞ս եք վարվում, երբ հիվանդն իրեն պատրաստ է զգում Ֆեռեյրինյայի հետ ծանոթանալու:
Կինը մտածում էր ամուսնու մասին` կատաղության ու ցավի խառնուրդով: Ուրեմն, նա նիհարում է` Ֆեռեյրինյայի վայրում կանանց հետևից վազելու նպատակով. տխմարի մե՜կը… Բայց ի՜նչ հուսախաբություն կապրի` իմանալով, որ նման վայր գոյություն չունի, խեղճ ամուսի՜ն…
-Գիտե՞ք, զավեշտականն այն է,- ասաց բժիշկը,- որ մինչև այսօր իմ հիվանդներից ոչ մեկը չի դիմել՝ Ֆեռեյրինյայի հետ ծանոթանալու խնդրով: Ես ասում եմ. «Կարծում եմ, դուք պատրաստ եք Ֆեռեյրինյայի վայրը գնալու», կամ՝ «Վաղը, ձեզ կծանոթացնեմ Ֆեռեյրինյայի հետ»: Սակայն ոչ ոք իրեն դեռ պայմաններին պատրաստ չի համարում. միշտ ուզում են մի քիչ էլ պարապել:
- Ի՜նչ ցեղ են,- ասաց կինը…
Եվ բժիշկը, ինքն էլ նույն ցեղից լինելով, ստիպված եղավ համաձայնել.
- Ի՜նչ ցեղ են:

Պորտուգալերենից թարգմանեց՝ Անի Վարդազարյանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել