Ամենաազատությունը ներքին ազատությունն է: Ինքնաճանաչողությունը  աճում  է ներքին ազատության չափով: Որքան ազատ եմ լինում ինքս ինձանից, այնքան անկեղծ եմ սեփական մտադրություններիս  մեջ, լուսավորվում են դիմագծերս և դրանց  ծամածռությունների հնարավորությունները ավելի մեծ են դառնում, ավելի իրական: Խաղում եմ իմ խաղը, մեկին հարազատ, սակայն խանգարող, մյուսին չվերաբերվող, սակայն խանգարող: Հետո քիչ -քիչ դեն եմ նետում մթոտ  վախերս, ընկնում եմ, բարձրանում, սպիանում են ընկնելուց հետո առաջացած վերքերը և այդպես ինքնակատարելագործվում եմ:

Որոշ ժամանակ առաջ չէի հասկանում նրանց, ովքեր «անազատ» էին համարում սիրուհիներից և սիրեկաններից  զերծ «ընտանիքը»: Ամեն անգամ խռովում էի, կարծելով ապտակ են հասցնում հասարակական բարոյական արժեքներին, ցավեցնում երեսը բոլորիս դիմագծերով...: Մտածում էի կծերանանք ժամանակից շուտ, մինչև որ աչքիս ամեն ինչ բաժանվեց, էլ ինձ չի խանգարում դիմացի դիմակը , կողքի դիմակը, ետևի դիմակը...  արդեն ունեմ իմ դիմակը,ավելի լուսավոր, իրական և շատ ծամածռվող...:

 Իմ ամենաազատությունից հետո և  իմ դիմակը հասարակության դիմակից տարանջատելուց, ինքնահղկումից առաջ  ազնիվ եղա ինքս ինձ հետ և հասկացա սիրելու իմ  և սիրելու քո ձևը, սիրո դրսևորումներում իմ և քո  ձևերը: 

Հեռանում եմ մեր խաղից, ուր իմ ամենաազատությունում, իմ սիրո մեջ վերջանում է քո ամենաազատությունը, քո սերը… 

«Միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում

Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբար…»

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել