Իսկ դուք գիտե՞ք, որ Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի կողմից 2015թ․ հուլիսին որդեգրած փոքրիկ Ամինան իրականում Իլհամ Ալիևի ապօրինի դուստրն է...
Այս մասին euroasiainfo.com կայքէջում մի հետաքրքիր հոդված է հրապարակվել (հոդվածն այստեղ)։
Հեղինակը գրում է, որ երեխայի կենսաբանական մայրն է հանդիսանում «Ադրբեջանական ավիաուղիներ» (AzAl) ընկերության նախագահ Ջահանգիր Ասկերովի դուստրը՝ Ջամիլա Ասկերովան...
Երկար ժամանակ երեխայի լուսանկարը որևէ տեղ չի հրապարակվել, միայն Ալիևի 55-ամյակին է հայտնվել նախագահի որդու՝ Հեյդար Ալիևի ինստագրամի էջում։ Հոր և դստեր լուսանկարը լայն տարածում է գտել համացանցում, չնայած որ քիչ անց այն հեռացվել էր Հեյդարի էջից։
Ալիևի և Ասկերովայի միջև եղած կապի մասին հայտնի է դարձել Մեհրիբան Ալիևային, ում հրահանգով հեռախոսազանգերի գաղտնալսումներ և գաղտնի տեսանկարահանումներ են կազմակերպվել։ Այդ միջոցառումները կազմակերպվել են Մեհրիբանի հայրական «Փաշաևյան կլանին» լոյալ՝ ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի և կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Ալի Աբասովի կողմից։
Չնայած որ այդ ամենից հետո Մահմուդովի և Աբասովի հարազատներից շատերի նկատմամբ Ալիևի հրամանով ճնշումներ և քրեական հետապնդումներ են իրականացվել, այնուամենայնիվ, նրանք մնացել են անպատիժ և մինչ օրս գտնվում են ազատության մեջ։ Պատճառն այն է, որ այդ գաղտնալսումների ընթացքում նրանց ձեռքերում ալիևյան կլանի մասին բավականին վարկաբեկիչ տեղեկություններ են հայտնվել։
Հոդվածում նշվում է նաև, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում իրականացված աղմկահարույց ձերբակալություններն ու «տոտալ մաքրումները» կապված են այդ գաղտնալսումների հետ։
Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաևը, ով համարվում է, այսպես կոչված, «Ադրբեջանական Վիկիլիքսի» հեղինակը, 2016 թվականին այդ գաղտնալսումների մասին մի տեսանյութ էր հրապարակել․