Բլոտ խաղալիս, եթե չեն խաղում «չոր թիվ», կան կոդային հայտարարություններ, որոնք նշանակում են որևէ բան, որը ասել իրավունք չունես, բայց նկատի ունես։ Ասում ես «պոդդերժկա», այսինքն՝ հուշում ես խաղընկերոջդ, որ տուզերից մեկը քեզ մոտ է։ Ասում ես «մի հատ ավել», նկատի ունես, որ ընկերոջդ առաջարկած կոզրի վալետը կամ 9-ը քեզ մոտ է։
Արցախի Պաշտպանության նախարարությունը ժամանակ առ ժամանակ հայտարարում է սահմանին խախտումների մասին։ Որպես կոդային հայտարարություն նշում է դիրքը՝ հյուսիսային ուղղություն, հյուսիսարևելյան ուղղություն, արևելյան հատվածում կամ հարավարևելյան հատվածում։ Սրանք կարդալով՝ բոլորը հասկանում են, որ խոսքը գնում է Քարվաճառի/Շահումյանի, Մարտակերտի, Ակնայի կամ Մարտունի/Ջաբրայիլի մասին։
Բոլորն ամեն ինչ հասկանում են, բայց չեն ասում։ Ու եթե բլոտում չեն ասում, քանի որ զավեշտալի է խաղընկերոջդ ասել՝ «Վայ, ինչ լավա՝ տուզ ունեմ մի հատ, արխային խաղա», ապա նպատակը Արցախի ՊՆ մամուլի հաղորդագրություններում կոդավորել ուղղությունը, որը բոլորը հասկանում են, հասկանալի չէ։
Նույն կերպ ժամանակին գրում էին «N զորամասում» տեղի է ունեցել որևէ բան։ Ամեն անգամ հիշում էի Իլֆին ու Պետրովին իրենց «N քաղաք»-ով։ Ինչո՞ւ է պետք բարդացնել հաղորդագրությունը ու գրել «N զորամաս», եթե կարելի է գրել «զորամասերից մեկում»։ Հիմա այս մեկը կարծես հասկացել են ու գրում են ուղղակի «զորամասերից մեկում»։ Բայց ինչու է պետք կոդավորել այն, ինչը կոդավորելու կարիք չունի։ Ինչու է պետք բարդացնել հաղորդագրությունը, որը ունի նպատակ առավել լայն տարածում ստանալու ու լսելի դառնալու։
«Что б никто не догадался»? Եթե գաղտնի տեղեկություն եք տարածում ինքներդ ձեր մեջ, ու կա վտանգ, որ տեղեկությունը դուրս կգա, որ հանկարծ վնաս չհասցնի, ապա հասկանալի է։ Իսկ եթե հանրային լսարանի համար եք գրում տեքստերը, պարզեցրեք, դարձրեք մարդամոտ, հասկանալի ու հետևում թողեք սովետից մնացած անիմաստ կոնսպիրոլոգիան։