
![]() |
Քաղաքական մեկնաբան |
Ավագանու ընտրություններին ընդառաջ` շատերս առաջին հերթին նայում ենք ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակների առաջին դեմքերին՝ շատ ժամանակ ուշադրություն չդարձնելով, թե ովքեր են ընդգրկված քաղաքական ուժերի ցուցակներում: Մրցունակ ցուցակների առկայությունը կարևոր է նրանով, որ առանց պրոֆեսիոնալ թիմի՝ այս դեպքում ավագանիների, անհնար է քաղաքապետից առավելագույն արդյունք ակնկալել: Դա է այն հիմնական պատճառներից մեկը, որ կուսակցություններն ու դաշինքները «մրցունակ քաղաքապետացու» փնտրելուց բացի` քաղաքապետարան պետք է նաև պրոֆեսիոնալ, քաղաքային տնտեսության նրբություններին տիրապետող թիմ գործուղեն:
Մայրաքաղաքում ավագանիների ինստիտուտը նոր է ներդրվել և որոշակի ճանապարհ անցնելու խնդիր ունի (ավելի վաղ այլ մոդել էր գործում): Ընդհանուր առմամբ, դժվար է ասել, որ մարզերում այն լուրջ հաջողություններ է գրանցել, մանավանդ՝ գյուղական համայնքներում ավագանիների առկայությունը ոչ մի էական բան չի փոխում: Առանց լուրջ ուսումնասիրության էլ ակնհայտ է, որ այդ համակարգում պետք է շտկումներ, փոփոխություններ իրականացվեն:
Երևանի պարագայում խնդիրը մի փոքր այլ է: 2009 թվականին ընդունվեց Երևանի մասին օրենքը, որի հիման վրա էլ տեղի են ունենում այս ընտրությունները: Ի տարբերություն գյուղական համայնքների՝ այստեղ ընտրությունը տեղի է ունենում համամասնական կարգով, ինչը բավականին մեծացնում է նաև կուսակցությունների դերակատարությունը:
Որքան էլ քաղաքական ուժերը հայտարարում են ընտրություններին մասնակցելու իրենց լուրջ նպատակների մասին, ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակների վերլուծությունը ցույց է տալիս, որ 1-2 ուժեր են մրցունակ, պրոֆեսիոնալ ցուցակներ ներկայացրել (այն էլ՝ վերապահումներով):
Մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործին ներգրավվելու համար կուսակցությունները, որոշակի համամասնությամբ, իրենց ցուցակներում պետք է առաջին հերթին ընդգրկեին քաղաքային տնտեսության մասնագետների, տնտեսագետների, իրավաբանների, նաև՝ մարդկանց, ովքեր ընդգծված ասոցացվում են Երևան քաղաքի հետ (հեղինակություն են վայելում):
Քաղաքական ուժերը նախևառաջ պետք է մտածեն սրա մասին, այլ ոչ թե ընտրություններից առաջ մտածեն, թե ինչպիսի ինտրիգներ մտցնեն, մրցակիցների թիրախավորեն ու լրիվ այլ հարթության մեջ (շատ ժամանակ անձնական) քննադատության ենթարկեն, հասարակությանը «ավանդական» խոստումներ տան, իսկ վերջում բողոքեն արդյունքի բացակայության համար: